«Ժամանակն է ստեղծել եվրաինտեգրման նախարարություն». Կ.Բեքարյան

Ձեզ ենք ներկայացնում «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Կարեն Բեքարյանի հարցարզրույցի 2-րդ մասը՝ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման հեռանկարների և համագործակցության հնարավոր նոր ձևաչափերի վերաբերյալ: Նախորդ մասում փորձագետն անդրադարձել էր ՀՀ ինտեգրացիոն գործընթացներին, կողմերի բացթողումներին և առավելություններին:

- ՀՀ-ի և ԵՄ-ի միջև համագործակցությունը շարունակելու համար կարևոր է երկու կողմերի քաղաքական կամքը, որն ամրագրվեց համատեղ հայտարարությամբ: Որո՞նք են լինելու կամքի ցուցադրման և հայտարարությամբ ամրագրված պայմանավորվածությունների կյանքի կոչման գործիքները:

- Հայաստանի կողմից պետք են առկա թերացումները լրացնող կամ լուծող էական քայլեր: Առաջին հերթին՝ երկրի ներսում։ Միգուցե ժամանակն է մեծ թափ հաղորդել թողած թերությունների հարթմանը և դրա հետ կապված իրական քայլեր ձեռնարկել։ Կարևոր է, որ դրանք լինեն ոչ թե իմիտացիոն, այլ իրական, որոնց համար մենք հաշվետու կլինենք մեր հանրության և ոչ թե արտաքին աշխարհի առաջ։ Այդ իմաստով միգուցե վատ չէր լինի վերջապես հիմնել եվրաինտեգրման նախարարություն՝ հիմքում դնելով իրական բովանդակություն։ Դա պետք է անել ոչ թե այն պատկերացմամբ, որ կառույցը եվրոպացիների համար է և նրանց գործընկերն է, այլ ամբողջ նպատակը պիտի լինի եվրոպական արժեքային համակարգին, հասած արդյունքներին հարիր մոդելները երկրի տարածքում տեղայնացնելն ու դա անելը բավականին համակարգված ձևով:

Խորհրդարանի պարագայում երևի վաղուց ժամանակն է ունենալ իրավական ակտերի եզրակացությունների տարրը՝ եվրոպական չափորոշիչներին համապատասխանության մասով։ Եվ դա անել ոչ թե նրա համար որ Եվրապան մոդայիկ է, ո՜չ: Եթե դու տեսնում ես, որ այդ արդյունքները դրական են և ուզում ես դրանք քո երկիր բերել, դա միայն ուզելով չի լինում: Դրա համար իրական աշխատանք է պետք տանել:

Ես անգամ կառաջարկեի խստացնել իրավական այն ակտերը, որոնք քաղաքական մշակույթ ստեղծելու հետ առնչություն ունեն, էապես խորացնել և իրապես կիրառել կոռուպցիային, մենաշնորհներին, պաշտոնական դիրքի չարաշահումներին վերաբերող իրավական ակտերը և այլն: Որ իրեն շատ «լավ զգացող» կոնտինգենտը, որ կարծում է, թե «ազատվեց» եվրոպացիներից և նրանց վերահսկողությունից, հասկանա, որ երկրի արտաքին գերակայությունը, երկրի նորմալ զարգացումը (այն էլ այն երկրի, որը չկարգավորված հակամարտության պատճառով մշտապես ունի բարձր զարգացվածության ցուցանիշի, սեփական ներքին ուժերի լիակատար կոնսոլիդացիայի կարիք) մի հարց է, սեփական շահն՝ այլ: Եվ դա շատ բնական է:

Երկրորդ էական բաղադրիչ կարող է լինել համագործակցությունն ԱլԳ երկրների հետ։ Կարելի է կարգավորել, հստակեցնել օրակարգերը և հանդես գալ մի քանի ձևաչափերի նախաձեռնությամբ, օրինակ` ՀՀ-Վրաստան։ Մենք երկկողմ օրակարգի բավական մեծ խնդիրներ ունենք, որոնք կարող են լինել այդ թվում կամ առաջին հերթին եվրաինտեգրման առաջնայնության ներքո։ Մենք պիտի կարողանանք բավական մեծ թվով հարցերում ժամացույցներն իրար հետ ստուգել, որպեսզի թույլ չտանք գործընթացների բևեռացում և դրա արդյունքում, մեր հարաբերություններում նոր խնդիրների արձանագրում, որոնց հարկ կլինի անդրադառնալ ֆորս-մաժորային պայմաններում։ Հաշվի առնելով եղբայրության, դարավոր բարեկամության մասին հայտարարությունները՝ ժամանակն է երկկողմ ձևաչափով օրակարգ սահմանել ՝ հաշվի առնելով այն ամենը, ինչ տեղի է ունենում ինտեգրացիոն գործընթացների բավական ծանր, քաղաքականացված ընթացքի ներքո:

Կարծում եմ՝ մենք ունենք ՀՀ-Ուկրաինա ձևաչափի կարիք, որովհետև տարբեր ուղղություններում առաջացող խնդիրները բավական մեծ մասով մոտ են ու նման, հետևաբար կարելի է ջանքերը կոնսոլիդացնել և այդ ձևաչափն ունենալով՝ շատ ավելի վստահ լինել գործընկերներից յուրաքանչյուրի հետ հարաբերություններում՝ թե՛ ՄՄ-ի, թե՛ ԵՄ-ի հետ:

