“Ղազախստան. հաջողության գաղտնիքները” ծրագիր

ԵԱՀԿ նախագահությունը ստանձնած ԱՊՀ անդամ-երկրներից առաջինը եղել է Ղազախստանը: Աստանայում 2010 թվականին անցկացված ԵԱՀԿ գագաթնաժողովը բացահայտեց այս երկիրը որպես նախկին խորհրդային պետությունների շարքում ամենաշատ առաջընթաց գրանցածներից մեկի, ինչը վերաբերում է հասարակական-քաղաքական կյանքի գրեթե բոլոր ոլորտներին: Ղազախստանը ներկայացավ որպես եվրոպական և ասիական քաղաքակրթությունները կապող յուրօրինակ կամուրջ: Կարծում ենք, որ քաղաքական-պատմական ընդհանուր անցյալը, ինչպես նաև ներկա կապերը Ղազախստանի հետ Հայաստանի համար կարևոր են այդ երկրի և հասարակության գրանցած հաջողությունների գաղտնիքները բացահայտելու և, ինչու ոչ, դրանցից շատ բան քաղելու առումով: Այս գործին նպաստելու համար մեր կազմակերպությունը Հայաստանում Ղազախստանի դեսպանատան աջակցությամբ իրականացրել է “Ղազախստան. հաջողության գաղտնիքները” ծրագիրը:

Ծրագրի նկարագրությունը

“Ղազախստան. հաջողության գաղտնիքները” ծրագրի նպատակն էր բացահայտել և մեր հասարակությանը ներկայացնել հասարակական-քաղաքական կյանքի գրեթե բոլոր ոլորտներում (արտաքին քաղաքականություն, տնտեսություն, գիտություն, կրթություն, մշակույթ, սպորտ, տիեզերագնացություն և այլն) զարգացման առավելագույն ցուցանիշներ գրանցած պետության` Ղազախստանի հաջողության գաղտնիքները: Ծրագիրը բաղկացած էր երեք բաղադրիչից, որոնց շրջանակներում մենք համագործակցել ենք “Արմեդիա” տեղեկատվական, վերլուծական գործակալության (ՏՎԳ) հետ:

 Ծրագրի բաղադրիչներն էին՝

1. Սեմինար-քննարկումներ

Ծրագրի այս մասում անցկացվել են վեց սեմինար-քննարկում Երևանում և մարզերում մեկ ընդհանուր թեմայի շուրջ` “Ղազախստան. hաջողության գաղտնիքները”:

Սեմինարների միջոցով մեր հասարակությանը ներկայացրել ենք Ղազախստանի տնտեսական, մշակութային, գիտակրթական, սպորտային և աշխարհաքաղաքական ներուժը և նպաստել այս ոլորտներում արդյունավետ համագործակցության ձեռքբերմանը կամ խորացմանը:

Սեմինար-քննարկումներին մասնակցել են Երևանի և մարզերի երիտասարդներ, քաղաքագիտության, միջազգային հարաբերությունների, տնտեսագիտության և այլ մասնագիտությունների ուսանողներ, ինչպես նաև ՀՀ դիվանագիտական և քաղաքական էլիտայի ներկայացուցիչներ, փորձագետներ, քաղաքական գործիչներ, տնտեսագետներ, լրագրողներ, այլ մասնագետներ և ՀԿ դաշտի ներկայացուցիչներ:

Սեմինարների լուսանկարները

2. Լրագրողական այց Ղազախստան

Ծրագրի այս բաղադրիչի շրջանակներում մեր գործընկեր “Արմեդիա” ՏՎԳ լրագրողական խումբն այցելել է Աստանա և Ղազախստանի գիտակրթական, մշակութային, սպորտային ու այլ ոլորտներում գրանցած հաջողությունների մասին նկարահանումներ և հարցազրույցներ իրականացրել: Արդյունքում պատրաստվել են հեռուստահաղորդումներ, որոնք պատմում են նշված ոլորտներում Ղազախստանի ունեցած հաջողությունների մասին:

Այդ հաղորդումների շարքը որոշակի պարբերությամբ ցուցադրվել է “ԱրմՆյուզ” հեռուստաընկերությամբ՝ “Հայացք աշխարհին” հեռուստանախագծի եթերում:

Լրագրողական այցի լուսանկարները

Հաղորդումների տեսանյութեր

3. “Ղազախստան. հաջողության գաղտնիքները” գրքի պատրաստում և հրատարակում

Ծրագրի այս մասում ռուսերեն և հայերեն լեզուներով հրատարակել ենք “Ղազախստան. հաջողության գաղտնիքները” գիրք:

Հրատարակումից հետո գիրքն անվճար տրամադրվել է հայաստանյան տարբեր գրադարանների, պետական կառույցների և դիվանագիտական ներկայացուցչությունների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության կազմակերպությունների: