«Բարեփոխումները Հայաստանում պետք է շարունակվեն առաջին հերթին մեզ համար». Կ.Բեքարյան

Ձեզ ենք ներկայացնում «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Կարեն Բեքարյանի հարցարզրույցի 3-րդ մասը՝ նվիրված ՀՀ-ում ընթացող բարեփոխումների գործընթացին: Նախորդ երկու մասերում (ՄԱՍ I և ՄԱՍ II)փորձագետն անդրադարձել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման հեռանկարներին,համագործակցության հնարավոր նոր ձևաչափերին, ինչպես նաև ՀՀ ինտեգրացիոն գործընթացներում կողմերի բացթողումներին և առավելություններին:

- Որքանո՞վ են ամրապնդված Հայաստանում տարբեր ոլորտներում տեղի ունեցած բարեփոխումները: Նոր իրավիճակում բավական ջանք կներդրվի՞ արդյոք դրանք պահպանելու և խորացնելու ուղղությամբ, թե՞ հավանական է, որ հետընթաց արձանագրվի:

- Լավ հաշվարկված, սեփական հնարավորություններն ու նախաձեռնությունները որոշակի «դոգմաներով» չկաշկանդած հնարավորությունների բավականին մեծ ճակատ կա՝ քաղաքական կամքի իրական առկայության պարագայում: Բայց պետք է փորձել մեր երկիրը հստակ պատկերացնել, հայացք գցել հետ, հասկանալ՝ որտեղ էին հիմնական խնդիրները, որպեսզի շարունակությունը նույնպես պարզ դառնա:

Հուլիսի արդյունքն իրական և էական էր, ինչից բխում է երկու բան: Առաջին, եթե մենք ցանկանում ենք, որ հուլիսյան արդյունքի վրա հենվեն եվրոպացիները (իսկ մենք ուզում ենք, որ եվրոպացիներն այդ արդյունքի վրա հենվեն), մենք ինքներս էլ պիտի հենվենք դրա վրա: Այսինքն, եթե ՀՀ-ն կարողացել էր ինչ-որ թափ հաղորդել գործընթացին և թռիչքաձև զարգացումներ ապահովել եվրոպացիների կողմից սահմանված չափորոշիչներով, այժմ մեր կողմից տեմպի դանդաղեցումը կամ այն որևէ կերպ հարվածի տակ դնելը կդառնա աննկարագրելի տրիվիալ և տհաճ իրողություն առ այն, որ Հայաստանն այդ ամենը անում էր արտաքին աչքի համար՝ առանց զգալու և հասկանալու, որ դա առաջին հերթին իրեն էր պետք:

Հետևաբար, առավել ևս այս իրավիճակում կա շատ հստակ բանաձև, մեր ներքին բարեփոխումները, բոլոր ուղղություններով արված աշխատանքն ու առկա թերությունների վերացումը, որոնց շարքը փոքր չէ (դատական համակարգի թերություններ, կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության խնդիր, մենաշնորհների հետ կապված հարց և այլն), հարկ է շարունակել: Հասել է ճշմարտության ժամը՝ անկախ գործընթացից, անկախ որևէ կողմի ազդանշանից, եթե մենք հետևողական աշխատանք տանենք այդ ուղղություններով, էլ չեմ ասում՝ ավելի մեծ թափ հաղորդենք՝ հետ չմնալով որևէ երկրից, անկախ նրանց՝ Ասոցացման Համաձայնագիր նախաստորագրած կամ ստորագրած լինելուց, դա ամենամեծ ու էական ազդակը կլինի: Մենք կապացուցենք, որ մեր կողմից մինչ այժմ արված հավաստիացումները, որ այդ ուղղությունը մեր համար կարևոր և գերակա է, հիմնավոր են և կյանքի են կոչվում։

Հակառակ դեպքում դրանք կլինեն ընդամենը խոսքեր, որոնք այս ամենը չկատարելու պարագայում շատ արագ հիասթափություն կառաջացնեն թե՛ գործընկերների մոտ, թե՛ սեփական հանրության ներսում: Եվ, վերջիվերջո, հետ ենք գալիս հիմնական ակունքին՝ եվրաինտեգրումը մե՞զ է պետք, թե՞ եվրոպացիներին: Եթե մեզ, ապա ո՞վ է դռները փակել մեզ համար այդ գործընթացը առավելագույնս արդյունավետ իրականացնելու ճանապարհին: Եթե այդ ընկալումը կա, պետք է դուրս գալ բոլոր ձևերից, բոլոր իմիտացիաներից և այդ ուղղությամբ անել իրական քայլեր: Դրանով նաև քաղաքական մշակույթի էական զարգացում կարձանագրվի՝ մենք երկրում բան ենք կառուցում ոչ թե դրսում, այլ մեր քաղաքացիներին հաշվետու լինելու համար: Նման մոտեցումը չի կարող որևէ մեկի կողմից աննկատ մնալ իրենից բխող բոլոր հետևանքներով: Չե՞նք անի դա, ուրեմն մենք ինքներս մեզ ենք խաբել, որ այդ արժեքային համակարգի մաս ենք, և այդ դեպքում պետք չի որևէ մեկից նեղանալ, վիրավորվել և այլն…

