Նկարների և Լուսանկարների Մրցույթ «Կանայք Հանուն Հակամարտությունների Լուծման և Խաղաղության»

«Հասարակություն առանց Բռնության» ՀԿ–ն հայտարարում է նկարների/լուսանկարների մրցույթ «Հայ և թուրք երիտասարդ կանայք հանուն հարատև խաղաղության վերականգնման արվեստի և երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում՝ «Կանայք հանուն հակամարտությունների լուծման և խաղաղության» խորագրով:

18 տարեկանից բարձր բոլոր կանայք, այդ թվում նաև լուսանկարիչներ, լրագրողներ, նկարիչներ, արվեստագետներ, կին իրավապաշտպաններ, ակտիվիստներ կամ պարզապես մրցույթով հետաքրքրված կանայք հրավիրվում են մասնակցելու մրցույթին՝ արտահայտելու հակամարտությունների լուծման և խաղաղության հաստատման գործընթացում կանանց դերի վերաբերյալ ձեր մեկնաբանությունը կտավի կամ լուսանկարչական ապարատի միջոցով:

Մրցույթին ներկայացված բոլոր նկարները/լուսանկարները կներկայացվեն Երևանում կայանալիք ցուցահանդեսի ընթացում, որտեղ այցելուների քվեարկությամբ կընտրվեն 2 լավագույն նկարները: Երեք մասնագետներից բաղկացած հանձնաժողովը ևս կգնահատի ցուցահանդեսում ներկայացված աշխատանքները՝ նախօրոք մանրակրկիտ ուսումնասիրելով դրանք: Վերջնական որոշումը կընդունվի երկու գնահատումների համադրման արդյունքում: Մրցանակաբաշխությունը տեղի կունենա Վրաստանի Թբիլիսի քաղաքում կայանալիք երկօրյա կլոր սեղանի ընթացքում, որտեղ hայաստանյան մրցույթի հաղթողները կհանդիպեն Թուրքիայում նմանատիպ մրցույթի մրցանակակիրների, ինչպես նաև այլ կին իրավապաշտպանների, ակտիվ կանանց հետ: Կլոր սեղանը հնարավորություն կտա խորացնել երկու երկրների կանանց միջև երկխոսությունը և համագործակցությունը:

1. Ո՞վ կարող է դիմել

Մրցույթին կարող են դիմել 18 տարեկանից բարձր բոլոր կանայք՝ անկախ մասնագիտությունից, զբաղվածությունից կամ որևէ այլ չափորոշիչից:

2. Մրցույթին մասնակցության ընթացակարգը

Բոլոր հետաքրքրված անձինք կարող են իրենց լուսանկարները/նկարները թվային տարբերակով ուղարկել wpcarmenia@gmail.com էլ. հասցեին՝ լրացված դիմում-հայտի հետ մեկտեղ: Բոլոր նկարները/լուսանկարները պետք է վերնագրված լինեն և ունենան վերջիններիս բովանդակության համառոտ նկարագիր: Յուրաքանչյուր մասնակից կարող է ուղարկել մինչև 3 լուսանկար/նկար: Մրցույթի մասնակիցներից պահանջվում է նկարի/լուսանկարի տպված տարբերակը փոստով ուղարկել ՀՀ, Երևան, Վաղարշյան 26, բն. 2 հասցեով: Աշխատանքների ընդունման վերջնաժամկետը փետրվարի 22-ն է: Մրցույթի համար կդիտարկվեն միայն այն դիմորդները, ովքեր կներկայացնեն աշխատանքների թե՛ թվային, թե՛ տպված տարբերակները:

3. Ժամանակացույց

Աշխատանքների ընդունումը կսկսվի սույն թվականի հունվարի 22-ին և կավարտվի փետրվարի 22-ին:

  • Հայտերի ընդունման փուլ – հունվար 22 – փետրվար 22, 2014
  • Գնահատման փուլ – փետրվար 22 – մարտ 22 , 2014
  • Հաղթողները կհայտարարվեն 2014թ. ապրիլի 1-ից մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածում կայանալիք ցուցահանդեսի ընթացքում
  • Մրցանակաբաշխություն – հուլիս, 2014, Թբիլիսի, Վրաստան:

4. Մրցանակներ

  • 1-ին մրցանակ – 300 ԱՄՆ դոլար
  • 2-րդ մրցանակ – 200 ԱՄՆ դոլար

Լրացուցիչ տեղեկատվություն

Ձեր աշխատանքը մրցույթի համար ներկայացնելով՝ դուք կազմակերպիչներին իրավունք եք տրամադրում ձեր աշխատանքները տեղադրել մրցույթի հետ առնչվող կայքերում, տեղեկատվական և գովազդային հայտարարություններում, տպագիր մամուլում կամ կլոր սեղանի վերաբերյալ տեղեկատվական բացիկներում ինչպես նախքան, այնպես էլ մրցանակակիրներին հայտարարելուց հետո:

Մասնակիցները կազմակերպիչներին նաև տրամադրում են իրավունք իրենց աշխատանքները և հեղինակի անունը օգտագործելու մրցույթի հանրայնացման նյութերում ռադիոյով, հեռուստատեսությամբ, տպագիր մամուլում կամ համացանցում: Մրցանակակիր նկարները կարող են օգտագործվել լրահոսում՝ ցանկացած նախըտրելի տարբերակով:

Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք գրել wpcarmenia@gmail.com էլ. հասցեին:

 «Հասարակություն առանց Բռնության» ՀԿ