Բարեփոխումները չեն կարող դադարեցվել քաղաքական վեկտորների «վայրիվերումների» պատճառով. Ա.Կարապետյան

«Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ վերլուծաբան, քաղաքագետ Աննա Կարապետյանը 2014 թվականին ԵՄ տարածաշրջանային քաղաքականության վերաբերյալ մեկնաբանություն է տվել «Արմեդիա» տեղեկատվական, վերլուծական գործակալությանը: Մեկնաբանության տեքստը ներկայացնում ենք ստորև:

-2013-ը բավական կարևոր տարի էր Արևելյան գործընկերության ծրագրի համար: Ինչպիսի՞ն են ակնկալիքները 2014-ից: Ի՞նչ զարգացում կունենան ԵՄ հարաբերությունները տարածաշրջանի հետ:

-Անշուշտ, Վիլնյուսի գագաթաժողովի արդյունքները չարդարացրին վերջին երկու տարիների ակնկալիքները, սակայն հետվիլնյուսյան զարգացումները ցույց տվեցին, որ ԵՄ-ն շարունակելու է համագործակցությունը տարածաշրջանի երկրների հետ:

ԱլԳ երկրներում բարեփոխումներն անդրադառնում են պետության կենսագործունեության և ժողովրդավարության համար կարևորագույն ոլորտներին, ուստի դրանք չեն կարող դադարեցվել կամ ի չիք դառնալ քաղաքական վեկտորների «վայրիվերումների» պատճառով: ԱլԳ երկրները շարունակելու են բարեփոխումները, իսկ ԵՄ-ն կաջակցի այդ գարծընթացին: Այդ մասին են վկայում արդեն Վիլնյուսից հետո Վրաստանին, Մոլդովային և Հայաստանին լրացուցիչ ֆինանսավորում տրամադրելու մասին հայտարարությունները:

Մոլդովայի և Վրաստանի պարագայում 2014-ի ընթացքում ինտենսիվ աշխատանք կտարվի՝ հասնելու Ասոցացման համաձայնագրերի և ԽՀԱԱՀ-ների ստորագրմանը մինչև օգոստոսի վերջ: Այս ուղղությամբ հետաքրքիր զարգացումներ են սպասվում, քանի որ ՌԴ-ն, հավանաբար, ավելի մեծ ջանք կգործադրի այս գործընթացը խափանելու համար՝ օգտագործելով թե՜ չկարգավորված հակամարտությունները, թե՜ այլ լծակներ: Ուստի, ԵՄ-ն պետք է զգալի ջանք գործադրի իր գործընկերներին աջակցելու համար:

Հայաստանի հետ կվերանայվեն երկկողմ հարաբերությունների հիմքերն ու կնորացվեն հիմք կազմող փաստաթղթերը՝ հաշվի առնելով այս ընթացքում ունեցած զգալի առաջընթացն ու արդյունքները։ ԵՄ-Հայաստան համագործակցության խորհրդի նիստի ընթացքում արդեն իսկ բարձրաձայնվել է համագործակցությունը բոլոր ոլորտներում շարունակելու մտադրությունը:

Իսկ Ուկրաինայի հետ հարաբերությունները դեռևս պետք է թևակոխեն որոշակիացման փուլ՝ որոշելու համար դրանց հետագա ընթացքը։ Ուկրաինան, ամենայն հավանականությամբ, ջանքեր կգործադրի կյանքի կոչելու «և՜-և՜» բանաձևը՝ նոր ելևէջներով: Դրա մասին են վկայում ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի իմպլեմենտացման շուրջ բանակցություններ վարելու մտադրության մասին հայտարարությունները, ինչպես նաև Մաքսային Միության և մասնավորապես՝ ՌԴ-ի հետ համագործակցության խորացումը:

Ինչ-ինչ ձևով կշարունակվի աշխատանքը նաև Ադրբեջանի ու Բելառուսի հետ:

Աղբյուրը՝ “Արմեդիա” ՏՎԳ