Այստեղ ևս մեկ էական հանգամանք կա: Այդ քայլերի, գործողությունների իրականացումն ու առաջ մղումը բոլորի խնդիրն է. իշխանությունների՝ որպես գործընթացի հիմնական պատասխանատուի, ընդդիմության՝ որպես ինստիտուցիոնալ կարևորագույն միավորի, քաղաքացիական հասարակության, բիզնեսի, անխտիր բոլորի: Իրական եվրաինտեգրման մեխն ու բանաձևն իրականում այդտեղ է դրված, դժվար է ասել՝ մենք դա ունա՞կ ենք իրականացնել, թե՞ ոչ: Հե՞շտ է, իհարկե՝ ոչ: Բացատրեմ ինչու ոչ:

Առավել քան վստահ եմ, որ մեր հասարակության որոշակի խավի մոտ ուրախություն է առաջացրել այն հանգամանքը, որ Ասոցացման համաձայնագրի ստորագրման գործընթացն այն վիճակում է, ինչ որ կա, և որ մենք գնում ենք դեպի Մաքսային Միություն: Իրենց համար սա ընկալելի աշխատաոճի լեզու է, հիմքում այն մոտեցումն է, որ «ազատվեցինք եվրոպական ավելորդ պահանջներից, մենք՝ մեր դուքյանը» ՝ իրենից բխող բոլոր հետևանքներով: Եթե երկրի ներսում այդ «մենք՝ մեր դուքյանը» թեզը հաղթեց, դա վերջի սկիզբն է լինելու: Եթե անկախ ֆորմալ գործընթացից այդ թեզը չհաղթի, դա բերելու է այն դրական արդյունքներին, որոնցից ինքներս էլ զարմանալու ենք:

- Հայաստանի հետ համագործակցության ԵՄ հնարավոր նոր գործիքները, ըստ Ձեզ, ավելի մե՞ծ աջակցություն կենթադրեն, թե՞ ավելի փոքր, քան նախատեսվում էր նախաստորագրման նախապատրաստման գործընթացում։ Ինչպե՞ս կգործի «ավելին ավելիի դիմաց» սկզբունքը։

- Դա առաջին հայացքից կարող է անգամ անտրամաբանական հնչել, սակայն ես կարծում եմ, որ մենք մեզ բավական պատշաճ ենք պահել այս գործընթացում՝ ամոթալի «կռիվ» չտալով աջակցության չափերի համար։ Հայաստանը պետք է ունենա իր ընթացքը. կօժանդակեն՝ լավ է, շատ կօժանդակեն՝ շատ լավ է, բայց եթե անգամ ոչնչով չօժանդակեն, դա պիտի արվի։ Սա նաև բարեփոխումների իրականացման կամքի ածանցյալ հաստատում կլինի։ Այժմ օրակարգում պիտի լինի ոչ թե ֆինանսական աջակցությունը, այլ գործիքները, դրանց հետ կապված բոլոր կարգավորիչները։

Եվրոպական ուղղությունը մեր արտաքին քաղաքական գերակայությունների մեջ է, չեմ կարծում նաև, որ եվրոպացիների համար այս տարածաշրջանը և մասնավորապես՝ Հայաստանը դուրս է եկել իրենց գերակայություններից։

Ուրախալի բան կարելի է նշել. Վիլնյուսում համատեղ հայտարարության տեքստում առկա է նաև տնտեսական գործոնը: Մնացածի առկայությունը սպասվում էր, բայց տնտեսական բաղադրիչի առկայությունը նույնպես կար և դա ցույց է տալիս, որ այդ դուռն էլ փակ չէ, բայց դրան հիմա պետք է դռան տեսք տալ, կարգի բերել, աշխատանք տանել այդ ուղղությամբ:

Հարցազրույցի հաջորդ հատվածներում Կ.Բեքարյանը կխոսի Ուկրաինայում ստեղծված իրավիճակի, ինչպես նաև տարածաշրջանի չկարգավորված հակամարտությունների՝ ինտեգրացիոն գործընթացների վրա ունեցած ազդեցության մասին:

Աղբյուրը՝ “Արմեդիա” ՏՎԳ