ԻՆՉԻ՞ ՄԱՍԻՆ ԿԼԻՆԵՆ ՀՀ և ԱՀ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԸ 2014-ԻՆ. ՓՈՐՁԱԳԵՏԻ ԿԱՐԾԻՔ

«Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահի խորհրդական, վերլուծաբան Աննա Մկրտչյանը 2014 թվականին ղարաբաղյան կարգավորման գործընթացից ակնկալիքների վերաբերյալ մեկնաբանություն է տվել «Արմեդիա» տեղեկատվական, վերլուծական գործակալությանը: Մեկնաբանության տեքստը ներկայացնում ենք ստորև:

-Ինչպիսին էր 2013թ. ղարաբաղյան կարգավորման տեսանկյունից և ինչ կարելի է ակնկալել 2014-ին:

-Կարգավորման տեսանկյունից այս տարին կարևոր էր այնքանով, որ շուրջ երկամյա դադարից հետո ի վերջո հաջողվեց վերամեկնարկել գործընթացը: Ինչպես և ակնկալվում էր, միջնորդներն օգտագործեցին հետընտրական ժամանակահատվածը, կողմերի միջև շփումը վերսկսելու նպատակով: Կցանկանայի ուշադրություն հրավիրել այն փաստի վրա, որ դեռևս մինչև Վիեննայում ՀՀ և Ադրբեջանի նախագահների հանդիպումը կազմակերպելը, ԱՄՆ փոխեց ԵԱՀԿ Մինսկի խմբում իր համանախագահողին: Այս պաշտոնում նշանակվեց հետխորհրդային տարածաշրջանին լավ ծանոթ և հակամարտությունների կարգավորման ոլորտի հարուստ փորձ ունեցող Ջոն Ուորլիքը, ով նշանակումից անմիջապես հետո այցելեց տարածաշրջան, այդ թվում` ԼՂՀ: Թերևս հիշում ենք, որ վերադառնալով նա իր Twitter-յան էջում տեղադրել էր լուսանկար Ստեփանակերտից, ինչը միանգամից որոշակի դրական տրամադրվածություն ձևավորեց նրա նկատմամբ: Իհարկե հասկանալի է, որ համանախագահողի/ների անձից գրեթե ոչինչ կախված չէ հակամարտության կարգավորման գործընթացում, ի վերջո նա դիվանագետ է, ով կոչված է ներկայացնել տվյալ խնդրում իր կառավարության պաշտոնական դիրքորոշումը: Սակայն վստահությունը անձի նկատմամբ, բնական է, որ ինչ որ առումով տարածվում է նաև նրա միջոցով ներկայացվող նախաձեռնությունների վրա: Մյուս կողմից ամերիկացի համանախագահողի համեմատական «ջերմ» վերաբերմունքն Արցախի և արցախցիների նկատմամբ, այն հանգամանքը, որ տարածաշրջանային վերջին այցի ընթացքում վերջինս հանդիպեց ԼՂՀ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, վկայում են այն մասին, որ կարգավորման միջնորդների մոտ ի վերջո ամրագրվել է այն ընկալումը, որ անտեսելով մարդկանց, ում անմիջականորեն առնչվում է հակամարտությունը, կարգավորման հասնել հնարավոր չէ` ո’չ այժմ, ո’չ երբևէ: Թե ինչ է խոստանում 2014-ը կարգավորման տեսանկյունից, կարծում եմ, ակնհայտ է, որ բեկումնային առաջընթաց ակնկալել հնարավոր չէ, քանի դեռ սահմանին հնչում են կրակոցներ և կան զոհեր: Այս հանգամանքը ևս քաջ գիտակցում են միջնորդները: ԵԱՀԿ Գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը հայտարարեց, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահողների հետ միասին ունի մանդատ` հակամարտության կողմերի հետ վստահության միջոցառումների մշակման շուրջ աշխատելու համար: Ներկայացուցչի խոսքով, վստահության որոշ միջոցառումներ ավելի դժվար է կյանքի կոչել, քան մյուսները և նշեց, որ իր թիմն օգնում է շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմների մշակման հարցում: Ինչպես գիտենք, Ադրբեջանն արդեն մեկ անգամ տապալել է միջնորդների առաջարկը կոնկրետ այս հարցում, մնում է հուսալ, որ նոր տարբերակը կմշակվի և Ադրբեջանին կներկայացվի այնպես, որ դրանից հրաժարվելը հեշտ չի լինի վերջինիս համար: Թե ինչի շուրջ կարող են ՀՀ և Ադրբեջանի նախագահները զրուցել հունվարյան հանդիպման ժամանակ, կարելի է միայն ենթադրել: Կազանի հանդիպանը և դրանից հետո, ինչպես հայտնի է, Ադրբեջանը չէր էլ թաքցնում, որ հավանության չի արժանացնում Մադրիդյան կոչվող փաստաթուղթը (չնայած, որ պաշտոնապես երբևէ չի մերժել Մադրիդյան սկզբունքներ կոչված փաթեթը)` փոխարենն առաջարկելով բանակցություններ սկսել կարգավորման համապարփակ պայմանագրի շուրջ: Ինչպես հայտնի է, Մադրիդյան սկզբունքների շուրջ համաձայնությունը ենթադրում էր միջանկյալ կարգավիճակի տրամադրում ԼՂՀ-ին և նրա մասնակցություն հետագա բանակցություններին: Այսպիսով, կարելի ենթադրել, որ միջնորդների նոր առաջարկը կողմերին, որի մասին իրենց կարծիքը, ինչպես Ուորլիքը նշեց, պիտի կողմերն արտահայտեն հունվարյան հանդիպման ընթացքում, կարող է առաջ շարժվելու որևէ փոխզիջումային տարբերակ լինել, օրինակ` մեծ պայմանագրի շուրջ բանակցությունների մեկնարկ` արդեն ԼՂՀ մասնակցությամբ: Այս հարցը կարող է լինել առաջիկա բանակցություններում քննարկվող խնդիրը: Այսպիսով ամփոփելով, կարելի նշել, որ, բնականաբար, էական առաջընթաց ակնկալելը դժվար է, և դրական տեղաշարժ կարող են համարվել բանակցային գործընթացի շարունակականությունը և վստահության միջոցառումներից որևէ մեկի շուրջ կողմերի համաձայնությունը:

14.01.2014

Աղբյուրը՝ “Արմեդիա”ՏՎԳ