«Ուկրաինայում ոչինչ դեռ ավարտված չէ». Կ.Բեքարյան

Ձեզ ենք ներկայացնում «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Կարեն Բեքարյանի հարցարզրույցի 4-րդ մասը՝ նվիրված Ուկրաինայում ստեղծված իրավիճակին և զարգացման հնարավոր սցենարներին: Նախորդ երեք մասերում (ՄԱՍ I, ՄԱՍ II և ՄԱՍ III) փորձագետն անդրադարձել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման հեռանկարներին, համագործակցության հնարավոր նոր ձևաչափերին, ՀՀ ինտեգրացիոն գործընթացներում կողմերի բացթողումներին և առավելություններին, ինչպես նաև ՀՀ-ում ընթացող բարեփոխումների գործընթացին:

- Ուկրաինայում ստեղծված իրավիճակից ի՞նչ հնարավոր ելքեր կարող են լինել երկրի իշխանությունների համար թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականության մեջ:

- Բավական բարդ է կանխատեսելը. ուղղակի կարող ենք փորձել հնարավոր սցենարները պատկերացնել: Երբ անգամ Ուկրաինայում շատ շատերը համոզված էին, որ ոչ մի խանգարող հանգամանք չկա, և Ուկրաինան կստորագրի համաձայնագիրը, ես այն մարդկանցից էի, ով կասկածում էր իրավիճակի այդքան միարժեք լինելու վրա, և ցանկացած պահի հնարավոր համարում փոփոխությունները: Այժմ բոլորն ասում են, որ ամեն ինչ ավարտված է, և պետք է սպասել Ուկրաինային ՄՄ-ում, ես նորից պիտի ասեմ, որ ոչինչ վերջացած չէ:

Մենք ականատեսն ենք ազդեցության գոտիների բավական մեծ պայքարի, այդ պայքարն ավարտված չէ և հետևաբար ունենում է «տրանսֆորմացիաներ» կամ «պրոյեկտումներ», թե՛ գործընկեր երկրներից յուրաքանչյուրի ներսում, թե՛ արտաքին հարաբերությունների վրա: Հետևաբար Ուկրաինայի պարագայում սցենարներից որևէ մեկն այսօր բացառել չի կարելի:

Առաջին սցենարով Ուկրաինան կարող է դադար պահպանել՝ չմիանալով ոչ մի ինտեգրացիոն գործընթացի, և փորձել երկու կողմից էլ օգուտներ քաղել, չտուժել որևէ մեկի կողմից: Երկրորդ հնարավոր սցենարն Ուկրաինայի՝ ուղղակի կամ քողարկված ռեալ քայլերն են ՄՄ-ին անդամակցելու ուղղությամբ: Երրորդ սցենարը շատ կարճ ժամանակում եվրոպացիների հետ իրենց լեզվով խոսելու միջոցով և ամերիկյան աջակցությամբ Ասոցացման համաձայնագրի ստորագրումն է: 3 սցենարն էլ հավանական են, և այսօր որևէ մեկին գերապատվություն տալը շատ մեծ սխալ կլինի:

Ուկրաինայում հանրային կարծիքը Հայաստանից տարբերվում էր, հիմա էլ է տարբերվում. ինտեգրացիոն երկու գործընթացների կողմնակիցների թիվը գրեթե հավասար է: Եվ, բնականաբար, դա չէր կարող չարտահայտվել այդ կարծիքը կրողների վրա: Նույն հաջողությամբ ԱՀ-ն ստորագրելու պարագայում, միգուցե ձևի մեջ այլ, բայց մենք կտեսնեինք հասարակության մյուս շերտի դժգոհությունը: Այսօր ուկրաինական իշխանություններին իրապես շատ բարդ է, և այդ բարդությունը ընկալված լինելու խնդիր ունի թե՛ մի, թե՛ մյուս կողմում:

- Կարո՞ղ ենք ասել, որ այդ ընկալվածության պակասն արտահայտվում է նաև Արևմուտքի արձագանքի մեջ:

