Ուկրաինա. ո՞վ է իրավիճակի պատասխանատուն

Դրությունն Ուկրաինայում շարունակում է մնալ լարված. սա պայքար է մի կողմից Ուկրաինայի ներսում՝ ընդդիմության և իշխանության ուժերի միջև, մյուս կողմից՝ Արևմուտքի և Ռուսաստանի: Վերջին երկուսի կողմից անդադար հնչեցվող կոնֆլիկտին չմիջամտելու հորդորներն ու ներքին իրադարձություններին արձագանքները ավելի են նպաստում ներքին իրավիճակի լարվածության աճին:

Ուկրաինացի վերլուծաբանների խոսքերով այսօր արդեն ընդդիմության առաջնորդները դժվարությամբ են վերահսկում ցուցարարներին: Ինչ-որ չափով նաև այս էր պատճառը, որ նախագահի առաջարկած պաշտոններից ընդդիմության ղեկավարները հրաժարվեցին: Նախագահ Յանուկովիչը վարչապետի պաշտոնն առաջարկել էր ընդդիմության ղեկավար Արսենի Յացենյուկին, իսկ հումանիտար հարցերով փոխվարչապետինը՝ Վիտալի Կլիչկոյին: Երկու առաջարկն էլ մերժվեց ընդդիմության ներկայացուցիչների կողմից, սակայն «մայդանը» պարզ հասկացրեց, որ նույնիսկ եթե նրանք համաձայնվեին, դա իրենց կողմից չէր ընկալվի:

Այս օրերին տեղի ունեցած ամենանշանակալի իրադարձություններից էր վարչապետ Նիկոլայ Ազարովի հրաժարականը: Յանուկովիչն ընդունեց վարչապետ Ազարովի հրաժարականը, որը նաև, ըստ Ուկրաինայի Սահմանադրության 115-րդ հոդվածի, նշանակում է կառավարության հրաժարական: Սակայն նախագահի հանձնարարությամբ կառավարությունը կշարունակի աշխատանքը մինչ նոր կառավարության ձևավորումը: Գործող օրենսդրության համաձայն՝ վարչապետին նշանակում է նախագահը ուկրաինական խորհրդարանի 50%-ից ավելի կողմ ձայների առկայության դեպքում: Նախագահի կողմից վարչապետի նշանակման մասին գրավոր դիմում է ներկայացվում խորհրդարան, որն էլ արձագանքում է նախագահի դիմումին, այն ներկայացնելուց ոչ ուշ քան 5 օրվա ընթացքում: Այժմ վարչապետի ժամանակավոր պարտականությունները կատարում է փոխվարչապետ Սերգեյ Արբուզովը:

Հատկանշական է, որ 2005-ին Վիկտոր Յուշչենկոյի “Наша Украина” կուսակցության անդամ Արբուզովի կուսակցական պատկանելության մասին այժմ տեղեկատվություն չկա: Նախագահի ավագ որդու` Ալեքսանդր Յանուկովիչի ընկեր Արբուզովը, 2010-2012 թվականներին գլխավորելով Ուկրաինայի Ազգային Բանկը, 2012-ի դրությամբ Եվրոպայում ամենաերիտասարդն է ճանաչվել այդ ոլորտում: Ծնունդով Դոնեցկից Արբուզովը, 2012-ի դեկտեմբերին նախագահի հրամանով նշանակվել է առաջին փոխվարչապետ, իսկ հունվարի 28-ից ժամանակավորապես կատարում է վարչապետի պարտականությունները:

Հիշեցնենք, որ երեքշաբթի առավոտյան վարչապետ Նիկոլայ Ազարովը հրաժարական էր տվել՝ «հանուն երկրում հասարակական-քաղաքական փոխզիջման լրացուցիչ հնարավորության և կոնֆլիկտի խաղաղ կարգավորման»: Երկու կողմերն էլ այս կադրային փոփոխությունները շտապեցին գրանցել որպես իրենց հաղթանակ. ընդդիմությունը` ասելով, թե կարողացել է կոտրել իշխանության դիմակայությունը, իշխանությունը` հանուն խաղաղության ընդդիմությանն ընդառաջելու հիմնավորմամբ: Սակայն երկու կողմի համար էլ դա ընդամենը ժամանակ շահելու և նոր մարտավարություն մշակելու միջոց էր: Այս մասին է վկայում արդեն հայտնի դարձած փաստը, որ կառավարության նոր կազմում նախարարների մեծամասնությունը կպահպանեն իրենց տեղերը: Ազարովի հրաժարականն այս պարագայում ընդամենը Յանուկովիչի «ձևական» քայլերից մեկն էր: Չուշացան նաև արձագանքները: Հունվարի 29-ին գերմանական խորհրդարանում իր ելույթի ժամանակ կանցլեր Անգելա Մերկելը ողջունել է ուկրաինական իշխանությունների զիջումները, ընդգծել Ուկրաինայի ժողովրդի` Եվրոպային մոտ լինելը և Եվրոպական արժեքները կրողը դառնալու նրանց պայքարը: Նա նշել է, որ Գերմանիան պատրաստ է ամեն կերպ օժանդակել կոնֆլիկտի խաղաղ կարգավորմանը:

Հաջորդ քայլը հունվարի 28-ին և 16-ին ընդունված մարդու հիմնարար ազատությունները սահմանափակող և միջազգային հանրության կողմից խիստ քննադատության արժանացած 12 օրենքների՝ Խորհրդարանի կողմից դրանց չեղյալ հայտարարելն էր:

Միևնույն ժամանակ խորհրդարանի քննարկմանն էր դրված ձերբակալված ցուցարարների համաներման մասին օրինագիծը, որը դժվարությամբ ընդունվեց խորհրդարանի կողմից, նախապայմանով, որ կիրականացվի միայն ընդդիմադիր ուժերի կողմից գրավված պետական շինություններն ազատելուց հետո: Սակայն ընդդիմության հայտարարությամբ իրենք չեն պատրաստվում զիջումների գնալ: Ինչպե՞ս սրան կարձագանքի միջազգային հանրությունը:

Ինչ վերաբերում է կոնֆլիկտում ԵՄ-ի ներգրավվածությանը, հանձնակատար Էշթոնի` Կիև այցի օրը Վլադիմիր Պուտինը նշել է, որ Էշթոնը չպետք է մասնակցի Կիևում ընդդիմության ցույցերին: Նա այս հայտարարությունը մեկնաբանել է՝ ասելով, թե Ռուսաստանը չմիջամտեց հունական ճգնաժամի ընթացքում տեղի ունեցող եվրագոտու բոյկոտի ցույցերին, այդ պատճառով ԵՄ-ն պետք է ձեռնպահ մնա Ուկրաինայում ընդդիմադիր ցույցերին մասնակցելուց: Մինչդեռ ԵՄ արտաքին քաղաքականության գերագույն հանձնակատարը, ժամանելով Կիև, հանդիպել է ընդդիմության ներկայացուցիչների և Յանուկովիչի հետ: Լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ հակամարտության երկու կողմերն էլ ունեն ստեղծված իրադրությունից դուրս գալու ցանկություն: Էշթոնը կոչ է արել Ուկրաինայում դադարեցնել բռնությունը:

Ներքին խառնաշփոթին ավելանում են նաև արտաքին ազդեցությունն ու արձագանքները: Արդեն մի քանի շաբաթ է՝ արևմուտքը ակտիվ վերահսկողություն է իրականացնում Ուկրաինայի օլիգարխների ֆինանսական միջոցների ծագումն ու հոսքերը պարզելու նպատակով: Այս մասին նախ հայտարարություն եղավ ԱՄՆ-ից (մոտ երկու շաբաթ առաջ), հետո նաև ԵՄ կողմից: ԵԽԽՎ հերթական նստաշրջանի ընթացքում հայտարարվել է, որ Ուկրաինայում իրավիճակը մտահոգություն է առաջացնում և կոնֆլիկտի չկարգավորման դեպքում Ուկրաինան կարող է զրկվել ձայնի իրավունքից:

Հունվարի 29-ին Վլադիմիր Պուտինը և Անգելա Մերկելը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում երկու կողմն էլ հաստատել է, որ Ուկրաինայում ներքին գործերին յուրաքանչյուր արտաքին միջամտությունն անթույլատրելի է: Մերկլեն ավելացրել է, որ այս պահին Ուկրաինայի կարևորագույն խնդիրը նոր կառավարության ձևավորումն է: Կարծես թե ԵՄ-ն և Ռուսաստանը որոշել են, երկկողմ ձևաչափով, քննարկել Ուկրաինայի կոնֆլիկտը՝ հաշվի չառնելով ոչ պակաս կարևոր մարդկային գործոնը:

Քրիստինե Գասպարյան

Աղբյուրը՝ “Արմեդիա” ՏՎԳ