Ազատությունների՞, թե՞ երկակի ստանդարտների Եվրոպա

2014 թվականի մարտի 17-ին կլրանա Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած վճռի բողոքարկման համար նախատեսված 3-ամսյա ժամկետը: Եթե շվեյցարական կողմը չօգտվի Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 43-րդ հոդվածի ուժով իրեն վերապահված հնարավորությունից, այն է՝ բողոքարկել վճիռը ՄԻԵԴ Մեծ պալատում, դեկտեմբերի 17-ին կայացրած վճիռը կհամարվի վերջնական: Իսկ եթե շվեյցարական կառավարությունը որոշում ընդունի բողոքարկելու վճիռը, ապա այդ պահանջը նախ կքննարկվի Մեծ պալատի 5 դատավորներից բաղկացած հանձնախմբի կողմից, այնուհետև, համաձայն 43-րդ հոդվածի 2-րդ կետի՝ «եթե գործն արծարծում է այնպիսի լուրջ հարց, որը վերաբերում է Կոնվենցիայի կամ նրան կից արձանագրությունների մեկնաբանմանը կամ կիրառմանը, կամ ընդհանուր կարևորության այլ լուրջ հարց է», ապա գործը կհանձնվի ՄԻԵԴ-ի 17 դատավորներից բաղկացած Մեծ պալատի քննությանը:

Հավանականությունը, որ բողոքարկման դեպքում գործն ամեն դեպքում կընդունվի և կքննվի Մեծ պալատի կողմից, կարծում ենք, առնվազն փոքր չէ: Բանն այն է, որ դեկտեմբերի 17-ի վճռի ժամանակ դատարանի 7 հոգանոց կազմից 4 դատավորներ հատուկ կարծիք են հայտնել, իսկ նրանցից երկուսն ընդհանրապես դեմ են եղել կայացրած որոշմանը: Սա վկայում է քննարկվող հարցի լրջության մասին: Մեկ անգամ չէ, որ միջազգային դատական ատյանները, այդ թվում և ՄԻԵԴ-ը, նշել են, որ դատարանի գործառույթը քննարկվող խնդրին իրավական լուծում տալն է, այլ ոչ քաղաքական: Սակայն բոլորի համար էլ պարզ է, որ մեծ հեղինակություն ունեցող միջազգային դատական ատյանների վճիռները չեն կարող այս կամ այն ազդեցությունը չունենալ քննարկվող հարցի նաև քաղաքական կողմի վրա: Խնդիրը շատ ավելի զգայուն է այն դեպքում, երբ խոսքը վերաբերում է այնպիսի կարևորության հարցի, ինչպիսին մարդկության դեմ ուղղված հանցագործություններն են՝ մասնավորապես ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը:

Այդ դեպքում ի՞նչ կատարվեց ՄԻԵԴ-ում դեկտեմբերի 17-ին: Տեղի ունեցածը թույլ է տալիս մտածել, որ մարդու իրավունքների պաշտպանությունը առաջին տեղում դնող և բացարձականացնող Եվրոպան այսօր արժեքների գնահատման լուրջ խնդրի առջև է կանգնած:

Ինչպես գիտենք, Թուրքիայի Աշխատավորական կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեքի գործով դատարանը վճռեց, որ Շվեյցարիայի կողմից խախտվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածը, այն է՝ խոսքի ազատության իրավունքը: Հիշեցնենք, որ Փերինչեքը Շվեյցարիայում դատապարտվել էր ռասայական խտրականության և հայոց ցեղասպանության փաստը հրապարակայնորեն մերժելու համար՝ համաձայն Շվեյցարիայի քրեական օրենսգրքի 261-րդ հոդվածի: Կարևոր է այստեղ նշել, որ չնայած այն հանգամանքին, որ խոսքի ազատության և ազատ արտահայտվելու իրավունքը, իրավամբ, ժողովրդավարական հասարակության կարևորագույն բաղադրյալներից է, ամեն դեպքում անգամ Կոնվենցիայի տեսանկյունից այն բացարձակ իրավունք չէ: Այսինքն՝ պետություններին տրված է հնարավորություն՝ որոշակի պայմաններում և որոշակի հանգամանքների ուժով սահմանափակել հիշյալ իրավունքի իրացումը: Օրինակ՝ մի շարք երկրներ ունեն համապատասխան օրենքներ, որոնց հիման վրա քրեական պատասխանատվության են ենթարկում հոլոքոստը մերժողներին, և այս փաստը ՄԻԵԴ-ը ընդունում է: Այսինքն՝ ստացվում է մի իրավիճակ, երբ հրեաների ցեղասպանությունը հերքելու համար քրեական պատասխանատվություն սահմանելը համարվում է օրինաչափ և չի հակասում մարդու իրավունքների պաշտպանության ընդհանուր դրույթներին, իսկ հայոց ցեղասպանության մերժումը քրեականացնող օրենքները խախտում են մարդու իրավունքները: Արդյո՞ք այստեղ գործ չունենք ՄԻԵԴ-ի կողմից երկակի ստանդարտներ կիրառելու խնդրի հետ:

