ՊՐԱՀԱՅՈՒՄ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ՀԱՅ-ՉԵԽԱԿԱՆ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՄԱԺՈՂՈՎ

Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Չեխիայի հանրապետություն այցի շրջանակներում տեղի կունենա հայ-չեխական գործարար համաժողով: Համաժողովի համակազմերպիչներն են Զարգացման հայկական գործակալությունը և Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միությունը: Գործարար համաժողովին ներկա կգտնվեն երկու երկրների նախագահներ Սերժ Սարգսյանը և Միլոշ Զեման: Այս մասին հայտնում են Զարգացման հայկական գործակալությունից:

Ելույթներով հանդես կգան Չեխիայի հանրապետության Արդյունաբերության և առևտրի նախագահ պարոն Իրժի Չինչալը, ՀՀ էկոնոմիկայի նախարար պարոն Վահրամ Ավանեսյանը:

ԶՀԳ գլխավոր տնօրեն պարոն Ռոբերտ Հարությունյանը կներկայացնի շնորհանդես Հայաստանի ներդրումային միջավայրի վերաբերյալ, կանցկացվեն հանդիպումներ հայ և չեխ գործարարների միջև:

Համաժողովին Հայաստանից մասնակցում է արդյունաբերության տարբեր ոլորտներ ներկայացնող 22 ընկերություն՝ տուրիզմ, շինարարություն, բնական պաշարներ, գյուղատնտեսություն, արդյունաբերական քիմիա, ոսկերչություն, անվտանգության համակարգեր, դեղագործություն, հեռահաղորդակցություն, առևտուր, հիդրոէլեկտրակայաններ:

Հայաստանի Հանրապետության և Չեխիայի Հանրապետության միջև արտաքին առևտրաշրջանառությունը 2013 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին կազմել է 28.1 մլն ԱՄՆ դոլար` նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճելով 28.8%-ով: Ընդ որում, արտահանումը ՀՀ-ից Չեխիայի Հանրապետություն կազմել է 8.4մլն ԱՄՆ դոլար:

Արտահանվել է հիմնականում ալյումին, ինչպես նաև սև մետաղներ: Ներմուծվել են հիմնականում միջուկային ռեակտորներ, կաթսաներ, սարքավորումներ և մեխանիկական մասեր, էլեկտրական մեքենաներ և սարքավորումներ, ձայնագրող ապարատներ, իրեր սև մետաղներից, ապակի, վերգետնյա տրանսպորտային միջոցներ:

Ներկայումս Հայաստանում գործում են չեխական կապիտալով ավելի քան 20 ընկերություն:

31.01.2014