ՀԵՀ-ը հայտարարում է կրթաթոշակի հատկացման մրցույթ

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը (ՀԵՀ) հայտարարում է կրթաթոշակների հատկացման մրցույթ։ Մրցույթին կարող են մասնակցել պետական բուհերի առկա ուսուցման բակալավրիատի առաջին կուրսի` անվճար համակարգում չընդգրկված ուսանողները։

Կրթաթոշակ տրամադրելու նպատակով ՀՀ կառավարությունը ՀԵՀ-ին է հատկացրել 60 մլն դրամ։

Հայտատու ուսանողը պետք է բավարարի նշված պահանջներից առնվազն մեկին՝

  • սոցիալապես անապահով (ընտանիքի անապահովության սահմանային միավորից բարձր միավոր ունեցող) ընտանիքների անդամ,
  • միակողմանի ծնողազուրկ ուսանող,
  • երրորդ խմբի հաշմանդամ ուսանող,
  • հեռավոր լեռնային և սահմանամերձ գյուղերի ուսանող,
  • տվյալ ուսումնական տարվա կիսամյակի քննությունների և ստուգարքների արդյունքներով առավել բարձր գնահատականներ ունեցող ուսանող,
  • հասարակական ակտիվություն ցուցաբերող ուսանող,
  • պատշաճ վարքագիծ դրսևորող ուսանող:

Դիմում-հայտերի ընդունման վերջնաժամկետը փետրվարի 10-ն է։ Դիմումներն ու անհրաժեշտ փաստաթղթերն ընդունվում են Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գրասենյակում (հասցե՝ ք. Երևան, Տերյան 74), ամեն օր, բացի շաբաթ և կիրակի օրերից` ժամը 10.00-17.00 (ընդմիջման ժամն է 13.00-14.00-ն): Կրթաթոշակի հատկացման մասին այլ մանրամասների կարելի է ծանոթանալ ՀԵՀ-ի պաշտոնական կայքում (http://heh.am):

Նշենք, որ 2011-2013թթ. Հայաստանի երիտասարդական հիմնադրամը ՀՀ կառավարության աջակցությամբ պետական բուհերի անվճար համակարգում չընդգրկված, վերոնշյալ չափանիշներին համապատասխանող ավելի քան 2150 ուսանողի հատկացրել է կրթաթոշակներ։

Աղբյուրը՝ ՀԵՀ