Ունենք նաև ավելի փոքր օրակարգով քառակողմ ձևաչափի անհրաժեշտություն՝ ՀՀ-Վրաստան-Մոլդովա-Ուկրաինա։ Այստեղ հատումներն ավելի քչանում են՝ ի համեմատ Ուկրաինայի և Վրաստանի հետ բավական մեծ օրակարգերի։ Կողմերը պիտի զգան, որ եթե իրենցից յուրաքանչյուրը կարողանում է կոնսոլիդացնել իր ռեսուրսները, կարող է նաև կոնսոլիդացնել ընդհանուր համակարգը, և համատեղ հանդես գալ ինչ-որ հարցերում՝ մեծացնելով թե՛ ԱլԳ երկրների կշիռը, թե՛ քաղաքական մշակույթը, թե՛ նրանց ընկալելի լինելն ու շահերի պաշտպանության մակարդակը։

Եթե անդրադառնանք ԵՄ-ին, իհարկե պետք է շատ կարճ ժամանակ անց՝ ընդամենը հունվարի կեսին կամ վերջերին սկսել բանակցությունները ՀՀ-ԵՄ օրակարգի և այն հաստատող գործիքների, կարգավորիչների, ստորագրվելիք փաստաթղթի, ամեն ինչի վերաբերյալ: Փաստաթղթի անվանումը կարևոր չէ, կարևորը նրա բովանդակությունն է: Թող չլինի Ասոցացման համաձայնագիր, թող լինի, օրինակ՝ Հայաստան-ԵՄ ռազմավարական գործընկերության համաձայնագիր:

- Անդրադառնանք Ձեր նշած Եվրաինտեգրման նախարարությանը. չե՞ք կարծում, որ թե՜ երկրի ներսում, թե՜ դրսում այն հակասական կարծիքները կառաջանան, որ սա Հայաստանում Եվրոպայի ևս մի ներկայություն է, ևս մի եվրոպական գործիք:

-Նորից շատ կարևոր հանգամանք. մի՜ կենտրոնացեք անվանումների վրա: Եկեք անունը պայմանական դնենք «ռեֆորմների նախարարություն», հարցը կփակվի՞: Խնդիրը պետք է դրված լինի բովանդակության և նպատակի մեջ: Նախարարությունը շատ կարևոր է, որպես մեր ընթացքը համակարգող օղակ՝ եվրոպական արժեհամակարգի, եվրոպական մոդելի, եվրոպական իրավական ակտերի, նրանց դրական արդյունքների իմպլեմենտացման իմաստով: Դրա անունը կլինի «եվրաինտեգրման նախարարություն», թե «քաղաքական կամքի նախարարություն», բոլորովին էական չէ: Կարևորը բովանդակությունն է:

- Որո՞նք են լինելու ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման համար հենման կետերը: Արդյո՞ք, դրանք նույնն են, ինչ ԱլԳ մյուս գործընկերների մոտ:

- Հենման կետերը քիչ չեն, բայց եկեք հարցին այլ կողմից նայենք: Ասոցացման համաձայնագիրը նախաստորագրելու համար բանակցությունները ՀՀ-ն հաջողությամբ ավարտել է, և ավարտելու վերաբերյալ հայտարարությունը եղել է Վրաստանից 24 ժամ տարբերությամբ: Թող այժմ մեր եվրոպական գործընկերները հաշվարկեն` որքան գումար են ծախսել այս տարիների ընթացքում Վրաստանի հետ արդյունքի վրա և որքան Հայաստանի: Արդյո՞ք այդ ծախսած գումարի կամ ներդրումների տարբերությունը չափվում է 24 ժամով:

Երկրորդ էական հանգամանք. ստորագրման սպասող Ուկրաինա, և իր փուլում նախաստորագրող Հայաստան: Վերջինս չունի իր առջև դրված որևէ նախապայման, չկա ոչ մի չկատարված պարտավորություն, և Ուկրաինա, որը 3 գծերով ունի չլուծված խնդիրներ: Դրա հետ մեկտեղ այն հանգամանքը, որ Հայաստանը չի հրաժարվել Ասոցացման համաձայնագրի ստորագրումից, այլ գործընթացը կանգ է առել եվրոպական կողմի նախաձեռնությամբ, և Ուկրաինա, որը որոշում է կայացրել դադարեցնել ԱՀ ստորագրման նախապատրաստման գործընթացը։ Տարբերություններն ակնառու են։

Սրանք հենման կետեր են հետագայում գործընթացը նորմալ զարգացնելու համար, և համարել, որ ամեն ինչ վերջացել է և չափանիշն անվանումն է` Ասոցացման համաձայնագիր, այս պարագայում ծիծաղելի կլինի:

Հարցազրույցի հաջորդ հատվածներում Կ.Բեքարյանը կխոսի բարեփոխումների շարունակման, Ուկրաինայում ստեղծված իրավիճակի, ինչպես նաև տարածաշրջանի չկարգավորված հակամարտությունների՝ ինտեգրացիոն գործընթացների վրա ունեցած ազդեցության մասին:

Աղբյուրը՝ “Արմեդիա” ՏՎԳ