«ՀՀ-ԵՄ հարաբերություններում բացթողումներ է ունեցել թե՛ հայկական, թե եվրոպական կողմը». Կ.Բեքարյան

Ձեզ ենք ներկայացնում «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Կարեն Բեքարյանի հարցարզրույցի 1-ին մասը՝ ՀՀ ինտեգրացիոն գործընթացների, կողմերի բացթողումների և առավելությունների մասին: Հարցազրույցի 2-րդ հատվածում փորձագետը կանդրադառնա ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման հեռանկարներին և համագործակցության հնարավոր նոր ձևաչափերին:

- Հուլիսին Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտից հետո ի՞նչը խանգարեց Հայաստանին նախաստորագրել համաձայնագիրը ԵՄ-ի հետ: Արդյո՞ք այդ պահի դրությամբ հայկական կողմն իրապես մտադիր էր գնալ նախաստորագրման, թե՞ դա օգտագործված հնարավորություն էր՝ ապացուցելու, որ մեր երկիրը բավարարում է սահմանված չափանիշներին:

- Ես կցանկանայի պատճառն ու հետևանքն իրարից տարանջատել: Այնպես ստացվեց, որ բանակցությունները հաջողությամբ ավարտված էին, և Հայաստանը դրանով ապացուցել էր, որ այդ պահի դրությամբ բավարարում է սահմանված չափանիշներին, մեր առջև չկար դրված նախապայման՝ ի տարբերություն գործընկեր այլ երկրների: Այսինքն՝ ճիշտ է՝ փաստաթուղթը կասեցվում է, չի նախաստորագրվում, սակայն Հայաստանն այդ արդյունքն արդեն իսկ արձանագրել էր իր համար:

Բայց ես չեմ կարծում, որ պատճառը կարելի է դրա մեջ տեսնել, պատճառն այլ էր: Այն ավելի խորքային է, բավական բազմաֆունկցիոնալ: Գուցե պատճառը երկու կողմերի՝ տարբեր լեզուներով խոսելը և փոխադարձաբար չհասկացված լինե՞լն է։

Եթե խոսենք ՀՀ-ի մասին, ես ավելի քան համոզված եմ, որ Հայաստանը մինչև վերջ էլ շարունակել է հավատալ, որ «և՛-և՛» բանաձևը հնարավոր է: Մենք չենք հրաժարվել Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումից, սեպտեմբերի 3-ի՝ Մաքսային Միությանը միանալու հայտարարությանը հաջորդած եվրոպական արձագանքն անհնար դարձրեց դա: Սա էլ պետք է հասկանալ. այս խնդրում կան թերի, կիսատ գործողություններ թե՛ ՀՀ-ի, թե՛ ԵՄ-ի կողմից:

- Որո՞նք են այն հիմնական բացթողումները, որ խոչընդոտեցին «և՛-և՛» բանաձևի կյանքի կոչմանն ու բարդություններ ստեղծեցին հարաբերությունների հետագա զարգացման համար։

- Առաջինը կնշեի սեպտեմբերի 3-ին ՄՄ-ին անդամակցելու հայտարարությանը հաջորդած գործընթացը: Մենք ինքներս ենք հռչակել և կողմնակից եղել «և՛-և՛» բանաձևին։ Առնվազն առաջին հայացքից ՄՄ-ին միանալն ունի շատ օբյեկտիվ նախապայմաններ ու պատճառներ, սակայն սա առանձին թեմա է: Ընտրելով այս ուղին՝ մենք համարեցինք, որ ոտնահարո՞ւմ ենք մյուս գիծը կամ հրաժարվում դրանից, թե՞ ոչ: Սա էական հարց է:

Եթե մենք մեր ՄՄ-ին անդամակցելը դիտարկել ենք «և՛-և՛» գծի ներքո, դա իր հետ պիտի մի փոքր այլ քայլեր բերեր, քան ունեցանք սեպտեմբերին: Օրինակ՝ սեպտեմբերի 4-ին պետք չէր հայտարարել, որ մենք պատրաստ ենք գնալ Ասոցիացիայի այնքանով, որքանով դա չի խանգարում ՄՄ-ին: Դա արդեն շեղում էր «և՛-և՛» սկզբունքից: Իրականում հայտարարությունը կարող էր ամբողջովին այլ լինել:

Ի դեպ, մեր կառույցը` «Եվրոպական ինտեգրացիան», այդ օրերին հայտարարությամբ հանդես եկավ, որի հիմքում ընկած էր այն մոտեցումը, որ եթե մենք ՄՄ մուտք գործելու հայտ տվեցինք, դրանից դեռևս չի հետևում, որ մի ինտեգրացիոն գործընթացը կարելի է ստորադասել մյուսին: Դրանից լրիվ այլ բան պիտի հետևեր, օրինակ՝ եռակողմ բանակցությունների (ՀՀ-ԵՄ-ՄՄ) Հայաստանի նախաձեռնություն՝ հասկանալու համար, թե կան արդյո՞ք հակադրվող դրույթներ այդ երկու գործընթացներում: Նպատակը պետք է լիներ երկու ինտեգրացիոն գործընթացների միջև բախվող թեզերի դուրսբերումը, դրանց վրա աշխատանք տանելը:

