ԿԱՇԱՌԱԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԽՆԴԻՐ Է ՆԱԵՎ ԵՎՐՈՊԱՅԻ ՀԱՄԱՐ

Եվրոպական հանձնաժողովը հայտարարել է, որ Կաշառակերության մակարդակը Եվրամիության բոլոր երկրներում “ապշեցուցիչ” է և ԵՄ տնտեսության համար տարեկան 120 միլիարդ եվրո է արժենում:, գրում է BBC-ին: ԵՄ ներքին քաղաքականության նախարար Սեսիլիա Մալսթրյոմն իր հրապարակած հոդվածում զգուշացրել է, որ կաշառակերությունը խափանում է վստահությունը ժողովրդավարական կառույցների հանդեպ, օրինական տնտեսությունը զրկում է ֆինանսական միջոցներից և օգնում է կազմակերպված հանցավորությանը:

Եվրահանձնաժողովի առաջին նմանատիպ զեկույցում ասվում է, որ հարցմանը մասնակցած 10 գործարարներից 4-ը հայտարարել են, որ կաշառակերությունը լրջագույն խոչընդոտներ է ստեղծում Եվրոպայում բիզնեսի զարգացման համար: Ներկայացնելով զեկույցը` Սեսիլիա Մալսթրյոմը նշել է, որ “եթե լսենք Եվրամիության տարբեր երկրներում ընթացքող քաղաքական բանավեճերը, ապա տպավորություն կստեղծվի, որ կաշառակերությունը խնդիր է հանդիսանում այլ երկրների համար, սակայն իրականում դա ողջ Եվրամիության խնդիրն է”:

Ինչպես հայտարարել է ԵՄ ներքին քաղաքականության նախարարը, Եվրոպայի բազմաթիվ երկրներում համապատասխան օրենքներ կան կաշառակերության դեմ պայքարելու համար,սակայն դրանք միշտ չէ, որ կիրառվում են: Ավելին, Եվրոպայի մի շարք երկրներում բացակայում է կաշառակերության դեմ պայքարելու քաղաքական կամքը: Զեկույցի հեղինակները նաև մեջբերում են հասարակական կարծիքի երկու հարցումների արդյունքներ, որոնց համաձայն ԵՄ քաղաքացիների ավելի քան 75%-ը կարծում է, որ իրենց երկրներում կաշառակերությունը լայնորեն տարածված է: Իսկ անցյալ տարի ԵՄ երկրների բնակիչների ավելի քան 4%-ը ստիպված է եղել կաշառք վճարել:

Այս զեկույցն, իսկապես, զարմացնող է` հաշվի առնելով այս հարցում առկա համընդհանուր կարծիքը, որ Եվրոպան ազատվել է կաշառակերությունից: Նշենք, որ “Transparency International” միջազգային հասարակական կազմակերպությունն ամեն տարի հրապարակում է աշխարհի տարբեր երկրների պետական մարմիններում կաշառակերության մակարդակի վարկանիշային աղյուսակ: 2013 թվականի աղյուսակում ընդգրկվել են 177 երկրներ: Կաշառակերության մակարդակով “առաջատար” երկրներից են Սոմալին, Հյուսիսային Կորեան, Աֆղանստանը: Հայաստանն այս վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 94-րդ հորիզոնականը:

04.02.2014

Աղբյուրը՝ “Արմեդիա” ՏՎԳ