«ԵՄ պատկերացումները ԱլԳ գործընկերների վերաբերյալ հաճախ թերի են». Կ.Բեքարյան

«Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Բեքարյանը հարցազրույց է տվել «Հայոց աշխարհ» օրաթերթին, որի էլեկտրոնային տարբերակը տեղադրված է օրաթերթի կայքէջում: Ստորև ներկայացնում ենք հարցազրույցի տեքստը:

-Ճի՞շտ է, որ Եվրամիությունը դադարեցրել է եվրոպական կառույցների հետ համագործակցող ՀԿ-ների ֆինանսավորումը՝ պատժում է եվրաինտեգրացման գործընթացը «տապալելու» համար։

-Մենք որևէ պաշտոնական տեղեկատվություն չունենք այդ մասին, ոչ էլ դա զգացել ենք մեր աշխատանքի վրա։ Կարծում եմ, սա ուղղակի սխալմունք է կամ թերի տեղեկատվություն։

-Եվրամիության հետ ասոցացման գործընթացի «վերաբեռնավորման» ուղղությամբ կատարվող աշխատանքների մասին ի՞նչ կարող եք ասել. համամի՞տ եք այն կարծիքին, թե ԵՄ-Հայաստան հարաբերությունները շարունակելու և զարգացնելու խոստումներին հակառակ՝ գործընթացը հայտնվել է տեղապտույտի մեջ։

-Չեմ կարծում, թե գործընթացը տեղապտույտի մեջ է։ Ուրիշ բան, որ «Արևելյան գործընկերության» շրջանակներում տեղի ունեցող ինտեգրացիոն պրոցեսը դանդաղ է ընթանում։ Կարծում եմ, դա որևէ մեկին չպետք է զարմացնի՝ նկատի ունենալով, որ այսօր բոլորի ուշադրության կենտրոնում Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններն են։

Եվրամիություն-Հայաստան հարաբերությունների հստակեցման գործընթացը, որի մեկնարկը, մեր կանխատեսումներով, ակնկալվում էր հունվարի վերջին-փետրվարի սկզբներին, թե՛ արագության, թե՛ ինտենսիվության առումով միառժամանակ հետին պլան կմղվեն, մինչև Ուկրաինայում իրավիճակը կհանդարտվի կամ գոնե շատ թե քիչ կանխատեսելի հունի մեջ կմտնի։

-Նույն Եվրամիությունը բավարար ջանքեր գործադրո՞ւմ է Ուկրաինայում մոլեգնող «եվրամայդանյան» կրքերը հանդարտեցնելու, իշխանություն-ընդդիմություն առճակատումը մեղմելու, քաղաքացիական պատերազմի դեմն առնելու համար։

-Գործադրելը գործադրում է։ Բայց մի բան է ջանքեր գործադրել՝ ամբողջությամբ պատկերացնելով և հասկանալով ստեղծված իրավիճակի առանձնահատկությունները, այլ բան է «խաղաղարար առաքելություն» ստանձնել՝ իրավիճակի մեջ խորամուխ չլինելով, չպատկերացնելով խնդիրները։ Եվրամիության և «արևելյան գործընկերների» պարագայում ունենք այդ խնդիրը՝ շատ դեպքերում նույն լեզվով չենք խոսում, եվրոպացի մեր գործընկերների պատկերացումները հաճախ թերի են, իրավիճակի լիարժեք ըմբռնում, ընկալում չկա։

Որևէ կասկած չունեմ Եվրամիության կողմից բարի կամեցողության, օգտակար լինելու իրական ցանկության և անգամ դրա վրա ռեսուրսներ ներդնելու պատրաստակամության վերաբերյալ։ Վստահ եմ, նրանք փորձում են աջակցել Ուկրաինայի ժողովրդին, նպաստել իրավիճակի կայունացմանը։ Բայց այդ միջոցների արդյունավետությունը, ուզենք թե չուզենք, մեծապես պայմանավորված է ստեղծված իրավիճակի լիարժեք պատկերացմամբ, ինչը այս դեպքում, ցավոք, բացակայում է։

-Եթե իշխող վերնախավը «առավելության հասնի» ընդդիմության նկատմամբ, և Ուկրաինան այդպես էլ չստորագրի Ասոցացման համաձայնագիրը, ինչպե՞ս կարող է դա անդրադառնալ «Արևելյան գործընկերության» հետագա ճակատագրի վրա։

-Կարծում եմ, այս իրավիճակում տրամաբանական կլիներ որոշ ժամանակային «մորատորիում» սահմանել ինտեգրացիոն գործընթացների նկատմամբ։ Այսինքն՝ ո՛չ այս կողմ, ո՛չ այն կողմ շատ ինտենսիվ քայլեր չձեռնարկել, այլ առաջին հերթին կարգավորել Ուկրաինայում ստեղծված իրադրությունը, բերել նորմալ, վերահսկելի դաշտ, ինչը հնարավորություն կտար մեր գործընկերներին խուսափել անդառնալի կորուստներից՝ սկսած մարդկային կյանքերից մինչև երկրի հեղինակություն։

