ՀՀ ՆԱԽԱԳԱՀ. ՄՏԱԴԻՐ ԵՆՔ ՀԱՍՏԱՏԱԿԱՄՈՐԵՆ ՇԱՐՈՒՆԱԿԵԼ ԵՄ ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել չեխական “Lidové noviny” (Ժողովրդական նորություններ) թերթին` Չեխիայի Հանրապետություն կատարած պետական այցի շրջանակներում: Հարցազրույցը ներկայացվում է ստորև:

Հարց – Ինչպե՞ս եք գնահատում հայ-չեխական հարաբերությունների ներկայիս վիճակը:

Սերժ Սարգսյան – Հայ և չեխ ժողովուրդների բարեկամությունը մի քանի հարյուրամյակի պատմություն ունի: Չնայած նրան, որ Չեխիայի հայ համայնքը համեմատաբար վերջերս է ձևավորվել, իսկ միջպետական համագործակցությունն ընդամենը 22 տարվա պատմություն ունի, նույնիսկ այդ կարճ ժամանակահատվածում ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում մենք փոխգործակցության որակապես նոր մակարդակի ենք հասել: Մենք կարևոր նշանակություն ենք տալիս Չեխիայի հետ համագործակցությանը ինչպես ԵՄ տարբեր նախաձեռնությունների, առաջին հերթին՝ Արևելյան գործընկերության շրջանակներում, այնպես էլ միջազգային կազմակերպությունների, ինչպիսիք են ՄԱԿ-ը, ԵԱՀԿ-ն, Եվրոպայի խորհուրդը:

Սա ամենաբարձր մակարդակի առաջին այցն է մեր երկկողմ հարաբերությունների պատմության մեջ: Պետական այցի կարգավիճակը վկայում է ոչ միայն քաղաքական երկխոսության մակարդակի, այլ նաև հեռանկարային փոխշահավետ գործընկերությունը զարգացնելու մեր տրամադրվածության մասին:

Առևտրատնտեսական համագործակցության զարգացման զգալի ներուժ կա: Այդ պատճառով էլ ես Պրահա եմ այցելել գործարարների պատվիրակության ուղեկցությամբ: Իմ այցի շրջանակներում ավելի քան տասը համաձայնագրերի ստորագրումը դրական ազդեցություն կունենա այդ ոլորտում գործընկերության զարգացման և կապերի ընդլայնման վրա:

Եթե որոշ ոլորտներում հայ-չեխական համագործակցությունը գտնվում է ձևավորման փուլում, ապա գիտության և կրթության, մշակույթի ոլորտում մենք փոխգործակցության հարուստ փորձ ունենք: Մեր հասարակությունները և ժողովուրդները դավանում են միևնույն արժեքները, ունեն մշակութային հարուստ ժառանգություն: Մշակույթի նախարարությունների միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել այս տարի Երևանում չեխական մշակույթի օրեր, իսկ մյուս տարի Պրահայում հայկական մշակույթի օրեր անցկացնելու վերաբերյալ:

Հարց – Պարոն Նախագահ, Հայաստանը որոշել է միանալ Մաքսային միությանը Ռուսաստանի հետ: Դա նշանակո՞ւմ է Եվրոպական միությանը ինտեգրման ավարտ:

Սերժ Սարգսյան – Դա ոչ մի դեպքում չի նշանակում, ինչպես Դուք եք ասում, ԵՄ-ի հետ մեր հարաբերությունների ավարտ: Մենք արդեն վաղուց արդյունավետորեն համագործակցում ենք շատ ոլորտներում և մտադրված ենք հաստատակամորեն շարունակելու մեր հարաբերությունները: Ես նկատի ունեմ բարեփոխումներն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են՝ ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդումը, մարդու իրավունքների պաշտպանությունը և այլն:

Մենք կարևոր նշանակություն ենք տալիս Եվրոպական միության հետ համագործակցությանը: Վիլնյուսյան գագաթնաժողովում ընդունված համատեղ հայտարարությամբ (Հայաստանի Հանրապետություն և ԵՄ) մենք վերահաստատեցինք Հայաստանի պատրաստակամությունը հետագայում ևս զարգացնել և ամրապնդել համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում: Հենց այնտեղ՝ Վիլնյուսում, Հայաստանի արտաքին գործերի նախարարը և ԵՄ բարձր ներկայացուցիչը նամակներ փոխանակեցին, որոնցում նշված է Հայաստան-Եվրամիություն հետագա համագործակցության օրակարգը:

Մաքսային միությանը միանալու Հայաստանի որոշումը չի նշանակում Հայաստան-ԵՄ հարաբերությունների օրակարգից հրաժարում, քանի որ Եվրոպական միության հետ մեր փոխհարաբերությունները կառուցվում են ընդհանուր արժեքների, մարդու իրավունքների հարգման, օրենքի գերակայության և ժողովրդավարական ազատությունների նկատմամբ նվիրվածության հիմքի վրա: ԵՄ-ի հետ մեր երկխոսության՝ Հայաստանում բարեփոխումների անցկացման մեր պարտավորություններին և փոխշահավետ համագործակցության ընդլայնմանը վերաբերող մասը շարունակում է մնալ որպես առաջնահերթություն մեր հարաբերությունների օրակարգում:

