“Ընթացող ինտեգրացիոն գործընթացներում դժվար է խոսել որևէ կողմի հաջողության կամ հաղթանակի մասին”. Կ.Բեքարյան

Ձեզ ենք ներկայացնում “Եվրոպական ինտեգրացիա” ՀԿ նախագահ Կարեն Բեքարյանի հարցարզրույցի 5-րդ մասը՝ նվիրված տարածաշրջանի չկարգավորված հակամարտությունների՝ ինտեգրացիոն գործընթացների վրա ունեցած ազդեցությանն ու ԱլԳ ապագային: Նախորդ չորս մասերում (ՄԱՍ I, ՄԱՍ II, ՄԱՍ III և ՄԱՍ IV) փորձագետն անդրադարձել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման հեռանկարներին, համագործակցության հնարավոր նոր ձևաչափերին, ՀՀ ինտեգրացիոն գործընթացներում կողմերի բացթողումներին և առավելություններին, ՀՀ-ում ընթացող բարեփոխումների գործընթացին, ինչպես նաև Ուկրաինայում ստեղծված իրավիճակին:

-Համարո՞ւմ եք արդյոք, որ ԱլԳ ծրագիրը տապալվել է, և այժմ Եվրոպան պետք է մշակի տարածաշրջանի հետ համագործակցության նոր մոդել։ Եթե՝ այո, ապա ի՞նչ նմանություններ և տարբերություններ այն կունենա ԱլԳ-ի հետ։

-Չեմ համարում տապալված և ընդհանրապես դեմ եմ այդպիսի ծայրահեղ ձևակերպումներին, իհարկե՝ ո՛չ: Ո՞րն է կառուցողական և ոչ կառուցողական մոտեցումների տարբերությունը. անհաջողության պարագայում մինչ այդ ունեցած ձեռքբերումներն էլ ոչնչացնել և անցնել առա՞ջ, թե՞ ստացվածի հիման վրա հասկանալ հաջողության բանալին: Չստացվածի մասին

խոսելիս ի նկատի չունեմ երկրներին, այլ ուղղությունները, տարված աշխատանքը, գործիքակազմը:

Այդ ամենը կարելի է բարեփոխել, վերափոխել այնպիսի քայլերով ու գործողություններով, որոնք` ա. համապատասխանում են ԱլԳ-ի հիմնադրումից ի վեր հռչակված նպատակներին, բ. համարժեքության մեջ են հավակնությունների ու հնարավորությունների հետ, գ. նպատակաուղղված են իրական արդյունավետությանը, ոչ թե քաղաքականացման ներքո արդյունավետությունը խեղդելուն:

Եթե ունեցանք այս գործոնները, ԱլԳ-ն կարող է հաջողության հասնել և դեռ շատ լավ արդյունքներ արձանագրել: Պետք է նաև փորձել մոդելային համակցում ապահովել մի կողմից ԱլԳ-ի հիմքում եղած բազմակողմ համագործակցության և մյուս կողմից՝ գործընկերներից յուրաքանչյուրի անհատականացման միջև: Պետք է էական քայլ կատարել ֆորմալ անհատականացումից դեպի իրական անհատականացում՝ ելնելով գործընկերոջ կոնկրետ իրավիճակից, կարիքներից, խնդիրներից և այլն:

Այդ ամենն ունենալու պարագայում շատ արագ արդյունք կտեսնենք, հակառակ պարագայում ԱլԳ-ն բավական մեծ քայլերով կգնա դեպի ձեր ասած տապալում: Գործընթացը կանգնած չէ, վերջակետ դեռ չի դրվել, և դա շատ դրական է: Մենք շատ հետաքրքիր ժամանակ ենք ապրում, ինքներս գործընթացների մաս ենք:

-ԱլԳ ծրագրի նման զարգացման մեջ ի՞նչ դեր ունեցան տարածաշրջանում առկա չկարգավորված հակամարտությունները:

-Ոչ միայն ունեցան, այլ ունեն և կշարունակեն ունենալ, եթե էական բան չփոխվի: Բնական է, որ հակամարտություններն ինքնին մարտահրավեր են ցանկացած գործընթացի համար, առավել ևս, եթե գործընթացն ինտեգրացիոն է: Հակամարտությունը բաժանարար գիծ է, և եթե դու այն չես հաղթահարել, բաժանարար գիծը չես վերացրել, ինտեգրացիոն գործընթացի մեջ այն միշտ լինելու է խանգարող տարրի դերում:

Եթե քաղաքական մշակույթն ԱլԳ երկրներում որոշակի հաջողություններ արձանագրած լիներ, մարտահրավերից բացի այս իրավիճակը կստեղծեր նաև հնարավորություն: Օրինակ` միգուցե հասնենք այն ընկալմանը, որ հայ-արդբեջանական օրակարգ կոչվածը միայն ղարաբաղյան հակամարտությունը չէ: Եթե երկու կողմերում էլ հասնենք այդ ընկալմանը, այս մարտահրավերը նաև հնարավորություն կընձեռի, կկարողանանք ընկալել, որ մեր օրակարգը ոչ միայն ունի հակամարտության կարգավորման կամ հաղթահարման կետը, այլ նաև ապագային նայող գլոբալ կոնտեքստ, որի մեջ դա միայն կետ է:

Եթե ձևավորվի այս մտածելակերպը կամ քաղաքական մշակույթը, սա հնարավորություն կլինի նաև մոլդովացիների համար: Կձևավորվի գիտակցում, որ անգամ Մերձդնեստրը ճանաչելն աշխարհի վերջը չի, որովհետև, օրինակ, այն ճանաչելով, ավելի մեծ հնարավորություն է ստեղծվում, որ քո հաջողության դեպքում այն հետագայում քո ուղղությամբ քայլեր կանի, և, ինչո՞ւ ոչ, ռեինտեգրացիայի խնդիր կբարձրացնի:

Վրաստանի պարագայում մենք տեսանք երկու զուգահեռ ընթացող և միմյանց հակասող գործընթացներ: Մի կողմից ականատես ենք լինում ոչ թե ներքին զարգացման արդյունք հանդիսացող, այլ արտաքին ներմուծված քաղաքական մշակույթի տարրերի, մյուս կողմից դրսևորվում է դրանց ներկրված կամ ներարկված լինելը: Օրինակ՝ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրման օրը հայտարարվեց, որ դրանից բխող բոլոր արդյունքները ծառայելու են նաև Հարավային Օսիային և Աբխազիային, և անմիջապես դրանից հետո արտգործնախարարի մակարդակով հնչեցին հայտարարություններ՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները վերականգնելու հետ կապված՝ նախապայման առաջադրելով Աբխազիայի և Օսիայի ճանաչումը չեղյալ հայտարարելը։ Բոլորովին տարբեր և իրար հետ չհատվող գծեր են: Սա չստացված, չհասունացած քաղաքական մշակույթի տարր է:

Իսկ իրականում նույն աբխազների և օսերի պարագայում, եթե տարածաշրջանը նորմալ, ֆունկցիոնալ աշխատում է, բոլոր հնարավոր կապերը, կոմունիկացիաները գործում են, որևէ մեկի արած ընտրությունն իր հետ դինամիկ փոփոխություններ չի՞ բերելու: Պայքարը կարող է լինել և պետք է լինի ոչ թե ինչ-որ բան ատամներով պահելու, այլ նաև համակրությունները շահելու համար։ Սրանք շատ տարբեր բաներ են, ցավոք, մեր տարածաշրջանը, Արևելյան գործընկերությունը, դեռևս ատամներով պահելու կատեգորիաների վրա է հիմնված, դրա լավագույն օրինակներից մեկը նույն Ադրբեջանն է ղարաբաղյան հիմնախնդրի հարցում:

- Արևմուտքն այժմ գիտակցում է, որ Մոլդովայի ու Վրաստանի մոտ պետք է ավելի շուտ կանխարգելիչ քայլերի դիմել, քան եղավ Հայաստանի և Ուկրաինայի պարագայում, միաժամանակ Ռուսաստանի ոգևորության աճել է՝ ելնելով ունեցած հաջողություններից: Երկու կողմն էլ ավելի նախապատրաստված են մոտենալու խնդրին, տվյալ դեպքում արդեն հաջողությունն ինչի՞ց է կախված լինելու:

-Ճիշտ պատկերը ստանալու համար նախ պետք է սահմանել հաջողություն կամ արդյունք ասվածը: Ես ավելի շատ կողմնակից եմ այն մոտեցմանը, որ ներկա պահին կողմերից և ոչ մեկն այս ամենից (գոնե այս պահի դրությամբ) դուրս չի գալիս հաղթանակով, ընդհանրապես՝ ոչ մեկը:

Շատերը նշում են Ռուսաստանի հաջողությունը Հայաստանի պարագայում: Ի՞նչ հաջողության մասին է խոսքը: Հայաստանը շեղվե՞լ էր ռուսական գծից, խնդիրներ ունե՞ր կամ դե՞մ էր ինտեգրացիոն գործընթացներին Եվրասիական կամ Մաքսային միության ներքո: Հայաստանի “և՛-և՛” բանաձևի մի “և՛”-ն այդ ամբողջ ուղղությունը չէ՞ր:

Ուկրաինայի պարագայում ո՞րն է հաջողությունը: Այն, որ նույնիսկ եվրոպական կողմնորոշում ունեցող ուկրաինացիները, որոնք մինչ այժմ հանգիստ էին վերաբերվում ՌԴ-ի հետ սերտ հարաբերություններին, այժմ իրենց ընկալումներում ռադիկալ և անհանդուրժո՞ղ են դառնում:

Անդրադառնանք եվրոպացիներին. Մոլդովայի ու Վրաստանի հետ նախաստորագրումն արդեն հաղթանա՞կ է: Լավագույն օրինակ եղավ Ուկրաինան, որը շատ վաղուց էր նախաստորագրել Ասոցացման Համաձայնագիրը, սակայն ինքներս տեսանք, թե ստորագրումից առաջ ինչի դիմաց կանգնեց: Դժվար է ասել, թե ինչպես կարող է Եվրոպան իր հաղթանակը պատկերացնել՝ Մոլդովայի դեպքում Մերձդնեստրի խնդրի առկայության պարագայում, Վրաստանի դեպքում՝ Հարավային Օսիայի և Աբխազիայի խնդիրների առկայության պարագայում։

Գործընկեր երկրներից ո՞րն է այս վիճակից շահեկան դուրս գալիս: Ուկրաինա՞ն, որը կանգնած է երկուսից մեկին կորցնելու խնդրի առաջ, Մոլդովա՞ն ու Վրաստա՞նը, որոնք գտնվում են այն վիճակում, ինչ Ուկրաինան էր Վիլնյուսից առաջ՝ վախով սպասող իրադարձությունների զարգացմանը և նրան, թե ո՞վ, ո՞ւմ, ի՞նչ վնաս կտա “իր վրայով”: Հայաստա՞նն է հայտնվել շահեկան վիճակում, որն ամբողջ ընթացքում փորձել է բացատրել, ընկալելի դարձնել երկու կողմերին, որ թե՛ եվրոպական ուղղությունը, թե՛ ռազմավարական գործընկերային դաշնակցային հարաբերությունները ՌԴ-ի հետ իր գերակայություններն են: Եվ որ այս երկու ուղղությունները կենսական են, և չի կարելի մեկը մյուսին ստորադասել:

Կա գաղափար՝ թվացյալ հաղթանակ: Այն կարող է գործել կարճ ժամկետի համար և լինել մարտավարական, իսկ ռազմավարական համատեքստում՝ լինել շատ ավելի բացասական: Ամեն ինչ իր տեղն է ընկնելու երկարաժամկետ ռեսուրսների առկայության պարագայում՝ կախված նրանից, թե արդյո՞ք կողմերից որևէ մեկի ռեսուրսները հերիքելու են իր գիծը մինչև վերջ հետևողական տանելու համար: Այսօր որևէ մեկի հաղթանակած վիճակ չեմ տեսնում…

Աղբյուրը՝ “Արմեդիա” ՏՎԳ