Արևելյան գործընկերությունը 2013թ.-ին. պատմակա՞ն էր, արդյոք, տարին

2013թ.-ն Արևելյան գործընկերության ծրագրի համար խոստանում էր լինել պատմական ու բեկումնային։ Նոյեմբերին պետք է սկսվեր մի նոր դարաշրջան, որը կլիներ ծրագրում ներգրավված տարածաշրջանի եվրոպական ապագայի ամրագրման պահը։ Սակայն, իրադարձություններն այլ զարգացում ստացան, և Վիլնյուսի գագաթաժողովը չարդարացրեց ակնկալիքները։

ԱլԳ Վիլնյուսյան գագաթաժողովին ի սկազբանե նախատեսվում էր ստորագրել ԵՄ-ի և Ուկրաինայի միջև Ասոցացման համաձայնագիրը, ներառյալ ԽՀԱԱՀ-ը, նախաստորագրել այն Հայաստանի, Մոլդովայի և Վրաստանի հետ։ Արդյունքում սակայն, Վիլնյուսում Ուկրաինայի հետ որևէ փաստաթուղթ չստորագրվեց, իսկ գագաթաժողովի կարևորագույն իրադարձությունը եղավ Վրաստանի և Մոլդովայի հետ վերոնշյալ համաձայնագրերի նախաստորագրումը։ Իսկ Հայաստանի և ԵՄ-ի կողմից ընդունվեց համատեղ հայտարարություն՝ համագործակցությունը շարունակելու մտադրության վերաբերյալ։

Վիլնյուսի հետ կապված ակնկալիքները չարդարացան, սակայն Արևելյան գործընկերության ծրագիրը, հակառակ շատ փորձագետների պնդումների, դրանով անկում չապրեց։ Ի վերջո, պետք է հաշվի առնել, որ ծրագրի գլխավոր նպատակներից մեկը տարածաշրջանի երկրների զարգացումն ապահովելն ու եվրոպական չափորոշիչներին մոտարկելն է։ Այն հանգամանքը, որ Վրաստանը, Հայաստանն ու Մոլդովան ամռանն ավարտին հասցրին Ասոցացման բանակցություններն, ու հայտարարվեց համաձայնագրերի նախաստորագրմանը պատրաստ լինելու մասին, արդեն իսկ վկայում է այն մասին, որ այս երկրները բավարարում են Եվրոպայի կողմից սահմանված չափանիշներին, և բարեփոխումներն արդյունավետ են եղել։

Գագաթաժողովին հետևեցին ԱլԳ երկրներից Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի հետ ԵՄ համագործակցության խորհուրդների հանդիպումները, որոնց ընթացքում ամրագրվեցին և առավել հստակեցվեցին առաջխաղացման վեկտորներն ու գործիքները: ԵՄ-ն պատրաստակամություն հայտնեց շարունակել համագործակցությունն ԱլԳ երկրների հետ և խորացնել արդեն իսկ առկա ձեռքբերումները:

Հայաստանի պարագայում երկու կողմերն էլ պատրաստակամություն են հայտնել շարունակել սերտ հարաբերություններն ու առաջ տանել դրանք՝ արդեն իսկ ձեռք բերվածի հիմքի վրա, ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է բոլոր հնարավոր ոլորտներում համագործակցությունը զարգացնելու Հայաստանի ցանկությունը: ԵՄ պաշտոնյաների կողմից բարձր են գնահատվել Հայաստանում տեղի ունեցած բարեփոխումներն ու դրանք շարունակելու մտադրությունը, ընդգծվել է, որ մեծ ուշադրություն է դարձվելու քաղաքացիական հասարակութան հետ աշխատանքին:

Ադրբեջանի պարագայում ԵՄ-ն շեշտել է բաց և լայն երկխոսության պատրաստակամությունը, «ԵՄ-ն լինելու է այնքան ամբիցիոզ, որքան կուզեն լինել մեր գործընկերները և համագործակցություն կլինի այն խորության, որին գործընկերները կհասնեն իրենց բարեփոխումներում»: Կարևորվել է ճկուն քաղաքացիական հասարակության առկայությունը, մատնանշվել է աշխատանք տանելու անհրաժեշտությունն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են մամուլի ազատությունը, հավաքների և ասոցիացիաներ կազմելու ազատությունները և այլն: Այս կապակցությամբ ԵՄ-ն կոչ է արել Ադրբեջանին ավարտել անդամակցումն ԱՀԿ-ին, ինչը հնարավորություն կստեղծի ԽՀԱԱՀ-ի բանակցման համար: Քննարկվել է նաև էներգետիկ ոլորտում համագործակցությունը:

Վրաստանի հետ հանդիպման ընթացքում դրական գնահատական է տրվել երկրում ժողովրդավարության համախմբմանը՝ հաշվի առնելով վերջին նախագահական ընտրություններն ու դրանց միջոցով իշխանության փոխանցումը։ ԵՄ-ն ուշադրություն է հրավիրել հանցավորության դեմ պայքարի թափանցիկության և անկողմնակալության կարևորության վրա՝ խուսափելով քաղաքականացումից։ Շեշտադրվել է փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության հարցը։ Երկու կողմերը մտադրություն են արտահայտել 2014-ին ստորագրել Ասոցացման համաձայնագիրը և անցնել իրականացման փուլ։

Արևելյան գործընկերության երկրների հետ համագործակցության և հետագա բարեփոխումների խրախուսման մասին է վկայում նաև Վիլնյուսի գագաթաժողովից հետո ԱլԳ երեք երկրներին՝ Հայաստանին, Վրաստանին և Մոլդովային լրացուցիչ ֆինանսավորման տրամադրումը։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին Եվրոպական հանձնաժողովը հայտարարեց այս երկրներին ԵՀՔ առաջընթաց զեկույցի հիման վրա ԱլԳ ինտեգրացիա և համագործակցություն (EaPIC) գործիքի միջոցով 87 մլն եվրո տրամադրելու մասին։ Դրանից հետո Հայաստանին տրամադրվեց ևս 41մլն եվրո քաղաքացիական հասարակության, տարածաշրջանային համագործակցության և գյուղատնտեսության զարգացման համար։

Արդյունքում, 2013-ի ընթացքում նախաստորագրվեցին Ասոցացման համաձայնագրերը Վրաստանի և Մոլդովայի հետ (ներառյալ ԽՀԱԱՀ-ները), Վրաստանի հետ ստորագրվեց շրջանակային համաձայնագիր ԵՄ ճգնաժամերի կառավարման առաքելություններում մասնակցության վերաբերյալ, Ուկրաինայի հետ նախաստորագրվեց քաղաքացիական ավիացիայի համաձայնագիր։

Զգալի առաջընթաց արձանագրվեց Շարժունակության քաղաքականության ոլորտում՝ Մոլդովան հաջողությամբ ավարտեց Վիզաների ազատականացման Գործողությունների ծրագիրը, և ԵՄ-ն այժմ քննարկելու է անցագրային ռեժիմի ազատականացումը Մոլդովայի հետ։ Վրաստանը դեռևս նոր է սկսել իրականացնել Վիզաների ազատականացման Գործողությունների ծրագիրը։ Հայաստանի հետ ստորագրվեց Ռեադմիսիայի համաձայնագիրը, Վիզաների դյուրացման և Ռեադմիսիաի համաձայնագրերը վավերացվեցին Եվրախորհրդարանի և ՀՀ ԱԺ-ի կողմից և 2014-ից կմտնեն ուժի մեջ։ Ադրբեջանի հետ ստորագրվեց Վիզաների դյուրացման համաձայնագիր:

Եվրախորհրդարանը հավանություն տվեց ԵՄ ծրագրերին Հայաստանի մասնակցությանը, դեկտեմբերին ԵՄ ծրագրերին մասնակցության արձանագրություն կնքվեց Վրաստանի և ԵՄ-ի միջև։

Հայաստանը, Վրաստանը և Մոլդովան միացան Արևելյան Եվրոպայի Արդյունավետության և Մթնոլորտի շուրջ համագործակցությանը և ստացան 60 մլն եվրո համապատասխան գործունեություն ծավալելու համար։ ԱլԳ երկրների համար զգալիորեն ընդլայնվեց Երասմուս+ ծրագիրը։

Բավական բարդ փուլ թևակոխեցին ԵՄ հարաբերություններն Ուկրաինայի հետ։ Ասոցացման համաձայնագրի ստորագրման պատրաստման գործընթացի կասեցման վերաբերյալ Ուկրաինայի կառավարության հայտարարությունից հետո հնչեցին փոխադարձ մեղադրանքներ, այժմ փորձեր են արվում հարաբերությունների հետագա կառուցման ձևաչափերի սահմանման ուղղությամբ։ ԵՄ-ն բազմիցս հայտարարել է Ուկրաինայի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման պատրաստակամության մասին՝ «հենց որ վերջինս պատրաստ լինի»։ Փորձ կատարվեց նաև Ասոցացման համաձայնագրի ստորագրման շուրջ բանակցությունների վերսկսման ուղղությամբ, սակայն այն արդյունք չտվեց, Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն հայտարարեց, որ Եվրահանձնաժողովը նպատակահարմար չի գտնում շարունակել ԱՀ ստորագրման շուրջ բանակցությունները Կիևի հետ ներկայիս իրավիճակում, քանի որ ուկրաինական իշխանությունները հստակ դիրքորոշում չունեն ԱՀ-ի ստորագրման հարցում։

