Հայաստանը չի հրաժարվել Ասոցացման համաձայնագրից

Հայաստանն, ի տարբերություն Ուկրաինայի, չի հրաժարվել Ասոցացման համաձայնագրից: ՀՀ-ն խաչ չի քաշել «և՛, և՛» սկզբունքի վրա, և շարունակելու է առաջնորդվել այդ սկզբունքով, քանի որ դա բխում է մեր պետական շահերից և այդ հարցում այլընտրանք լինել չի կարող, ասել է «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ վերլուծաբան, քաղաքագետ Աննա Կարապետյանը «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ:

Խոսելով Եվրոպական Միության արտաքին քաղաքականության մասին՝ քաղաքագետն անդրադարձել է ԵՄ օրակարգին՝ նշելով, թե ինտեգրացիոն գարծընթացներն ինչ կարևորություն ունեն ԵՄ օրակարգում:

Ըստ քաղաքագետի, 2013-ին Արևելյան գործընկերությանը ԵՄ-ի կողմից մեծ ուշադրության հատկացվեց: Վիլնիուսի գագաթնաժողովը պետք է լիներ այն բեկումնային կետը, որին կողմերը ձգտում էին վերջին երկու տարիների ընթացքում:

Լրագրողի այն հարցին, թե քաղաքագետը համաձա՞յն է այն մտքի հետ, որ Արևելյան գործընկերությունը չկարողացավ լուծել Հայաստանի խնդիրները կապված երկրի անվտանգության և դրան անմիջականորեն առնչվող թուրքական սահմանի բացման հետ՝ դնելով Հայաստանին երկընտրանքի առջև, քաղաքագետը առաջարկեց խուսափել նման ծայրահեղ հայտարարություններից:

Միաժամանակ, Աննա Կարապետյանն անհերքելի է համարում այն, որ Արևելյան գործընկերության գործընթացում թե՛ Հայաստանի, և թե՛ ԵՄ-ի սպասումները մեծ էին, և երկու կողմերի թերացումների պատճառով, բոլոր սպասումները չէ, որ իրականացան, այդ թվում՝ հայ-թուրքական սահմանի բացման հարցը: Ինչ վերաբերում է Հայաստանի անվտանգությանն, ըստ քաղաքագետի, Հայաստանը մշտապես դիտարկել է իր անվտանգության հարցերը ՀԱՊԿ-ի ներքո՝ լինելով կազմակերպության հիմնադիր անդամ և այնտեղ դրսևորելով մեծ նախաձեռնություն: Սա գաղտնիք չի եղել ոչ մեկի, այդ թվում եվրոպացի գարծընկերների համար:

Արևելյան գործընկերությունից զատ, ամփոփելով 2013-ի ԵՄ-ի համար կարևոր խնդիրները, քաղաքագետն առաջնային համարեց ԵՄ-ում տնտեսական ճգնաժամը: Ճգնաժամի արդյունքում ԵՄ-ն ստիպված եղավ զգալի ֆինանսական աջակցություն ցուցաբերել Կիպրոսին, Հունաստանին, Իսպանիային, Պորտուգալիային և այլ երկրների, որոնք գտնվում էին ծանր տնտեսական վիճակում: Տնտեսական ճգնաժամը հաղթահարելու խնդիրներն ինքնին հանգեցրին մեկ այլ ճգնաժամի. ԵՄ որոշ երկրներ դեմ դուրս եկան նման մեծ ֆինանսական աջակցության տրամադրմանը առանձին երկրների:

Քաղաքագետն անդրադարձավ նաև ԵՄ-ի հարաբերություններին Հայաստանի հարևան երկրների հետ: Քաղաքագետն առանձնացրեց սառույցի կոտրման միտումները Իրան-ԵՄ հարաբերություններում, ինչպես նաև ակտիվացումը ԵՄ-Թուրքիա բանակցություններում՝ 2013-ին ԵՄ-Թուրքիայի միջև ստորագրվեց ռեադմիսիայի համաձայնագիրն, ինչպես նաև բանակցություններ սկսվեցին մուտքի արտոնագրի ազատականացման շուրջ:

Ամփոփելով քաղաքագետը նշեց, որ ԵՄ ընդհանուր օրակարգը բավականին լայն է, և միությունը զգալի միջոցների ներդրման կարիք ունի ոլորտներից յուրաքանչյուրում:

Աղբյուրը՝ “Արմեդիա” ՏՎԳ