Այս շաբաթ Եվրոպայում…

 

Ստորև ներկայացնում ենք այս շաբաթ Եվրոպայում սպասվող իրադարձությունները, որոնք անմիջականորեն անդրադառնում կամ հետաքրքրություն են ներկայացնում Հայաստանի համար։ Հատուկ ուշադրություն է դարձվում միջազգային կառույցներին և դրանց շրջանակներում նախանշված հանդիպումներին ու միջոցառումներին։

Հունվարի 20-ին Բրյուսելում տեղի է ունենալու ԵՄ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստ։ Օրակարգում ընդգրկված հարցերի շարքում են իրավիճակը Եգիպտոսում և Սիրիայում, ինչպես նաև Իրանին, Աֆղանստանին, Ռուսաստանին, Հրավային Սուդանին առնչվող հարցեր և այլն։ Տեղի է ունենալու նաև ԵՄ-Իրաք համագործակցության խորհրդի նիստ։

Հունվարի 21-ին Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուի և ԵՄ առևտրի հարցերով հանձնաժողովի նախագահ Կառլ դե Գուխտի հետ հանդիպում է ունենալու Թուրքիայի վարչապետ Ռաջիփ Թայիփ Էրդողանը։ Կառլ դե Գուխի հետ հանդիպում է ունենալու նաև Թուրքիայի էկոնոմիկայի նախարարը։ Նույն օրն Էրդողանը հանդիպելու է Եվրոպական խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպեյին։

Հուվարի 22-ից 25-ը Դավոսում տեղի է ունենալու Համաշխարհային տնտեսական համաժողով, որին մասնակցելու են ԵՄ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ Եվրահաձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզզոն և ԵՄ Բարձրագույն հանձնակատոր Քեթրին Էշթոնը։ Ամեն տարի համաժողովին մասնակցում է նաև հայաստանյան պատվիրակությունը:

Հունվարի 22-ին Մոնտրյոյում անց է կացվելու Սիրիայի հարցով Ժնև-2 համաժողովը, որին մասնակցելու է նաև ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը։

Աղբյուրը՝ “Արմեդիա” ՏՎԳ