Ասեմ ավելին՝ այդ մոտեցման սխալ ուղղությամբ մի փոքր տրանսֆորմացված նախաձեռնությամբ այնուհետև հանդես եկավ Ուկրաինան: Յանուկովիչի կողմից եղավ հայտարարություն, ՌԴ-ն դրական պատասխան տվեց, եվրոպացիները մերժեցին: Յանուկովիչի սխալն այն էր, որ նրբություններն այնքան էլ հաշվարկված չէին, այն, ինչ առաջարկում էր մեր կառույցը, քաղաքական բարձր մակարդակի բանակցություններ չէին: Մինչև քաղաքական բարձր մակարդակի բանակցություններին հասնելը պետք էր մասնագիտական, տեխնիկական բանակցություններ ապահովել, ինտեգրացիոն գործընթացների համակցում կոչվածը քաղաքականացումից դուրս բերել մաքուր մասնագիտական դաշտ, հասկանալ իրական բախումը: Անձամբ ինձ համար մինչև հիմա պարզ չէ՝ արդյո՞ք շահարկվող բախումն իրական է, թե՞ ոչ, և եթե իրական է, ինչքանո՞վ:

Այս տեխնիկական բանակցությունը պիտի տային այդ հարցերի պատասխանները, յուրաքանչյուր թեզի վերաբերյալ տրվեին եզրակացություններ և առաջարկներ: Դրանից հետո միայն երկու երկկողմ ձևաչափերով՝ ՀՀ-ՄՄ, ՀՀ-ԵՄ, փորձ արվեր տրված առաջարկների հիման վրա հաղթահարման ուղիներ մշակել: Այդ դեպքում «և՛-և՛»-ը կգործեր, որոշ դեպքերում վերապահումների անհրաժեշտություն կլիներ: Օրինակ՝ ԽՀԱԱՀ-ն կստորագրվեր որոշ վերապահումներով, նույնը կարվեր ՄՄ-ում, բայց դրա վրա աշխատանք էր պետք անել, ոչ թե միանգամից մեկը մյուսով ստորադասել: Չարվեց՝ բացթողում է:

Երկրորդ թերացումը հանրության հետ աշխատանքում էր: Արդյո՞ք երկրի ներսում այս գործընթացների ընկալումը համարժեք է այն ամենին, ինչ տեղի է ունենում, կարծում եմ՝ ոչ: Շատերն ասում են, որ մեր երկրում չի եղել Ուկրաինայում առկա խնդիրը հասարակության կարծիքների 50-50 բաշխման հետ կապված, և որ իրական հետազոտություն անելու պարագայում կպարզվեր, որ ՄՄ-ի կողմնակիցների թիվն էապես մեծ է: Նույնիսկ այդ պարագայում եվրաինտեգրման կողմնակից 3%, 20 %, 30 %, թե 80 %-ը մեր քաղաքացիներն ու մեր ժողովուրդն են, որոնց ընկալման համար պետք էր աշխատանք տանել և թույլ չտալ օտարում ընթացիկ գործընթացներից՝ անկախ նրանից, թե նրանք ինչ տոկոս են կազմում:

Երրորդ բացթողումը Եվրոպայի հետ աշխատանքում էր: Եվրոպացիների մոտ ոչ թե չինովնիկների մակարդակով, որոնք վարել են բանակցությունները և, կարծում եմ, արտակարգ տեղյակ են եղել զարգացման ընթացքից, այլ եվրոպական հանրության շրջանում որքանո՞վ այս ամենն ընկալվեց ու մարսվեց: Պետք է աշխատանք տարվի նրանց այս ամենը հետևողական ներկայացնելու, բացատրելու համար: Աշխատանքն անհրաժեշտ է, գո՞հ եմ արդյոք տարվող աշխատանքից, իհարկե, ո՛չ:

Այս ամենը վերաբերում էր հայկական կողմի բացթողումներին, սակայն եվրոպական կողմը նույնպես թերացումներ է ունեցել: Եվրամիությունը՝ որպես շատ փորձառու, մեծ ճանապարհ անցած, մեծ քանակությամբ կարգավորիչներ ունեցող կառույց, չէր կարող չպատկերացնել, որ այս խնդիրներն առաջանալու են, և պետք էր հասկանալ գործընկերների վիճակը, որպեսզի գործընթացն այսքան չքաղաքականացվեր և դառնար այն, ինչ դարձավ: Բազմաթիվ խոստումներ են տրվել, սակայն ոչ բոլորն են ի կատար ածվել: Անհավատալի է, բայց փաստ, որ տարիներ ի վեր եվրոպացիների կողմից Հայաստանին խոստացված դոնորների համաժողովն այսօր Ռուսաստանն է նախատեսում կազմակերպել: Չգիտեին արդյո՞ք Եվրոպայում, որ հայ-թուրքական փակ սահմանը նաև փակ սահման է ՀՀ-ի և ՆԱՏՕ-ի միջև՝ դրանից բխող անվտանգության բոլոր խնդիրներով, փակ սահման է Հայաստանի և ԵՄ Մաքսային տարածքի միջև, քանի որ Թուրքիան ԵՄ Մաքսային միության լիիրավ անդամ է, և հետևաբար ցանկացած տնտեսական ինտեգրացիայի արդյունավետությանը հարված հասցնող աննկարագրելի պոտենցիալ ունի իր մեջ:

Այսքանի հետ մեկտեղ, համոզված չեմ, որ այս ընթացքում տեսել ենք Թուրքիային ուղղված հետևողական քայլեր սահմանի բացվելու կապակցությամբ: Միգուցե ցանկությունը մեծ է, և չի ստացվում, բայց այդ քայլերն ու չստացվելը պիտի տեսանելի լինեն: Եվ, վերջիվերջո, ԵՄ-ն ՌԴ-ի հետ համագործակցում է և շատ դեպքերում ունի ռազմավարական գործընկերություն, կարելի էր գործընկերներին առնչվող խնդիրներում միմյանց հետ ավելի քաղաքակիրթ դաշտում հարաբերվել, ոչ թե խնդիրը սրել՝ հասցնելով այն վիճակին, որի առաջ այսօր կանգնած է, օրինակ, Ուկրաինան:

Աղբյուրը՝ “Արմեդիա” ՏՎԳ