-Նախօրեին կառավարությունը հաստատեց Մաքսային միության անդամակցության ճանապարհային քարտեզի ժամանակացույցը, բայց հանրությունն անտեղյակ է՝ ի՞նչ է դա և ինչո՞վ են այն «ուտում»։ Մարդիկ հարց են տալիս. ինչո՞ւ փաստաթուղթը չի հրապարակվում, եթե այնտեղ մեր շահերին հակասող դրույթներ չկան։ Կամ՝ ինչպե՞ս հասկանալ, երբ կառավարությունն ասում է՝ փաստաթուղթը հրապարակելու թույլտվություն չունենք. երբ ստանանք, այն ժամանակ էլ կներկայացնենք հանրությանը։

-Եթե հարցին անդրադառնանք բանակցային էթիկայի տեսակետից, ցանկացած փաստաթուղթ ստորագրելուց հետո կողմերը պայմանավորվում են դրա հրապարակման ընթացակարգի մասին, և դա բնական է։ Եթե խոսքը համաձայնագրի կամ պայմանագրի մասին է, դա էլ ունի օրենքով սահմանված իր ընթացակարգը՝ պետք է մտնի խորհրդարան, ընդունվի և դառնա բաց, հրապարակային փաստաթուղթ։

Ճանապարհային քարտեզը ներքին օգտագործման փաստաթուղթ է, որ կարող է հրապարակվել, կարող է չհրապարակվել, կախված նրանից, թե կողմերը ինչ են պայմանավորվել։ Եթե պայմանավորվել են չհրապարակել՝ միակողմանի հրապարակելը ոչ միայն գեղեցիկ չէ, քաղաքակիրթ չէ, այլև հակասում է բանակցային էթիկայի բոլոր նորմերին։ Այդ առումով որևէ խնդիր չեմ տեսնում։

-Օտարերկրյա քաղաքացիների՝ Ռուսաստանում գտնվելու ժամկետը սահմանափակող օրենքի գործողության մեջ մտնելու «ավետիսը» սառը ցնցուղի ազդեցություն գործեց մեր քաղաքացիների վրա. Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության գործընթացը որքանո՞վ համատեղելի է ՌԴ կողմից իրականացվող կոշտ միգրացիոն քաղաքականության հետ։

-Այստեղ մի կարևոր հանգամանք կա, որի հետ կապված, կարծում եմ, անհրաժեշտ են իրավաբանների հստակ պարզաբանումները։ Ի՞նչ նկատի ունեմ։

Կա ազգային օրենսդրություն, և կան միջազգային համաձայնագրեր, երկկողմ կամ բազմակողմ պայմանագրեր, որոնք, որպես կանոն, հիերարխիկ տեսանկյունից գերակա են ներքին իրավական ակտերից։ Այստեղ առաջանում է շատ բնական հարց. մենք, որպես պետություն, և մեր քաղաքացիները, որպես Հայաստանի քաղաքացիներ, այդ օրենսդրական ակտով մտահոգվելու պատճառ ունե՞նք, թե՞ ոչ։

Եթե մենք Ռուսաստանի հետ ստորագրել ենք միջպետական համաձայնագրեր, այդ թվում՝ փոխադարձ այցելությունների ռեժիմի վերաբերյալ, որոնք գերակա են այդ օրենքից և խնդիր չեն առաջացնում, ապա մտահոգվելու պատճառ չունենք։ Եթե ունենք՝ իրավասու մարմինները պետք է փորձեն լուծումներ գտնել, այդ սահմանափակումը վերացնող պայմանագրային դաշտ ստեղծել ՌԴ-ի հետ։ Այսինքն՝ պետք է ուսումնասիրել խնդիրը և բացատրել քաղաքացիներին իրենց իրավունքները, իսկ դա նախ և առաջ իրավաբանների խնդիրն է։

Ցավոք, նման աշխատանք չեմ տեսնում, մինչդեռ դրա կարիքը խիստ զգացվում է՝ նկատի ունենալով, որ մեր քաղաքացիների մի ստվար մասը ապրում և աշխատում է Ռուսաստանում։

-Խնդիրը, ինչպես միշտ, քաղաքականացվում է։ Ներկայացվում է այնպես, թե այդպիսով Ռուսաստանը ճնշում է գործադրում այն երկրների նկատմամբ, որոնք կարող էին, բայց չեն ուզում մտնել Մաքսային միություն՝ ստիպելով «անցնել իր թրի տակով»։ Նման բան կա՞, ձեր կարծիքով։

-Իրականում այստեղ գործ ունենք ոչ թե քաղաքական, այլ առաջին հերթին իրավական խնդրի հետ։ Այլ բան է, որ իրավաբանների պատասխանը կարող է հանգեցնել նրան, որ Հայաստանը նոր միջպետական կամ միջգերատեսչական պայմանագիր կնքի Ռուսաստանի հետ, որը կթեթևացնի մեր քաղաքացիների գործը։

Ռուսաստանը, որպես երկիր, իր ուրույն քաղաքականությունն է վարում՝ ելնելով իր ազգային, պետական շահերից, անկախ նրանից՝ դո՞ւր է գալիս դա ինչ-որ մեկին, թե՞ ոչ։ Կարող եք գնահատել որպես ճնշում, կարող եք համարել անվտանգության բաղադրիչ, բայց դա Ռուսաստանի քաղաքականությունն է։ Մեր խնդիրը մեր երկիրն է, մեր քաղաքացին։ Եկեք պրոբլեմը հստակ հասկանանք և, դրանից ելնելով՝ փորձենք խնդրին լուծում տալ։

Հարցազրույցը վարեց

Լիլիթ Պողոսյանը