ՄԻԵԴ-ում կայացավ “Չիրագովն և այլոք ընդդեմ ՀՀ” գործի լսումը

Հունվարի 22-ին, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատում կայացավ Չիրագովի գործով լսումը: Հայաստանի կառավարությանը ՄԻԵԴ-ում ներկայացնում էին ՀՀ գլխավոր դատախազ, ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանն ու նրա տեղակալ Էմիլ Բաբայանը: Դատական լսումներին որպես երրորդ կողմ մասնակցում էր նաև Ադրբեջանը, ում շահերը ներկայացնում էր Չինգիզ Ասգարովը: Հայցորդներից ներկա էին երկուսը՝ Ակիֆ Հասանովը և Ֆեհրեդդին Փաշաևը:

“Չիրագովն ընդդեմ Հայաստանի Հանրապետության” գործով հայցորդները ներկայանում են որպես Ադրբեջանի քրդեր, ովքեր մինչև 1992 թվականը ապրել են Լաչինում: Նրանց հավաստմամբ, իրենք ստիպված են եղել հեռանալ իրենց տներից, որից հետո այլևս հնարավորություն չեն ունեցել վերադառնալ, քանի որ այդ շրջանները վերահսկվում են հայկական ուժերի կողմից: Վերջիններս պնդում են, թե իբրև “Լեռնային Ղարաբաղը վերահսկող Հայաստանի Հանրապետության կողմից խախտվել է նախ և առաջ իրենց սեփականության իրավունքը”, որն ամրագրված է մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային կից առաջին արձանագրության 1-ին հոդվածով, ինչպես նաև կոնվենցիայի 8-րդ (անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունքը), 13-րդ (իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքը) և 14-րդ (խտրականության արգելման) հոդվածները:

Դատական նիստի բացումից հետո առաջինը ելույթ ունեցավ հայցվոր կողմի փաստաբան Մարկ Մյուլլերը՝ ներկայացնելով դիմումատուների պահանջները: Հայցվոր կողմի հիմնական փաստարկն այն էր, որ Հայաստանի Հանրապետությունը իրականացրել և շարունակում է իրականացնել արդյունավետ վերահսկողություն Լեռնային Ղարաբաղի նկատմամբ:

Նման պնդումներին ի պատասխան հայաստանյան կողմը նշեց, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը թեև չճանաչված, բայց անկախ պետություն է, իսկ հայցն ընդհանրապես պիտի անընդունելի ճանաչվի, քանի որ դիմումատուների կողմից մինչև ՄԻԵԴ դիմելը չեն սպառվել ներպետական բոլոր միջոցները, որոնք, ներկայացված փաստերի համաձայն, կան և արդյունավետ են: Հայաստանի կառավարությունը ներկայացնող Գևորգ Կոստանյանի համոզմամբ իրենք դատարանին լուրջ փաստարկներ ներկայացրին, որոնք անակնկալի բերեցին հայցվոր կողմին: Այս մասին Panorama.am-ի թղթակցին ասել է հայաստանյան կողմի ներկայացուցիչը, ավելացնելով, որ “նրանց (հայցվոր կողմի) վերաբերմունքը և այդ փաստարկներին առարկելու հնարավորությունը ու դրսևորման եղանակը ակնհայտորեն բերեցին այն համոզման, որ այդ փաստարկին վերջիններս չեն կարողացել հստակ պատրաստվել ու առարկել։ “Մենք 2 հիմնական ուղղությունների վրա շեշտադրում արեցինք։ Առաջին, որ Ղարաբաղը, անկախ միջազգային ճանաչման փաստից, անկախ պետություն է և իշխանության բոլոր ճյուղերի առկայությունը, արդյունավետ գործունեությունն ինքնին փաստում են անկախության մասին, ինչը բերում է այն եզրակացության, որ Հայաստանի Հանրապետությունը չունի “արդյունավետ իրավազորություն” այդ պետության տարածքում և, հետևաբար, այդ հիմքով հայցը ենթակա է` անընդունելի ճանաչվելու։ 2-րդ փաստարկն այն էր, որ անգամ, եթե հայցվոր կողմը և Ադրբեջանի կառավարությունը գտնում են, որ Հայաստանն ունի իրավազորություն և Հայաստանն ու ԼՂՀ-ն 1992թ․-ին խախտել են փախստականների սեփականության, մասնավոր կյանքի իրավունքը, վերջիններս պետք է անպայման դիմեին կամ ԼՂՀ կամ Հայաստանի դատական ատյաններին, իրավապահ մարմիններին՝ իրենց իրավունքների վերականգման համար”:

Հայաստանի ներկայացուցչի ելույթից հետո խոսեցին Ադրբեջանի ներկայացուցիչները՝ հանդես գալով հայցվորների պաշտպանությամբ, ինչին հետևեց դատավորների կողմից հարց ու պատասխանը: Այնուհետև Դատարանն անցավ խորհրդակցական սենյակ:

Այս լսումներից հետո կողմերին՝ իրենց վերջնական դիրքորոշումները ներկայացնելու համար տրվել է 2 շաբաթ ժամանակ:

Աղբյուրը՝ “Արմեդիա” ՏՎԳ