ԲԵԼԳԻԱՅԻ ՀԱՅ ԴԱՏԻ ՀԱՆՁՆԱԽՈՒՄԲԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԻ ՀԵՏ

Չորեքշաբթի օրը՝ հունվարի 15-ին, Բելգիայի Հայ դատի հանձնախմբի պատվիրակությունը այցելել է Բելգիայում Շվեյցարիայի դեսպան Բենեդիկտ դը Սերժային: Պատվիրակությունը խնդրել է դեսպանին Շվեյցարիայի կառավությանը փոխանցել իրենց դիմումը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ 2013 թվականի դեկտեմբերի 17-ի՝ Փերինչեքը ընդդեմ Շվեյցարիայի գործի վճիռը բողոքարկելու մասին: Հանձնախմբի պատվիրակությունը ներկայացրել է նաև այն փաստարկները և հիմնական կետերը, որոնց հիման վրա բողոքարկվել է Շվեյցարիայի դաշնային դատարանի` Փերինչեքի գործով վճիռը:

Հիշեցնենք, Թուրքիայի Աշխատավորական կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեքի գործով դատարանը վճռեց, որ Շվեյցարիայի կողմից խախտվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածը, այն է՝ խոսքի ազատության իրավունքը: Հիշեցնենք, որ Փերինչեքը Շվեյցարիայում դատապարտվել էր ռասայական խտրականության և հայոց ցեղասպանության փաստը հրապարակայնորեն մերժելու համար՝ համաձայն Շվեյցարիայի քրեական օրենսգրքի 261-րդ հոդվածի:

16.01.2014

Աղբյուրը՝ Բելգիայի հայ դատի հանձնախումբ