Քվեարկենք “Խաղաղություն” թեմայով երգի անգլերեն խոսքերի օգտին

Ինչպես արդեն հայտնել ենք, “Եվրոպական ինտեգրացիա” հասարակական կազմակերպությունը “Արցախի ժողովրդական դիվանագիտության ինստիտուտ” և “Հումանիտար հետազոտությունների հանրություն” հասարակական կազմակերպությունների հետ համատեղ և ԱՄՆ կառավարության աջակցությամբ մեկնարկել է “Միասին 2” ծրագիրը, որի շրջանակներում անցկացվում են Skype-կոնֆերանսներ սահմանամերձ շրջաններում բնակվող հայ և ադրբեջանցի երիտասարդների միջև, ինչպես նաև հայտարարվել են “Խաղաղություն” թեմայով լուսանկարների և “Միասին” երգի անգլերեն խոսքերի մրցույթներ:

“Միասին” նախագծի Project “Together” ֆեյսբուքյան էջում մեկնարկել է “Խաղաղություն” թեմայով՝ “Вместе” երգի անգլերեն խոսքերի համար քվեարկությունը: Երգի ռուսերեն տարբերակին կարող եք ծանոթանալ՝ հետևելով հղմանը: Եթե խաղաղության ջատագով եք, անտարբեր չեք երաժշտության հանդեպ և տիրապետում եք անգլերեն լեզվին, հրավիրում ենք քվեարկել այն խոսքերի օգտին, որոնք առավելագույնս դուր կգան Ձեզ: Անաչառության սկզբունքը պահպանելու նպատակով քվեարկության համար տեղադրված անգլերեն խոսքերի հեղինակները նշված չեն: Քվեարկությունը կավարտվի փետրվարի 10-ին՝ ժամը 23:00-ին:

Հիշեցնենք, որ “Միասին” նախագծի Project “Together” ֆեյսբուքյան էջում ընթացքի մեջ է “Խաղաղություն” թեմայով լավագույն լուսանկարի համար քվեարկությունը, որը կավարտվի հունվարի 28-ին: Քվեարկության դրված լուսանկարները հայերի և ադրբեջանցիների ստեղծագործություններն են. հենց այդպիսին են նրանք պատկերացնում խաղաղությունը մեր մոլորակում:

Մասնակցելով քվեարկություններին և “Like” տալով Ձեր հավանած լուսանկարին կամ խոսքերին՝ Ձեր ներդրումը կունենաք այնքան փխրուն խաղաղության հարցում: Խնդրում ենք՝ եղեք ակտիվ, քվեարկեք, ինչպես նաև խաղաղության հարցում ներգրավեք Ձեր ընկերներին, գործընկերներին և հարազատներին: Չէ՞ որ խաղաղությունն անհրաժեշտ է մեզ բոլորիս…

“Եվրոպական ինտեգրացիա” ՀԿ