ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԿԱՆՑԼԵՐԸ ՀԵՆԱԿՆԵՐՈՎ ԵՐԳԵԼ Է ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԵՏ

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ամանորյա արձակուրդների ժամանակ ստացած ծանր վնասվածքից հետո առաջին անգամ հայտնվել է հանրության առջև: Վերջինս Ալպերում լեռնադահուկային զբոսանքի ժամանակ ստացած վնասվածքի հետևանքով դեռևս դժվարանում է տեղաշարժվել:

Իր առողջական վատ վիճակի պատճառով Գերմանիայի կանցլերը չեղյալ է հայտարարել բարձր մակարդակի մի շարք միջոցառումներ, սակայն չի կարողացել հրաժարվել ամեն տարի երեխաների հետ ավանդաբար անցկացվող տոնակատարությունից: Հունվարի 7-ին Անգելա Մերկելին սուրբծննդյան տոների կապակցությամբ շնորհավորել է մանկական երգչախումբը: Այս մասին տեղեկացնում է “Reuters” գործակալությունը: Ավելի քան 100 երեխաներ ժամանել են Գերմանիայի կանցլերի գրասենյակ նրան շնորհավորելու: Մերկելը հենակների օգնությամբ ոչ միայն ընդունել է երեխաներին, այլև երգել է նրանց հետ` միաժամանակ իր ելույթի ընթացքում ընդգծելով, որ իրեն դեռևս դժվար է կանգնել հենակների օգնությամբ:

Հիսունիննամյա կանցլերը Սենթ-Մորիսում լեռնադահուկային զբոսանքի ժամանակ անհաջող ընկել է` կոտրելով ոսկորը: Վիրահատության կարիք, այնուամենայնիվ, չի զգացվել: Այժմ Մերկելը պետք է ֆիզիոթերապիայի կուրս անցնի և առաջիկա երեք շաբաթների ընթացքում անկողնային ռեժիմ պահպանի` հրաժարվելով բոլոր միջոցառումներից: Ինչ վերաբերում է նրա աշխատանքային պարտականություններին, ապա դրանք կանցլերը կատարելու է տանից:

“Интерфакс”-ը, հղում անելով գերմանկան տեղեկան լրատվամիջոցներին, գրում է, որ Անգելա Մերկելի հետ տեղի ունեցած միջադեպի պատճառը կարող են լինել հնացած սպորտային պարագաները: Ինչպես նշում են լրագրողները, կանցլերի սպորտային պարագաները պատրաստված են եղել դեռևս 90-ական թվականների սկզբում, հետևաբար նա կարող էր ընկնել դրանց վատ վիճակի պատճառով:

08.01.2014

Աղբյուրը՝ “Արմեդիա” ՏՎԳ