Իր հերթին Ուկրաինայի նախագահ Վ.Յանուկովիչը հանդես եկավ ինտեգրացիոն գործընթացների հարցերը եռակողմ ձևաչափով քննարկելու առաջարկով՝ ԵՄ-Ուկրաինա-ՌԴ, սակայն եվրոպական կողմը հրաժարվեց «երկկողմ հարցերը քննարկել երրորդ կողմի հետ»։ Յանուկովիչը հայտարարել է, որ Ուկրաինան դադար է վերցրել՝ գտնելու համար պատասխանը, թե ինչ պայմաններով է Ուկրաինան ստորագրում Ասոցացման համաձայնագիրը։ Նա միաժամանակ հայտնել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերել թե՛ ԵՄ-ի, թե՛ ՌԴ-ի հետ վիճելի հարցերի առաջացման պարագայում դրանք քննարկել եռակողմ ձևաչափով։

Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը զգալիորեն խափանեց 2013թ.-ի և մասնավորապես Վիլնյուսի գագաթաժողովի հետ կապված ծրագրերը։ Սակայն, բարդ է ասել, թե որքանով էր դա անսպասելի Եվրոպայի համար, քանի որ երկրի ծանր տնտեսական վիճակը, Ռուսաստանի կողմից ստեղծվող բացահայտ խոչընդոտներն ու ներքաղաքական ոչ միանշանակ դրությունը բազմիցս բարձրաձայնվել են ուկրաինական իշխանությունների կողմից, և իրավիճակի կարգավորման համար անհրաժեշտ էին հստակ քայլեր, որոնք չիրականացվեցին, կամ իրականացվեցին մասամբ։ Ուստի, Ուկրաինայի օրինակը որոշ չափով ուսանելի դարձավ նաև Եվրոպայի համար՝ ապացուցելով, որ գործընթացը կարող է ոչ ցանկալի ելք ստանալ նույնիսկ վերջին քայլի նախաշեմին՝ ուստի Վրաստանի և Մոլդովայի հետ ԱՀ-ների նախաստորագրումը դեռևս հաջողություն համարել չի կարելի։ Տրամաբանական է, որ այս ուղղությամբ Եվրոպան զգալի ջանքեր կներդնի՝ խուսափելու համար «ուկրաինական սցենարից»՝ առավել ևս հաշվի առնելով Վրաստանի նոր իշխանությունների կողմից ՌԴ-ի հետ հարաբերությունները բարելավելու միտումները, ինչպես նաև չկարգավորված հակամարտությունների առկայությունն ու Ռուսաստանի զգալի ազդեցությունը թե՛ Մերձդնեստրում, թե՛ Աբխազիայիում և Հարավային Օսիայում։

2013թ.-ը ցույց տվեց Արևելյան գործընկերության ծրագրի մի շարք թերություններն ու բացթողումները թե՛ ԵՄ-ի, թե՛ գործընկեր երկրների կողմից։ Միաժամանակ, կարևոր քայլեր կատարվեցին տարբեր ոլորտների բարեփոխման և չափանիշների մոտարկման ուղղությամբ, ինչն իր դրական ազդեցությունն ունեցավ կամ դեռևս կունենա Գործընկեր երկրներում կյանքի որակի վրա։ Հետվիլնյուսյան զարգացումները ցույց տվեցին, որ ԵՄ-ն շարունակելու է համագործակցությունը տարածաշրջանի երկրների հետ, իսկ վեջիններս մտադիր են շարունակել բարեփոխումներն ու համագործակցությունը բոլոր ոլորտներում։ Մոլդովայի և Վրաստանի պարագայում 2014-ի ընթացքում ինտենսիվ աշխատանք կտարվի՝ հասնելու Ասոցացման համաձայնագրերի և ԽՀԱԱՀ-ների ստորագրմանը մինչև 2014թ. օգոստոսի վերջ, Հայաստանի հետ կվերանայվեն երկկողմ հարաբերությունների հիմքերն ու կնորացվեն հիմք կազմող փաստաթղթերը՝ հաշվի առնելով այս ընթացքում ունեցած զգալի առաջընթացն ու արդյունքները։ Իսկ Ուկրաինայի հետ հարաբերությունները դեռևս պետք է թևակոխեն որոշակիացման փուլ՝ որոշելու համար դրանց հետագա ընթացքը։

Աննա Կարապետյան

Աղբյուրը՝ “Արմեդիա” ՏՎԳ