«Խաղաղություն» թեմայով լուսանկարների մրցույթի ամփոփում

«Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ-ն «Հումանիտար հետազոտությունների հանրություն», «Արցախի ժողովրդական դիվանագիտության ինստիտուտ» հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությամբ և ԱՄՆ կառավարության աջակցությամբ 2013-2014 թթ. իրականացնում է «Միասին 2» խաղաղաշինական ծրագիրը, որի հիմնական նպատակն է երիտասարդների ներգրավումը խաղաղաստեղծ գործընթացում:

«Միասին 2» ծրագրի շրջանակներում ամիսներ առաջ հայտարարվել էր «Խաղաղություն» թեմայով լուսանկարների մրցույթ, որի ընթացքում լուսանկարչությամբ հետաքրքրվող բազմաթիվ երիտասարդներ Հայաստանից, Ղարաբաղից և Ադրբեջանից ներկայացրել են «խաղաղության» իրենց լուսանկարները: Լուսանկարներն այնուհետև տեղադրվել են ծրագրի ֆեյսբուքյան էջում (Project “Together”)՝ չնշելով հեղինակների անունները և բնակության վայրը, 2013 թ. դեկտեմբերի վերջին մեկնարկել է քվեարկությունը:

Արդեն իսկ ամփոփվել են քվեարկության արդյունքները, և հաղթող են ճանաչվել առավելագույն ձայներ հավաքած առաջին 3 լուսանկարները, որոնք սիրով ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը.

Կրկին չխախտելով ընդունված սկզբունքը` նշված չեն հաղթող լուսանկարների հեղինակների անունները և նրանց բնակավայրերը:

Շնորհակալություն ենք հայտնում բոլոր մասնակիցներին Ադրբեջանից, Ղարաբաղից և Հայաստանից, բոլոր քվեարկողներին, բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել խաղաղության կառուցման գործընթացում:

Նշենք, որ մրցույթի արդյունքում հաղթող լուսանկարների հեղինակները կխրախուսվեն և ապրիլին կազմակերպիչների կողմից կհրավիրվեն՝ ստանալու խորհրդանշական մրցանակներ:

Միաժամանակ, անկախ մրցույթից և դրա արդյունքներից, կազմակերպիչները իրենց պատրաստակամությունը և ցանկությունն են հայտնում՝ «Միասին 2» ծրագրի ֆեյսբուքյան էջը՝ մասնավորապես խաղաղության լուսանկարների ալբոմը ակտիվ պահելու ինչպես ծրագրի ողջ ընթացքում, այնպես էլ ծրագրից հետո: Հետևաբար խնդրում ենք մեր ընթերցողներին, գործընկերներին, բոլոր-բոլորին ցանկացած պահի ուղարկել մեզ այն լուսանկարը կամ լուսանկարները, որոնք Ձեր կարծիքով արտացոլում են խաղաղության իմաստը, միտքը, մղումը …

Խաղաղության թեմայով լուսանկարները կարող եք ուղարկել կազմակերպիչների հետևյալ էլեկտրոնային հասցեներին` info@europeanintegration.am, irinavlad2@yandex.ru, 3viewaz@gmail.com

Կանխավ՝ շնորհակալություն:

Հարգանքներով՝

«Միասին 2» ծրագրի կազմակերպչական թիմ