“ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀԸ” ՀԱՍԱՆԵԼԻ ԿԼԻՆԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏԱՐԲԵՐԱԿՈՎ

Անկնալվում է, որ «Հայկական լեռնաշխարհ» խորագրով էլեկտրոնային գիրք կթողարկվի մարտ ամսին: Այն անվճար հասանելի կլինի մոբայլ սարքերի և համակարգիչների համար 7 լեզուներով՝ արևելահայերեն/արևմտահայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, թուրքերեն և իսպաներեն:

Հունվարի 29-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած գրքի ասուլիս-շնորհանդեսի ընթացքում հայտնի է դարձել, որ Հայկական վիրտուալ համալսարանը (ՀՎՀ) հանդես է եկել նախաձեռնությամբ ստեղծել «Հայկական լեռնաշխարհը» գիրքը, որը հայկական մշակույթը և պատմությունը ներկայացնող մուլտիմեդիա էլեկտրոնային գրքերի նորարարական շարքում առաջինն է լինելու:

Ինշպես նշվել է գրքի նկարագրության ժամանակ, «Հայկական լեռնաշխարհը» իր մեջ ամփոփում է հայկական լեռնաշխարհի մշակույթը, շրջակա միջավայրը և տարածաշրջանային բաժանումները՝ հագեցած պատկերներով ու տեսանյութերով և հնարավորություն է ընձեռում ընթերցողներին առանձնացնել կոնկրետ ժամանակաշրջանի կարևորագույն իրադարձությունները, հարցաշարերի միջոցով գնահատել սեփական առաջընթացը և հարստացնել լեզուն ու խոսքը հատուկ այդ աղբյուրի համար մշակված հարուստ բառապաշարով:

«Էլ-գրքերի բովանդակությունը ստեղծվում է հայագիտության, մանկավարժության և տեխնոլոգիական մասնագետների կողմից, որոնք ներկայացնում են ոչ միայն Երևանի պետական համալսարանը, այլև Ամերիկայի Սթենֆորդի և Բերքլիի համալսարանները»,- նշել է ՀՎՀ հիմնադիր և նախագահ Եվրանդ Զորյանը: Նա նաև ավելացրել է, որ այդ գրքերի շարքի միջոցով ՀՎՀ-ն ընդլայնում է իր վիտուալ լսարաններում ընդգրկված շուրջ 3000 միջազգային ուսանողների շրջանակը:

Նշենք, որ արդեն 10 տարի գործող Հայկական վիրտուալ համալսարանը(ՀՎՀ) ծրագիրը նախագծվել է 2004 թվականին՝ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) Սիլիկոն Վելի մասնաճյուղի կողմից: Ինչպես նշվում է վիրտուալ համալսարանաի պաշտոնական կայքէջում http://www.avc-agbu.org/, ՀՎՀ-ի ստեղծումը նպատակ է հետապնդում հայկական կրթություն ստանալու հնարավորություն ստեղծել ողջ աշխարհի հայության համար՝ հաղթահարելով հայկական կրթություն ստանալու այն բոլոր խոչընդոտներ, որոնք տասնամյակներ շարունակ մտահոգում էին հայկական սփյուռքին: Հեռաուսուցմամբ իրականացվող ծրագրի մեթոդաբանության և տեխնոլոգիայի մշակման գործում մասնակցություն են ցուցաբերել Հայաստանում՝ Երևանի պետական համալսարանի Կրթության և հետազոտության տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի գիտնականները և ծրագրավորողները:

Ավելացնենք նաև, որ ՀՎՀ-ի մուլտիմեդիա էլեկտրոնային գրքերի շարքին բաժանորդագրությունն անվճար է լինելու և հասանելի մի քանի վայրկյանների ընթացքում: 2014թ. մարտին նախատեսվում է գրքի iBook տարբերակը iPad-երի և Mac համակարգիչների համար, ինչպես նաև բրաուզեր տարբերակը՝ մոբայլ այլ գործիքների և համակարգիչների համար:

30.01.2014

Աղբյուրը՝ “Արմեդիա” ՏՎԳ