- Իհարկե, այդ չընկալվածությունն արտահայտվում է Արևմուտքի տարբեր արձագանքների մեջ: Դա արտահայտվում է նաև նրանում, որ միայն գրեթե 2 շաբաթ է, ինչ նկատելի է ամերիկյան կողմի ակտիվացումը: Մի կողմից ձևավորվեց ընկալումը, որ միայն Եվրոպայի ջանքերով գործընթացը չի կարելի բերել ցանկալի արդյունքի, մյուս կողմից նույն հին վերքը բացվեց, որ եվրոպացիների պարագայում շատ խնդիրներ բավականին բարդ են դառնում նրանց դանդաղկոտության, բյուրոկրատիայի բավականին կարծրացած աշխատանքի և երկրների կարծիքների տարամիտման պատճառով: Այժմ ամերիկյան կողմն իր ձեռագիրն է փորձում ցույց տալ՝ դրանից բխող որոշակի հնարավոր հետևանքներով:

Սա դրսևորվում է ոչ միայն Ուկրաինայի պարագայում: Ընդամենը մի քանի օր առաջ տեղի ունեցավ ԱՄՆ պետքարտուղարի այցը Մոլդովա, արդեն խոսվում է այն մասին, որ բարձրաստիճան այց կլինի Վրաստան: Հետաքրքիրն այն է, որ եթե Ուկրաինայի դեպքում Արևմուտքը ցանկանում է իրավիճակն ուղղել, Մոլդովայի, Վրաստանի դեպքում պատկերացնում են, որ կարող է իրավիճակը խիստ լարվել նախաստորագրումից ստորագրում ընկած ժամանակահատվածում, և ցանկանում են կանխարգելող գործողությունների դիմել: Բայց արդյո՞ք այս ամենը պիտի այսքան սրվեր՝ ընդունելի և հասկանալի լինելու համար: Այս ամենն արդյո՞ք ավելի շուտ պարզ չէր:

- Իսկ ինչո՞վ է պայմանավորված Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակն ու որոշակի փոխադարձ չհասկացվածությունը ԵՄ-ի և Ուկրաինայի միջև։

- Ինձ մոտ տպավորություն կա, որ, պայմանականորեն ասած, 3 կողմերը՝ ՌԴ կամ ՄՄ, ԵՄ և ԱլԳ երկրներ, խոսում են տարբեր լեզուներով, միմյանց ընկալելը, լիարժեք և վերջնական հասկանալը շատ դեպքերում լինում է ցանկալի, բայց ոչ իրական: Եվ այդ տպավորությունը նոր չէ՝ ո՛չ հուլիսից, ո՛չ էլ սեպտեմբերի 3-ից հետո է ստեղծվել:

Այստեղ կան թե՛ օբյեկտիվ, թե՛ սուբյեկտիվ գործոններ. ԱլԳ երկրներն արդեն չեն խոսում այն լեզվով, որով խոսում է Ռուսաստանը, և դեռ չեն խոսում Եվրոպայի լեզվով՝ այստեղից առաջացող որոշակի բարդություններով: Որպես օրինակ կարող է ծառայել իրավիճակն Ուկրաինայում՝ մասնավորապես Ասոցացման համաձայնագրի ստորագրման կասեցման վերաբերյալ հայտարարությունից հետո հնչած փոխադարձ մեղադրանքները:

Ուկրաինայի կողմից հնչեցին մեղադրանքներ, որ իր կարիքները հաշվի չեն առնվել, իսկ եվրոպական կողմն արձագանքեց, որ այդ կարիքները չեն բարձրաձայնվել: Եվ երկու կողմերն էլ իրենց մոտեցումներում անկեղծ էին: Այսինքն՝ կա պրագմատիզմի, իրական քաղաքականության ընկալման, դրա մատուցման, լեզուների տարբերություն: Այն, ինչ այսօր անում է Ուկրաինան, եվրոպացիների համար «նոնսենս» է: Տպավորություն է, որ նախագահը երկիրը հանել է աճուրդի: Եթե մինչ այդ նույն երկրի նախագահը կամ նրա բանակցողը պատվից վեր էր համարում իր կարիքների վերաբերյալ թվերով խոսելն, այժմ ստեղծվել է իրավիճակ, որում ընկալման խնդիրներին ուշադրություն չդարձնելով՝ խոսակցությունը միայն թվերի է վերածվել:

Ուկրաինայի այս օրինակը բավական հատկանշական է և ունի իր փոխակերպված դրսևորումներն ԱլԳ բոլոր երկրների վրա:

Հարցազրույցի հաջորդ հատվածներում Կ.Բեքարյանը կխոսի տարածաշրջանի չկարգավորված հակամարտությունների՝ ինտեգրացիոն գործընթացների վրա ունեցած ազդեցության, ինչպես նաև ստեղծված իրավիճակում գլխավոր դերակատարների դիրքերի մասին:

Աղբյուրը՝ “Արմեդիա” ՏՎԳ