ԱլԳ ԵՐԿՐՆԵՐԻ ԵՎ ԵՎՐՈՊԱՅԻ ՄԻՋԵՎ ԱՅՍՕՐ ԿԱ ՉՀԱՍԿԱՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ. ՎԵՐԼՈՒԾԱԲԱՆ

Հայաստանի և Ադրբեջանի նախագահների՝ Վիեննայի հանդիպումից ակնկալիքները մեծ չէին, սակայն դրանից հետո կողմերում հռետորաբանության փոփոխություն է նկատվում, որն ուղղված է կառուցողական լինելու պատրաստակամություն ցույց տալուն: Այդ մասին դեկտեմբերի 23-ին “Նովոստի” միջազգային մամուլի կենտրոնում ասել է “Եվրոպական ինտեգրացիա” ՀԿ նախագահ Կարեն Բեքարյանը:

Փորձագետը նշել է, որ հաշվի առնելով հանդիպումների՝ երկու տարի տևած դադարը և այդ ընթացքում տեղի ունեցած սրացումները (սահմանային միջադեպեր, Սաֆարովի արտահանձնում և այլն), անտրամաբանական կլիներ ակնկալել, որ հանդիպումը շոշափելի առաջընթացի կհանգեցնի: “Իմ պատկերացումն այն էր, որ Վիեննայի հանդիպումը պիտի ուղղակիորեն “սառույցը կոտրի” և վերականգնի շփումը՝ հետագայում` արդեն կարգավորման գործընթացում, դրա զարգացման և կիրառման հնարավորություն տալով: Կարծում եմ, Վիեննայի հանդիպումը դրանից ավելիին չի էլ հասել”,-ասել է վերլուծաբանը:

Բեքարյանն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ ավարտվել է համապետական ընտրությունների ցիկլերի շրջանը հակամարտության բոլոր կողմերում՝ թե՜ Հայաստանում, թե՜ ԼՂՀ-ում, թե՜Ադրբեջանում, ինչն առավել հաջող ժամանակահատված է ստեղծում բանակցային գործընթացում դինամիկան ակտիվացնելու, արդյունքներ ակնկալելու համար: “Այս ամենի մեջ, սակայն, չեն տեղավորվում սահմանային միջադեպերը և այն փաստը, որ մենք նորից զոհ ունենք”,-ասել է Բեքարյանը: Ուստի, գործընթացի համար կան լավ նախադրայալներ, սակայն դա բավարար չէ:

Խոսելով հունվարին գործընթացի զարգացումից ունեցած ակնկալիքներից՝ փորձագետը նշել է, որ հավանաբար աշխատանք կկատարվի “ժամացույցները ճշտելու” և հատման կետերը հասկանալու համար: Կ. Բեքարյանն ուշադրություն է հրավիրել նաև այն հանգամանքի վրա, որ կողմերի մոտեցումներում կա տարբերություն՝ Ադրբեջանը կողմ է արտահայտվում անմիջապես Շրջանակային մեծ պայմանագրի շուրջ բանակցություններին՝ շրջանցելով սկզբունքների շուրջ փաստաթուղթը, իսկ Հայաստանը կարևորում է սկզբունքների համաձայնեցումը: “Համանախագահությունը պետք է փորձ անի հասկանալու, թե այս երկու մոտեցումների միջև ինչ գործիք կարելի է կիրառել ընդհանրացնելու կամ մոտարկելու համար մոտեցումները”-կարծում է Կարեն Բեքարյանը:

Փորձագետը խոսել է նաև ինտեգրացիոն գործընթացների, մասնավորապես՝ եվրաինտեգրման գործընթացի վերջին զարգացումների մասին՝ շեշտելով, որ ԱլԳ երկրների և Եվրոպայի միջև այսօր կա չհասկացվածություն, քանի որ կողմերը խոսում են տարբեր լեզուներով: Նա նաև առանձնացրել է այս գործընթացում թե՜ ԵՄ-ի, թե՜ ԱլԳ երկրների բացթողումներն ու թերացումները: Դրա հետ մեկտեղ փորձագետը կոչ է արել զերծ մնալ կտրուկ որակումներից և չի համաձայնվել այն մոտեցման հետ, որ Արևելյան Գործընկերության ծրագիրը ձախողվել է:

25.12.2013

Աղբյուրը՝ “Արմեդիա” ՏՎԳ