Ամանորյա մտորումներ և, իհարկե, բարեմաղթանք

Հաշված օրեր են մնացել մինչ շատերիս այնքան սպասված տոների մեկնարկը` ի դեմս Նոր տարուն, որին կհաջորդի Սուրբ Ծնունդը:

Եթե Եվրոպայում տոնական տրամադրությունը սկսվում է «Արևմտյան» Սուրբ Ծննդի նախաշեմին և ապա իներտ շարունակվում դեպի Նոր տարի, ապա մեզ մոտ`տոնական օրերի բացման պատվավոր առաքելությունը Նոր տարվանն է:

Կարծում եմ մեզանից մեծ մասի համար գաղտնիք չէ, թե հայկական ընտանիքներից շատերը ինչ մեծ շուքով են պատրաստվում կամ փորձում պատրաստվել Ամանորին: Փոքրիկներն անհամբեր սպասում են Ձմեռ Պապի գալստին ու նվերներին, տան տիրուհիներն ու տան հարսներ-դստրերը մեծ պատասխանատվությամբ ստանձնում են զանազան ու զարմանազան ճաշատեսակների ու աղանդների պատրաստությունը և այլն, և այլն:

Նոր տարին կարելի է ասել բավականին թանկ է նստում համեստ միջին աշխատավարձով հայ ընտանիքի համար: Ես ինքս շատ անգամ եմ տրտնջացել երբեմն անտեղի ճոխության համար, որ մարդիկ անում են Նոր տարվա առթիվ: Բայց հիմա ինձ այլևս իրավունք չեմ վերապահում այդ անելու. եթե այսքան տարիների ընթացքում, նման կերպ տոնելով Նոր տարին, մենք շարունակում ենք դա անել, ապա դա մի բան է, որ վեր է զուտ նյութական ու ֆիզիկական ծախսերից: Ըստ իս տոնն իր հետ հերթական անգամ բազում հույսեր, սպասումներ ու լույս է բերում մեր ընտանիքներին գալիք տարվա հետ կապված…

Շատերը հեգնանքով նշում են, որ Ամանորը նման ոգևորությամբ դիմավորելը մեզ ժառանգություն է մնացել Խորհրդային Միությունից: Մինչդեռ նման ոգևորությունը ինչ որ տեղ մարում է Սուրբ Ծննդյան կապակցությամբ: Այսօր չենք քննարկի այն հարցը, թե արդյոք մենք հեռացել ենք մեր կրոնից, թե ոչ: Իմ կարծիքով, ամանորյա տրամադրության մեջ ոգևորությունը համեմատաբար ավելին է քան արդեն Սուրբ Ծննդյան օրը, որովհետև այն ուղղակի օրացույցով նախորդում է վերջինիս: Թե մեծերը, թե փոքրերը անհամբեր սպասում են այդ օրվան, լինի դա նվերների, զարմանազան ուտելիքներ պատրաստելու և համտեսելու, տոնական ֆիլմեր ու հաղորդումներ դիտելու, թե պարզապես հարազատներին, ընկերներին ու ծանոթներին մտերմիկ ու հյուրասեր միջավայրում հանդիպելու համար:

Հաշվի առնելով Նոր տարվան պատրաստվելու և այն տոնելու թե բացասական, թե դրական կողմերը, ցանկանում եմ «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ ողջ անձնակազմի անունից ջերմագին շնորհավորել ձեզ գալիք 2014թվականի կապակցությամբ: Թող այն բոլոր բոլորի համար լինի հաճելի անակնկալներով, ձեռքբերումներով, հաջողություններով ու սիրով լի տարի…

Հ.Գ. Ի դեպ, մի կողմ դրեք նախապաշարմունքները կապված տարվա հետ և միայն լավատեսորեն ու դրականորեն տրամադրվեք… և գործեք:

Հեղինե Նազարյան