2014-ի սկիզբը ԵՄ-ում…

2014 թվականը Եվրոպայում սկսվեց մի շարք հակասական և լայն քննարկման արժանացած իրադարձություններով: Դրանցից յուրաքանչյուրը գուցե իր ոլորտում բեկումնային լինի: Կարելի է ենթադրել, որ ինչ-որ չափով այս իրադարձությունները ավելի կսրեն արդեն իսկ առկա եվրահոռետեսությունը և նոր հարցերի առիթ կդառնան:

Նախ ուշադրության է արժանի ԵՄ 9 երկրների (Ավստրիա, Բելգիա, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա, Լյուքսեմբուրգ, Մալթա, Հոլանդիա և Իսպանիա) աշխատաշուկաների բացումը Ռումինիայի և Բուլղարիայի քաղաքացիների համար: Սա ԵՄ տարածքում ամենաթեժ քննարկումների առիթ դարձած թեմաներից էր: Այս հարցը լուրջ մտավախությունների առիթ է դարձել: Այս փոփոխությունը հավանական զանգվածային միգրացիայի վախ է առաջացրել Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի նման երկրներում:

2014թ. հունվարի 1-ից անդամակցության պայմանագրերում ներառված և մի շարք ԵՄ անդամ պետությունների կողմից ընդունված ազատ տեղաշարժի անցումային հսկողության ժամկետն ավարտվել է: Այս հատուկ հսկողության կարգը ուժի մեջ էր մտել 2007 թ.-ից Ռումինիայի և Բուլղարիայի` ԵՄ-ին անդամակցելուն զուգահեռ: Հարկ է նշել, որ ժամանակին այնպիսի երկրներ, ինչպիսիք են Շվեդիան և Իտալիան, իրենց աշխատաշուկաները բացել են նորեկների համար: Այժմ՝ միայն 7 տարի անց, Ռումինիայի և Բուլղարիայի քաղաքացիները հնարավորություն կունենան ապրելու և աշխատելու նաև այդ 9 անդամ-երկրների տարածքում և կստատան նույն կարգավիճակը, ինչ մյուս ԵՄ երկրների քաղաքացիները, բացի Խորվաթիայից, որի համար համապատասխան սահմանափակումները կվերանայվեն 2020 թվականից:

Այս երկու արևելաեվրոպական երկրերի հարցով Մեծ Բրիտանիայում տարաբնույթ քննարկումներ են ընթանում այս թեմայով և կառավարությունը մի շարք միջոցառումներ է ձեռնարկում նորեկների պետական նպաստներից օգտվելու հնարավորությունը սահմանափակելու համար: Բրիտանացիների մեծ մասը հարցումների ընթացքում շեշտել է, թե դեմ է ներգաղթին՝ որպես երևույթի, այլ ոչ թե ներգաղթող մարդկանց: Բրիտանիայում ներգաղթի հետ կապված այս խնդիրը նաև ստացել է «լեհական պարադոքս» անվանումը: Երբ Լեհաստանը դարձավ ԵՄ անդամ, հաշված ամիսների ընթացքում սկսվեց լեհերի միգրացիան ողջ ԵՄ տարածքով, իսկ այսօր լեհերը Բրիտանիայում կազմում են երկրորդ փոքրամասնությունը հնդիկներից հետո: Վարչապետ Քեմերոնի գլխավորած Պահպանողական կուսակցության անդամները ներգաղթյալների վրա տարածվող սահմանափակումները հետագայում երկարաձգելու ցանկություն են արտահայտել, սակայն կուսակցության ղեկավարությունից հայտարարվել է, թե Բրիտանիան արել է «օրենքի սահմաններում» ամեն հնարավոր բան:

Գերմանիայում կանցլեր Անգելա Մերկելի գլխավորած քրիստոնյա-դեմոկրատական կուսակցության անդամները միգրանտների համար սոցիալական նպաստների սահմանափակման կոչ են արել: Մինչդեռ Գերմանիայում վերջին փոփոխությունների հետ կապված ակնկալվում է մոտ 180,000-ով միգրանտների թվի ավելացում:

Միգրացիոն թեմաներից բացի՝ եվրոպական տարածքում մեկ այլ՝ տնտեսական տեսանկյունից ուշադրության արժանի իրադարձություն է Լատվիայի` եվրոյին անցումը: Այս պահին դժվար է կանխորոշել, թե ի՞նչ է սպասվում Լատվիային այս քայլից հետո, սակայն սա բազմաթիվ քննարկումներ և բացասական տրամադրություններ է առաջացրել թե՛ երկրի ներսում՝ ժողովրդի, թե՛ առհասարակ եվրագոտու քննադատների շրջանում:

Այդ փոքրիկ Բալթյան երկիրը՝ Լատվիան, հունվարի 1-ից դարձավ եվրագոտու 18-րդ անդամը: Սա, անկասկած, մեծ նշանակություն ունեցող իրադարձություն էր: Չնայած որ լատի արժեքը սերտորեն կապված էր եվրոյի հետ 2005-ից ի վեր, տնտեսական անցման խզումը սահմանափակ եղավ. ներքին կյանքում Լատվիայի բնակչության համար սկզբնական օրերին եվրոյով առևտուր կատարելը իրենից մեծ դժվարություն էր ներկայացնում: Չնայած մինչ շրջանառության մեջ մտնելը եվրոն ակտիվորեն քարոզվել էր եվրագոտում, այն, այնուամենայնիվ, մասսայականորեն «լավ ընդունելության» չարժանացավ: Փաստն այն է, որ լատն արժանացավ մարկի, ֆրանկի և լիրայի ճակատագրին՝ փոխարինվելով եվրոյով: Քաղաքացիների կողմից այս փոփոխությունն այնքան էլ միանշանակ չընդունվեց նաև մեկ այլ պատճառով. ժողովրդի մեջ վախ էր առաջացել Լատվիայի ազգային արժույթի՝ լատի տարադրամների ոչնչացման վտանգի տակ գտնվելու հետ կապված:

Լատվիայի եվրոյին անցումն այսօր ստիպում է վերհիշել, թե այդ նույն փաստն ինչ անդրադարձ ունեցավ հարևան Էստոնիայի վրա, որն արդեն 3 տարի է, ինչ շրջանառում է եվրոն: Երբ Էստոնիան նոր էր անդամակցել ԵՄ-ին, տարվա առաջին կեսին բոլորը դրական էին տրամադրված, ինչը, սակայն, փոխվեց տարվա երկրորդ կեսին, երբ արձանագրվեց, որ Էստոնիան եվրագոտու ամենաաղքատ անդամն է և աշխարհի 113-րդ տնտեսությունը: Էստոնիայի` եվրագոտի մուտքն ու ազգային արժույթից՝ կրոնից հրաժարվելը ընդհանուր առմամբ դրականորեն ընդունվեց բնակչության կողմից միայն առաջին տարվա ավարտին: Եվ բնականաբար, ինչպես և ամեն հարցում, այստեղ նույնպես սպասումի և իրականության տարբերությունը երևաց: Չնայած քաղաքական գործիչների և բանկային ոլորտի պատասխանատուների սպասումներին, եվրոյի ներմուծումը երկրում ինֆլյացիայի վրա դրական ազդեցություն չունեցավ: Տարիֆների, ակցիզների և այլ կողմնակի հարկերի ու վառելիքի թանկացումը տեղի ունեցավ ամբողջ տարվա ընթացքում՝ յուրաքանչյուր քաղաքացուց աննկատ մի փոքր պատառ պոկելով:

ԵՄ-ում այս տարի հակասական արձագանքի արժանացած իրադարձություն էր նաև Հունաստանի՝ ԵՄ նախագահության ստանձնումը: Հունաստանի 6-ամսյա նախագահության մեկնարկը տրվեց Բեռլինին և Բրյուսելին Աթենքի կողմից հստակ հաղորդագրությամբ. մինչ այդ վերջիններիս դրդմամբ կառավարության կողմից կիրառված ծախսերի կրճատումներն ու ֆիսկալ քաղաքականությունը այլևս իրենց համար ընդունելի չեն: Համընկնելով գլխավորապես Բեռլինում ծրագրվող կրճատումների կոշտ միջոցների դեմ՝ ԵՄ տարածքում օրեցօր աճող ընդդիմադիր տրամադրությունների հետ` Հունաստանի նախագահությունը նպաստեց կանցլեր Անգելա Մերկելի` իր համոզմունքներում ավելի մեկուսանալուն: Երկրի ֆինանսների նախարար Յաննիս Ստուրնարասն ասաց, որ «Հունաստանն այլևս ֆիսկալ պայմանականությունները հանդուրժելու ցանկություն չունի: Այդ հարցն այլևս չի քննարկվում, քանի որ արդեն իսկ պայմանները չափազանց կոշտ են»: Չորս տարի Եվրոպայի պարտքի և արժույթի ճգնաժամի սրման ավարտին ճգնաժամը գրեթե հաղթահարած Հունաստանը, ստանձնելով ԵՄ նախագահությունը, հայտարարեց այդ ամենն այլևս անընդունելի համարելու մասին:

Ինչպես տեսնում ենք ԵՄ-ում տարվա սկզբից արդեն որոշ չափով խառնաշփոթ է: Այս տարաբնույթ հարցերի ոլորտներից որն էլ հարազատ լինի այս կամ այն քաղաքացուն, արդեն իսկ ուրվագծվում են խնդիրները, որ գլուխ կբարձրացնեն տարվա ընթացքում:

Քրիստինե Գասպարյան

Աղբյուրը՝ “Արմեդիա” ՏՎԳ