Ուկրաինայի ժողովրդի կոչը միջազգային հանրությանը. Խնդրում ենք գործել անհապաղ

“Սա օգնության մեր վերջին կանչն է։ Վաղը նրանք կարող են անջատել մեր հեռախոսները և ինտերնետը, արտակարգ դրություն հայտարարել և սպանել մեզ՝ այնժամ, երբ միջազգային հանրությունը լռում է և եվրոպական արժեքներին դավանում միայն թղթի վրա։ Իսկ հանուն դրանց՝ Ուկրաինայում մարդիկ են զոհվում և կշարունակեն զոհվել։

Ուկրաինայի քաղաքացիները, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, Կիևի Մայդանում և ամբողջ երկրում բողոքի խաղաղ ցույցերի մասնակիցները միջազգային հանրությանը, երկրների կառավարություններին և միջազգային կազմակերպություններին կոչ են անում վճռականորեն միջամտել Ուկրաինայում ընթացող իրադարձություններին և օգնել ուկրաինացիներին՝ խաղաղություն և քաղաքացիական իրավունքներ հաստատել Եվրոպայի այս հատվածում։ Մեզ օգնություն է անհրաժեշտ՝ բռնապետական մարմինների կողմից սեփական ժողովրդի դեմ տարվող այս արյունալի, չար և դաժան պատերազմը կասեցնելու համար։

Բողոքի գործողության մասնակիցներին Ուկրաինայի ներքին գործերի նախարարության և Անվտանգության ծառայության պատասխանը վրդովեցուցիչ է։ Ոստիկանությունը մշտապես խախտում է միջազգային կոնվենցիաներով և Ուկրաինայի օրենսդրությամբ պաշտպանված մարդու իրավունքները, մասնավորապես՝ կիրառելով մարտական փամփուշտներ և ջրցան մեքենաներ։ Առնվազն հինգ մարդ արդեն զոհվել է դիպուկահարի գնդակից և իշխանությունների կողմից ակտիվիստների դեմ պայքարի համար վարձված քրեական հանցագործների խոշտանգումներից, տուժածներից շատերի ճակատագիրն էլ դեռևս անհայտ է։ Հարյուրավոր ցուցարարներ ծանր վիրավորվել են, նրանց թվում տասնյակ բժիշկներ և լրագրողներ են, որոնց վրա միտումնավոր կրակել են «Բերկուտա»-ի դիպուկահարները՝ հատկապես նշանառության տակ առնելով մարդկանց աչքերը։ Ներքին գործերի նախարարության ուժերը ծանր վիրավորներին զրկել են հիվանդանոցում օգնություն ստանալու իրավունքից, նրանց ձեռնաշղթաներ են հագցրել, տանջել և նվաստացրել։

Մենք Ձեզ խնդրում ենք նկատի առնել, որ չնայած ցուցարարների դեմ ողջ երկրով մեկ և մասնավորապես Կիևում իշխանությունների կազմակերպած ահաբեկչությանը, ժողովրդական դիմադրությունը, միայն մեկ բացառությամբ, շարունակում է խաղաղ բնույթ կրել”։

Կոչն ամբողջությամբ հասանելի է այստեղ:

Աղբյուրը՝ ԱլԳ Տեղեկագիր