ՓՈՐՁԱԳԵՏԻ ԿԱՐԾԻՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ վերլուծաբան, միջազգայնագետ Քրիստինե Հովսեփյանը Մաքսային միության ընդլայնման վերաբերյալ մեկնաբանություն է տվել «Արմեդիա» տեղեկատվական, վերլուծական գործակալությանը: Մեկնաբանության տեքստը ներկայացնում ենք ստորև:

-Ո՞րն էր դեկտեմբերի 24-ի` մեզ հետաքրքրող հիմնական ուղերձը:

-Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի Մոսկվայում կայացած նիստին, ինչպես և ակնկալվում էր, Բելառուսի, Ղազախստանի, Ռուսաստանի և Հայաստանի նախագահները Մաքսային միությանը և Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի Հանրապետության միանալու միջոցառումների ծրագրի («ճանապարհային քարտեզի») մասին հայտարարություն ստորագրվեց: Ինչպես և սպասելի էր, այս առնչությամբ Ադրբեջանի հետ սերտ գործընկերային հարաբերություններով պայմանավորված մեկնաբանություն արվեց Ղազախստանի կողմից, որն, ըստ էության, կարելի է դիտարկել քաղաքական «պարտադիր» հայտարարությունների մակարդակում:

Նման եզրահանգման թույլ են տալիս հանգել ոչ միայն Մաքսային Միության մեջ Հայաստանին ներգրավելու նույն կառույցի ձգտումները (չնայած հանգամանքին, որ ռուսական կողմը փորձում է ամեն կերպ ձգտումների վեկտորն այլ կերպ ներկայացնել), այլ հենց Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի խոսքի ինքնահակասականությունը: Փորձենք հասկանալ՝ ինչում է այն կայանում: Նազարբաևը մի կողմից Ղրղզստանի միացման առնչությամբ նշում է, որ, օրինակ, «ճանապարհային քարտեզի» ընդունումը պետք է լինի առանց որևէ վերապահումների, հատուկ ռեժիմների, այսինքն առկա է պայմանագիր, կողմերը պետք է լիարժեքորեն ընդունեն այն և հետո միայն անհրաժեշտության դեպքում քննարկվեն խնդիրները: Մյուս կողմից, նույն Նազարբաևն առաջարկում է ստորագրել ՄՄ-ին ՀՀ միացման «Ճանապարհային քարտեզը», բայց ստորագրել «Լեռնային Ղարաբաղի» հակամարտության համատեքստում Մաքսային Միության սահմանի առնչությամբ «հատուկ կարծիքով», որը կկցվի «քարտեզին»: Հետո Նազարբաևը հույս է հայտնում, որ ՄՄ փորձագետներն այս հարցերի շուրջ համաձայնության կգան:

Վերը նշվածից կարելի է առնվազն երկու եզրակացության հանգել. 1. Կամ ՄՄ-ում արդեն իսկ գործում են երկակի ստանդարտներ՝ Հայաստանի մասով կարելի է վերապահումներ անել, իսկ Ղրղզստանին՝ ոչ (թեև Նազարբաևը դժվար թե ցանկանար նման պնդում անել), 2. կամ «հատուկ կարծիքի» վերաբերյալ հայտարարությունը տրամաբանորեն միմիայն «քաղաքական» հայտարարություն էր՝ զուտ հայտարարելու նպատակով:

13.01.2014

Աղբյուրը՝ «Արմեդիա» ՏՎԳ