Ասոցացման համաձայնագրի բացակայությունը չի ենթադրում, որ փաստաթղթով նախանշված դրույթները կյանքի չեն կոչվի

“ՀՀ եվրաինտեգրման գործընթացները 2013-ին գնահատելու համար կարևոր է նախ հիշել, թե կողմերն ինչ էին նախատեսում և ինչ ակնկալիքներ ունեին գործընթացից այդ ժամանակահատվածի համար”, – այսօր “Նովոստի” միջազգային մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսի ընթացքում նշել է “Արմեդիա” ՏՎԳ վերլուծաբան Աննա Մկրտչյանը` հավելելով, որ կողմերի ակնկալիքները հստակ ընդգծված են դեռ 2012-ին ընդունված ԱլԳ ճանապարհային քարտեզում:

Վերլուծաբանի խոսքով՝ այս փաստաթուղթը նախատեսում էր մինչև վիլնյուսյան գագաթաժողովը “խորացնել հարաբերությունները գործընկերների հետ Ասոցացման համաձայնագրերի` ներառյալ ԽՀԱԱՀ շրջանակներում”: Կոնկրետ Հայաստանի պարագայում նշվում է մինչև Ինչպես հայտնի է, նոյեմբերին վավերացվեցին և արդեն ուժի մեջ են վիզային կարգի դյուրացման ու ռեադմիսիայի համաձայնագրերը: ՀՀ-ԵՄ ոլորտային համագործակցությունը ևս առաջընթաց է գրանցել, ինչը շեշտադրվում է նաև վիլնյուսյան գագաթաժողովի եզրափակիչ փաստաթղթում:

Ինչ վերաբերում է Ասոցացման համաձայնագրին, ապա այստեղ էական է այն հանգամանքը, որ ՀՀ-ին հաջողվեց բավարարել ԵՄ բոլոր չափանիշները և ավարտել փաստաթղթի շուրջ բանակցությունները նույնիսկ ակնկալվածից ավելի շուտ: Այն, որ փաստաթղթի նախաստորագրումը տեղի չունեցավ Վիլնյուսում, դեռևս չի նշանակում, որ փաստաթղթով նախանշված համագործակցությունը կյանքի չի կոչվի: Կողմերը, ի վերջո, պատրաստակամություն են հայտնել վերանայելու երկկողմ համագործակցության հիմքերը: Այդ պատրաստակամությունն ամրագրվեց նաև ՀՀ-ԵՄ Համագործակցության խորհրդի վերջին նիստի ընթացքում, որտեղ ընդլայնման հարցերով հանձնակատար Շ. Ֆյուլեն խոսեց ԵՄ-ՀՀ Գործընկերության և համագործակցության համաձայնագրին կից արձանագրություն ստորագրելու հնարավորության մասին: Ի վերջո, կողմերն ունեն հարաբերությունները զարգացնելու և միասին առաջ շարժվելու հայեցակարգ, որն ամրագրված է Ասոցացման համաձայնագրի նախագծում, իսկ թե ինչ փաստաթղթի/փաստաթղթերի միջոցով հնարավոր կլինի այդ հայեցակարգն իրագործել, արդեն տեխնիկական խնդիր է:

Միաժամանակ ԱՊՀ երկրների ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ալեքսանդր Մարկարովի կարծիքով “Հայաստանին հաջողվեց պահպանել համագործակցությունը ԵՄ-ի հետ նաև Մաքսային Միությանն անդամակցելու որոշումը հրապարակելուց հետո “:

“Վերջին տվյալներով ԵՄ-ն Հայաստանին 41 մլն եվրո տրամադրելու որոշում է կայացրել, ինչն էլ համագործակցությունը ոչ միայն պահպանելու, այլև զարգացնելու հեռանկարի մասին է խոսում”,- նշել է քաղաքագետը: – “Այսպիսով՝ չարդարացան նրանց մտավախությունները, ովքեր կարծում էին, թե սեպտեմբերի 3-ի հայտարարությունից հետո ԵՄ-ն կդադարեցնի համագործակցությունը Հայաստանի հետ”:

Մարկարովի խոսքով, ըստ էության, իրականացվեց “և՛-և՛” ձևաչափը, որի շրջանակներում հայաստանյան քաղաքական էլիտան ձգտում էր մասնակցել ինտեգրացիոն գործընթացներին ինչպես եվրոպական, այնպես էլ հետխորհրդային տարածքում:

Մեկնաբանելով, թե որոնք էին ՄՄ-ին անդամակցելու ՀՀ որոշման հիմքերը՝ քաղաքագետը նշել է, որ գործընթացը տեղավորվում է հասարակական և ազգային շահերի պաշտպանության, ավանդական գործընկերների հետ տնտեսական, ինչպես և ռազմավարական համագործակցությունը խորացնելու տրամաբանության մեջ:

Քաղաքագետի խոսքով՝ ՄՄ-ին անդամակցության դրական հետևանքները միայն տնտեսական ոլորտի չեն:

“Առաջինը ՌԴ-ից ներմուծվող գազի գնի համատեքստում սոցիալական ապագայի ինչ-որ չափով որոշակիացումն է, երկրորդը` չմշակված ադամանդների արտահանման մասով դրական տեղաշարժերը, երրորդը` ռազմավարական համագործակցության դիվիդենտները”,- նշել է Մարկարովը:

Աղբյուրը՝ “Արմեդիա” ՏՎԳ