
Սերբիան դեպի Եվրոպական Միություն
Արդեն պարզ է դարձել, որ Բրյուսելի և Բելգրադի միջև կառավարական մակարդակով բանակցությունների առաջին փուլը նշանակված է հունվարի 21-ին: Նախնական հաշվարկներով Սերբիան պետք է միանա ԵՄ-ին մինչ 2020 թվականը, սակայն ավելի հստակ ժամկետները հայտնի կդառնան հունվարին նախանշված հանդիպումից հետո:
2013-ը նշանակալի էր ևս մեկ երկրի՝ Խորվաթիայի ԵՄ անդամակցությամբ: Կես տարի անց ևս մեկ Բալկանյան երկիր՝ Սերբիան, անկամցության ուղին բռնեց:
Եվրոպական ընդլայնման հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն օրերս հայտարարեց, որ նախնական պայմանավորվածությամբ Բյուսելի և Բելգրադի ներկայացուցիչների միջև հանդիպումը նշանակված է 2014-ի հունվարի 21-ին: Այս հանդիպման ընթացքում նախատեսվում է սահմանել անդամակցել ցանկացող պետություններին ներկայացվող չափանիշներին համապատասխան Սերբիայում նախանշվող աշխատանքների գլխավոր ուղղությունները:
Բելգրադը հույս ունի ԵՄ-ին անդամակցել մինչև 2020 թվականը: Իսկ դրա համար կարևորագույն նախապայման է Սերբիայի՝ Կոսովոյի հետ հարաբերությունների բարելավումը: Այդ հարաբերությունները, չնայած առաջընթացին, շարունակում են մնալ բարդ, քանի որ չնայած Պրիշտինայի հետ բանակցություններ վարելու Բելգրադի հայտնած պատրաստակամությանը սերբ բնակչությունը բացասաբար է վերաբերվում այս մտքին:
Արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ հանձնակատար Էշթոնը Պրիշտինայի ու Բելգրադի միջև հարաբերությունների կարգավորման բանակցությունների շրջանակում ձեռք բերված առաջխաղացման վերաբերյալ ներկայացրեց զեկույց, որն, ինպես հաղորդում է ИТАР-ТАСС գործակալությունը, կարող է դառնալ Սերբիայի ԵՄ-ին միանալու հենման կետ:
Էշթոնը հայտնել է, որ Սերբիան բավարարել է բոլոր նախապայմանները՝ անդամակցության բանակցությունները սկսելու համար:
«Մենք անհամբերությամբ սպասում ենք հունվարի միջկառավարական կոնֆերանսին»,- այս առիթով հայտնել է Լիտվայի ԱԳՆ ղեկավար Լինաս Լինկևիչուսը Բրյուսելում:
Բացի Սերբիայից, ԵՄ-ին անդամակցել ցանկանում է նաև Ալբանիան: Ինչպես հայտնել է Ֆյուլեն, ԵՄ ղեկավարությունը 2014-ի հունիսին կդիտարկի Ալբանիային թեկնածու երկրի կարգավիճակ տալու հարցը: Միևնույն ժամանակ, հարցը դեռևս չբարձրացված, այսօր բավականին մեծ թվով ԵՄ անդամ երկրներ Տիրանային թեկնածու երկրի կարգավիճակի տրամադրմանը դեմ են արտահայտվում: Մասնավորապես, Հոլանդիայի խորհրդարանը այս որոշմանը դեմ է քվեարկել:
Հիշեցնենք նաև, որ վերջերս հրապարակվել էր Եվրամիության ընդլայնման 2014-ի ծրագիրը: Այստեղ նշվում է, որ բացի Ալբանիայի թեկնածությունը դիտարկելուց, ԵՄ-ն նաև Թուրքիայի անդամակցության բանակցություններն ակտիվացնելու, ինչպես նաև Մակեդոնիայի ղեկավարության հետ համապատասխան կապերի ձևավորում սկսելու պլաններ ունի:
Աղբյուրը՝ «Արմեդիա» ՏՎԳ