Հիսուս ծնավ և հայտնեցավ, մեզ և ձեզ մեծ ավետիս…

Հունվարի 5-ի երեկոյան մենք սկսում ենք տոնել, ըստ իս, իր խորհրդով ամենալուսավոր և լուսաբեր տոներից մեկը՝ Աստծո որդու հայտնութունը։ Սուրբ Ծնունդ… այս երկու բառերի կապակցությունը, հիրավի, առանձնացնում է մեզ համար այս օրը տարվա ընթացքում նշվող այլ ծնունդներից և տոներից նրանով, որ ավետում է գալուստն այն մանկան, ով ի վերուստ օժտված էր համայն մարդկությանը Բարձրյալի խոսքը փոխանցելու և շուրջբոլորը սեր, հույս և հավատ սփռելու առաքելությամբ…

Թերևս գաղտնիք չէ, որ հայաստանյան իրականության մեջ Սուրբ Ծնունդը նշելու “մշակույթը” որոշակիորեն (եթե չասեմ զգալիորեն) հետընթաց էր ապրել ԽՍՀՄ կազմում գտնվելու տարիներին։ Սակայն ինչն իրապես ողջունելի և հուսադրող հանգամանք է մի ժողովրդի համար, որն աշխարհին ներկայանում է որպես քրիստոնեությունը պետականորեն առաջին ընդունողը, հետզհետե վերադառնում ենք այն նշելու և անթաքույց սերնդեսերունդ փոխանցելու անձնվեր առաքելությանը….

“Եվրոպական ինտեգրացիա” ՀԿ ողջ թիմի անունից ցանկանում եմ շնորհավորել բոլորիս Սուրբ Ծնունդը։ Թող բոլորիս սրտերում ճառագի և վառ մնա անվերապահ հույսի, կուռ հավատի և անձնվեր սիրո այն ճրագը, որ գրավականն է խաղաղության, երջանկության, համամարդկային ներդաշնակության…

Հիսուս ծնավ և հայտնեցավ… Մեզ և ձեզ մեծ ավետիս…

Հեղինե Նազարյան