Իտալիան, Դանիան, Սերբիան, Հունգարիան, Մոնտենեգրոն, Պորտուգալիան և Շվեյցարիան ներկայացնող դատավորներից բաղկացած ՄԻԵԴ-ի պալատը դեկտեմբերի 17-ի իր վճռում անդրադարձել էր նաև այս խնդրին՝ հիմնավորելով, որ ի տարբերություն հոլոքոստի, որի եղելիությունը հաստատված է միջազգային տարբեր ատյանների կողմից, հայոց ցեղասպանության վերաբերյալ միջազգային հանրային քննարկումները դեռ շարունակվում են: Այս մոտեցումն ավելի շատ հարցեր է առաջացնում, քան հիմնավորում դատարանի վճիռը, ինչը ևս մեկ անգամ հաստատում է այն կարծիքը, որ Շվեյցարիայի կողմից վճռի բողոքարկումն առավել քան անհրաժեշտ է: Ինչպես արդեն նշվեց, 7 դատավորներից 4-ը հատուկ կարծիք են ներկայացրել: Կարևորում ենք հատկապես Հունգարիան և Իտալիան ներկայացնող դատավորներ Անդրաս Սայոյի և Գվիդո Ռայմոնդիի մոտեցումը, որոնք թեև ընդունել էին, որ տեղի է ունեցել 10-րդ հոդվածի խախտում, սակայն 7 էջից բաղկացած իրենց համատեղ կարծիքը կցել էին վճռին: Այստեղ նրանք ընդունել էին, որ հայ ժողովրդի նկատմամբ կատարված ոճրագործությունները պետական հովանավորությամբ էին իրականացվել, ինչն արդեն փաստում է, որ կատարվածը ցեղասպանություն է: Սակայն դատավորները ձեռնպահ են մնում նման գնահատական տալուց և առաջարկում օգտագործել «Մեծ եղեռն» եզրույթը՝ վերջինս էլ թարգմանելով որպես «Մեծ հանցագործություն»: Դատավորներ Պինտո դե Ալբուկերկեն (Պորտուգալիա) և Վուչինիչը (Մոնտենեգրո) առհասարակ չէին ընդունել 10-րդ հոդվածի խախտման փաստը և 19 էջանոց իրենց հատուկ կարծիքում մանրամասն անդրադարձել էին հայոց ցեղասպանության խնդրին: Դատավորների մեծ մասի ոչ միարժեք կարծիք ունենալու փաստն արդեն հիմնավոր նախապայման է՝ կայացված վճիռը Մեծ պալատում բողոքարկելու համար, և այս փուլում լուրջ աշխատանքներ պիտի իրականացնի նաև հայկական կողմը՝ ամեն կերպ օժանդակելով Շվեյցարիային: Այստեղ մեզ համար նույնիսկ ամենաանցանկալի տարբերակի դեպքում (եթե Մեծ պալատը առհասարակ վարույթ չընդունի կամ ընդունելու պարագայում էլ հավատարիմ մնա պալատի ընդունած վճռին) չենք կարծում, թե հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման վրա էական բացասական ազդեցություն կունենա, սակայն, ամենայն հավանականությամբ, կազդի հայոց ցեղասպանությունը քրեականացնող օրենքների ընդունման գործընթացի վրա, ինչը չափազանց կարևոր նախապայման է մարդկության դեմ ուղղված հանցագործությունների միջազգային ճանաչման և դատապարտման ճանապարհին:

Հերմինե Մխիթարյան

Աղբյուրը՝ “Արմեդիա” ՏՎԳ