2013Թ.-ԻՆ ԱՄՆ-ՀՀ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳՏՆՎՈՒՄ ԵՆ ՊԱՏՄԱԿԱՆՈՐԵՆ ԱՄԵՆԱԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՎՐԱ. ՎԵՐԼՈՒԾԱԲԱՆ

“Նովոստի” միջազգային մամուլի կենտրոնում, ամփոփելով տարվա ընթացքում ԱՄՆ արտաքին քաղաքականությունը, միջազգայնագետ Քրիստինե Հովսեփյանը նշեց, որ 2013-ին ԱՄՆ արտաքին քաղաքականությունն ակտիվ էր: Ակտիվություն դրսևորվեց ոչ միայն խնդրահարույց տարածաշրջաններում, մասնավորապես Մերձավոր Արևելքում, այլ նաև Անդրատլանտյան և Ասիական- Խաղաղօվկիանոսյան տարածաշրջաններում: Թերեւս, հենց այս տարածաշրջաններում ԱՄՆ շարունակական ներգրավվածության եւ զուգահեռ ընթացող ինտեգրացիոն գործընթացների համատեքստում պետք է դիտարկել ՌԴ նախագահ Վլ. Պուտինի կողմից վերջերս կատարած հայտարարությունը, համաձայն որի “դեպի Խաղաղ օվկիանոս Ռուսաստանի շրջադարձը Ռուսաստանին կտա լրացուցիչ գործիքներ ակտիվ արտաքին քաղաքականություն վարելու համար”,- նշում է բանախոսը: 2013-ին բոլոր ուժային կենտրոնները փորձում էին այս տարածաշրջանում իրենց դիրքերն ամրապնդել, այդ թվում նաև տարածաշրջանի ռազմականացման ճանապարհով, – ընդգծում է Քրիստինե Հովսեփյանը:

Ըստ միջազգայնագետի, բոլոր նախադրյալները կան պնդելու, որ 2013-ին ԱՄՆ-Հայաստան համագործակցության հիմնական ոլորտներում առաջընթաց է գրանցվել: Դեռ 2012-ի հունիսին իր այցի ժամանակ ԱՄՆ նախկին պետքարուղար Հիլարի Քլինթոնը հայտարարեց, որ ԱՄՆ-Հայաստան հարաբերությունները գտնվում են պատմականորեն ամենաբարձր մակարդակի վրա: 2013-ը հավաստեց այս պնդումը:

Առաջընթաց գրանցվեցին ԱՄՆ-Հայաստան համագործակցության հիմնական տնտեսական և պաշտպանական ոլորտներում: Նոյեմբերի 22-ին Վաշինգտոնում տեղի ունեցավ Հայաստան-ԱՄՆ միջկառավարական տնտեսական հարցերով աշխատանքային համատեղ խմբի նիստը: Նիստի ընթացքում հայտարարվեց ԱՄՆ ներդրումների, մասնավորապես ԱՄՆ Կոնտուր Գլոբալ ընկերության 180 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրման մասին, որը դարձավ ամերիկյան մասնավոր ամենախոշոր ներդրումը Հայաստանում: Ներդրումը իրականացավ Հայաստանի համար ամենակարևոր ոլորտներից մեկում՝ հիդրոէներգետիկայում:

«Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ-ի վերլուծաբան Քրիստինե Հովսեփյանը փաստում է. «ԱՄՆ-Հայաստան պաշտպանության ոլորտի նահանգային համագործակցությունը արդեն ավանդական է դառնում»: Հայաստանի և ԱՄՆ-ի Կանզաս նահանգի ազգային գվարդայի միջև պաշտպանական ոլորտի համագործակցությունը բոլորեց իր տասը տարին: Վերջերս Հայաստանը միացավ ԱՄՆ կառավարության խաղաղապահ առաքելություններին աջակցող նախաձեռնությանը: Սա հատկանշական քայլ է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի, ինչպես նաև քարտուղարի տեղակալի՝ Բորդյուժայի և Սեմերիկովի, ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կայացման և ակտիվացման միտումների վերաբերյալ հայտարարությունների ֆոնին: ԱՄՆ-ի հետ խաղաղապահ ուժերի որորտում համագործակցությունը Հայաստանի համար նոր հնարավորություն է ՀԱՊԿ քաղաքական ուժերի կենտրոնացված համակարգի ձեւավորման մեջ ծանրակշիռ ներդրում ունենալու:

ԱՄՆ-ՌԴ հակասություններից վերլուծաբանը հիշատակեց հակահրթիռային պաշտպանության գործընթացը, որն, իրականում, կարծես թե, մտել է փակուղի: Ստեղծված փակուղին որոշակի քաղաքական և տեխնոլոգիական մարտահրավերներ է ենթադրում, ոչ միայն երկու կողմերի, այլ նաև ամբողջ աշխարհի համար: Ներկայումս կողմերը փորձում են դուրս գալ նշված փակուղուց՝ մշակելով նոր պաշտպանական հայեցակարգեր՝ ի դեմս տիեզերական պաշպանության մեխանիզմների:

Միջազգայնագետն անդրադարձավ նաև 2013-ին ԱՄՆ արտաքին քաղաքականությանը Մերձավոր Արևելքում և Իրանում: Ըստ նրա, Իրանում մենք ականատես եղանք ԱՄՆ ունեցած կարծրատիպերի հաղթահարման միտումների: Շուրջ 45 տարի Իրանի հետ բանակցությունների բացակայությունից հետո այսօր ԱՄՆ-ն պատրաստակամ է համագործակցելու նաև մահմեդական շիաների հետ:

Իսրայելապաղեստինյան խնդրի կարգավորման շուրջ բանակցություններում դրական միտումներ տեսնելու ԱՄՆ սկզբունքային դիրքորոշումը դրսևորվեց ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրի շուրջ 12 այցով տարածաշրջան: ԱՄՆ-ի հայտարարությունը, որ պաղեստինաիսրայելյան բանակցությունները հիմնականում ընթանալու են փակ ձևաչափով, և որ բանակցությունների վերաբերյալ լիազորված է դիրքորոշում և պաշտոնական տեղեկություններ հայտնելու միայն Քերրին, հանդիսացավ լրացուցիչ լծակ՝ սահմանափակելու այն բոլոր գործընթացները, որոնք կարող էին խոչընդոտել բանակցության ընթացքին:

26.12.2013

Աղբյուրը՝ “Արմեդիա” ՏՎԳ