«Ղազախստանյան ուղի – 2050. Միասնական նպատակ, միասնական շահեր, միասնական ապագա»

Այսօր Երևանում տեղի ունեցավ համաժողով «Ղազախստանյան ուղի – 2050. Միասնական նպատակ, միասնական շահեր, միասնական ապագա» («Ղազախստանի նախագահի ուղերձը Ղազախստանի ժողովրդին») թեմայով: Կլոր սեղանը կազմակերպել էին Հայաստանում Ղազախստանի դեսպանատունը և «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ-ն:

Բացելով քննարկումը՝ «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Կարեն Բեքարյանը մասնավորապես ընդգծեց սերտ համագործակցությունը, որը «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ-ն վերջին հինգ տարիների ընթացքում իրականացրել է ՀՀ-ում ՂՀ դեսպանատան հետ: Նրա խոսքերով՝ այդ համագործակցության նպատակը բարեկամ երկրի մասին տեղեկություն հաղորդելն է, որի հետ Հայաստանն ունի անվտանգության ընդհանուր հարթակ:

ՀՀ-ում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Այիմդոս Բոզժիգիտովն իր հերթին ընդգծեց, որ Ղազախստանն աշխարհում ճանաչում են որպես ինքնուրույն տերություն: Անկախության կարճ տարիների ընթացքում Ղազախստանը կարողացել է ստեղծել իր զարգացած տնտեսությունը, իսկ զարգացումը, ինչպես ՂՀ նախագահի խոսքերը մեջբերեց դեսպանը, հնարավոր է միայն ժողովրդի միասնականության դեպքում: Դեսպանը հիշեցրեց, որ որպեսզի տարբեր ազգությունների ներկայացուցիչները (իսկ նրանց թիվը Ղազախստանում հասնում է 130-ի) կարողանան խաղաղ գոյատևել այդ երկրում, ստեղծվել է Ղազախստանի ժողովրդի ասամբլեան: «Ղազախստանում, ինչպես հայտնի է, կա նաև հայկական մեծ սփյուռք, և դա ոչ միայն թվականակով մեծ սփյուռք է, այլև որակյալ», – հայտարարել է Ա. Բազժիգիտովը: Բացի այդ՝ դեսպանը նշեց, որ Ղազախստանում մեծ ուշադրություն են հատկացնում կրթությանը: Գոյություն ունի «Բոլաշակ» ծրագիրը, որի շրջանակներում ուսանողները մեկնում են սովորելու արտասահմանյան լավագույն համալսարաններում (Հարվարդ, Քեմբրիջ և այլն): Արդեն կա մոտ 10 հազար ուսանող, որոնք կրթություն են ստացել արտասահմանում և հետագայում կնպաստեն այն նպատակի իրականացմանը, որն առաջ է քաշել ՂՀ նախագահը: Իսկ գլխավոր նպատակը համաշխարհային տերությունների լավագույն 30-ի մեջ հայտնվելն է:

Դրանից հետո զեկույցով հանդես եկավ ՀՀ-ում ՂՀ դեսպանատան խորհրդական Կանատ Խասենովը: Նա մասնավորապես ընդգծեց, որ Ղազախստանի նախագահի ներկայիս ուղերձն առավել ռազմավարական նշանակություն ունի: Մի շարք նպատակներից, որոնք նախագահը ներկայացրել է ուղերձում, Կ. Խասենովն առանձնացրեց երկրի տնտեսական, գիտատեխնիկական, էներգետիկ, կրթական զարգացումը, ինչպես նաև ղազախստանցիների, նախևառաջ սահմանափակ հնարավորություններով մարդկանց սոցիալական զարգացումը: Կ. Խասենովը վերջում նշեց, որ Ն.Ա. Նազարբաևի ուղերձն արդեն իսկ դրական գնահատականի է արժանացել ինչպես ղազախստանցի, այնպես էլ արտասահմանցի փորձագետների կողմից:

Կլոր սեղանի շրջանակներում զեկույցով հանդես եկավ նաև «Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ ղեկավար, ՀՀ ԱԺ 4-րդ գումարման պատգամավոր Արամ Սաֆարյանը: Իր ելույթում Փորձագետը մասնավորապես կանգ առավ ուղերձի քաղաքական ասպեկտների վրա: Նա նշեց, որ ՂՀ նախագահի խոսքերով «Ղազախստան – 2050» ծրագիրը հիմնված է այլ երկրների փորձի վրա: Ա. Սաֆարյանը կարծիք հայտնեց, որ ցանկացած ինտեգրացիոն գործընթացներում Ղազախստանը պաշտպանելու է իր ինքնիշխանությունն ու անկախությունը:

«Ղազախստանի նախագահի՝ Ղազախստանի ժողովրդին ուղղված ուղերձի տնտեսական վերլուծություն». այսպես էր կոչվում «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի զեկույցը: Ինչպես ընդգծեց փորձագետը, Ղազախստանի բազմաթիվ նպատակներ ուսանելի են նույնիսկ զարգացած երկրների համար: Թ. Մանասերյանի կարծիքով ՂՀ զարգացման գաղտնիքն այն է, որ այդ երկրում ձգտում են, որպեսզի փոքր բիզնեսը վերաճի միջինի, և պետությունը դրան լուրջ աջակցություն է ցուցաբերում: Բացի այդ՝ Ղազախստանում առավել մեծ ուշադրություն են հատկացնում երիտասարդ ուժի օգտագործմանը:

Վերջին զեկույցով հանդես եկավ «Քաղաքացիական հասարակության և տարածաշրջանային առաջընթացի ինստիտուտ» ՀԿ տնօրեն, ՀՀ Հանրային խորհրդի` կրոնի, սփյուռքի և միջազգային ինտեգրման հարցերի հանձնաժողովի անդամ Աղավնի Կարախանյանը: Նա նշեց, որ ՂՀ նախագահի բոլոր ուղերձներում նկատվում է նորարարություն: Փորձագետը փորձեց ուղերձից վերհանել այն ոլորտները, որոնք կարող են ուսանելի լինել Հայաստանի համար: Նա ընդգծեց, որ, ինչպես նշվում է ուղերձում, ՂՀ հիմնական նպատակը աշխարհի առաջատար 30 երկրների շարքում հայտնվելն է: Նրա խոսքերով՝ չափազանց կարևոր է այն մոտեցումը, որ փոքր և միջին բիզնեսը պետք է ընտանեկան ավանդույթ դառնան:

Քննարկման վերջում ՀՀ-ում ՂՀ դեսպան Ա. Բոզժիգիտովը, անդրադառնալով Ղազախստանում բնակվող տարբեր ազգությունների ներկայացուցիչներին, նշեց, որ «իրենք չունեն փոքրամասնություններ, այլ կա Ղազախստանի միասնական ժողովուրդ»:

29.01.2014

Ա.Հարությունյան

Աղբյուրը՝ “Արմեդիա” ՏՎԳ