Եվրոպական միության հետ համագործակցության ոլորտում մենք զգալի աշխատանք ենք կատարել, էական առաջընթացի ենք հասել մեր օրենսդրության բարեփոխման, քաղաքացիական հասարակության ժողովրդավարացման ու ամրապնդման գործում: Ուժի մեջ են մտել հետընդունման և վիզաների դյուրացման, շարժունակության ոլորտում գործընկերության համաձայնագրերը, բանակցություններ են ընթանում մի շարք հատվածներում համագործակցությունը խորացնելու ուղղությամբ, ստորագրված է արձանագրություն, որը Հայաստանին ԵՄ ծրագրերին մասնակցելու հնարավորություն է ընձեռում:

Հարց – Հայաստանը ցանկանո՞ւմ է ապագայում Եվրոպական միության անդամ դառնալ:

Սերժ Սարգսյան – Նման հարց մեր օրակարգում չի եղել և այսօր էլ չկա: Շատերը նույնիսկ շփոթում էին «Ասոցացման մասին» և «Ասոցացված անդամակցության մասին» համաձայնագրերի հասկացությունները: Մեկը չի ենթադրում մյուսը: Հակառակը, Արևելյան գործընկերության նախաձեռնության մեկնարկի հենց առաջին պահից՝ հինգ տարի առաջ, այստեղ՝ Պրահայում, բոլորն ասում էին, որ այդ հասկացությունները չի կարելի շփոթել, և Արևելյան գործընկերությունը Եվրոպական միություն տանող ճանապարհ չի հանդիսանում:

Հարց – Դուք ի՞նչ եք ակնկալում Արևելյան գործընկերությունից:

Սերժ Սարգսյան – «Արևելյան գործընկերություն» ծրագրի նպատակն ի սկզբանե եղել է ընդհանուր արժեքների տեսլականը, ինչպիսիք են` իրավական պետության հիմքերի ամրապնդումը, մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների հարգանքը, համատեղ ապագայի տեսլականը: Արևելյան գործընկերությունը մեզ համար մեր եվրոպական գործընկերների հետ շփման մեխանիզմ է, մեր մշակույթների փոխներթափանցման, տնտեսական կապերի ընդլայնման, քաղաքական երկխոսության խորացման համատեքստում ընդհանուր նպատակներին և խնդիրների լուծմանը հասնելն է:

Մենք կձգտենք իրականացնել Վիլնյուսյան հայտարարությամբ ամրագրված նպատակները, որի հիման վրա մոտ հեռանկարում կձևավորվի Հայաստանի և Եվրոպական միության միջև համագործակցությունը:

Հարց – Վրաստանը՝ ձեր հարևանը, ցանկանում է դառնալ ՆԱՏՕ-ի անդամ: Դուք սատարո՞ւմ եք Կովկասում ՆԱՏՕ-ի ընդլայնմանը:

Սերժ Սարգսյան – Վրաստանի ինքնիշխան իրավունքն է, ինչպես ցանկացած այլ պետության, ընտրել անվտանգության այն համակարգը, որը լավագույնս կծառայի իր ազգային շահերին: Կցանկանայի հույս հայտնել, որ Վրաստանը կկարողանա համատեղել ՆԱՏՕ-ին անդամակցության ձգտումը և հարևան պետությունների հետ հարաբերությունները, այդ թվում՝ այն երկրների, որոնք վճռորոշ դերակատարություն ունեն մեր տարածաշրջանի անվտանգության հարցում:

Այսօրվա դրությամբ մեր հարևան երկրներից միայն մեկը՝ Թուրքիան է հանդիսանում ՆԱՏՕ-ի անդամ: Դա մեր անվտանգության համակարգը ոչնչով չի համալրում: Ավելին, չնայած Հայաստանը բավական արդյունավետորեն զարգացնում է գործընկերային հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ՝ իրականացնում է համագործակցության անհատական ծրագիր, մասնակցում Կոսովոյում և Աֆղանստանում գործողություններին, այդուհանդերձ մենք երբեք չենք նկատել, որ ՆԱՏՕ-ի մյուս անդամները, այդ կազմակերպության ձևաչափում, Թուրքիային ցույց տան, որ նա իր գործողություններով գործընկեր երկրին էական վնաս է հասցնում: Պարադոքսային է, որ մենք մեր ներդրումն ենք ունենում Հյուսիսատլանտյան դաշինքի անվտանգության համակարգում, և այդ պարագայում մեր անվտանգության համակարգին ուղղակի վնաս է հասցնում ՆԱՏՕ-ի մասնակից երկրի քաղաքականությունը:

Հարց – Ինչպե՞ս եք Դուք վերաբերում Հարավային Օսիայի և Աբխազիայի խնդիրներին:

Սերժ Սարգսյան – Գիտեք, ես կարծում եմ, որ այդ խնդիրները պետք է լուծեն իրենց հասարակությունները՝ խաղաղ և կառուցողական երկխոսության միջոցով: Հայաստանը միշտ շահագրգռված է եղել տարածաշրջանի պետությունների կայունության և համագործակցության հարցում: 2008թ. օգոստոսյան իրադարձությունների օրերին Հայաստանը շատ ծանր իրադրության մեջ էր: Հայաստանն արտաքին աշխարհի հետ կապող հաղորդակցման ուղիներն ընդհատվել էին, Ռուսաստանի հետ կային դաշնակցային հարաբերություններ և պարտավորություններ, միևնույն ժամանակ առկա էին բարիդրացիական գործընկերային հարաբերություններ Վրաստանի հետ: Ե՛վ Վրաստանում, և՛ Ռուսաստանում, և՛ Աբխազիայում ապրում են բազմաթիվ հայեր, որոնք հանկարծ հայտնվեցին բարիկադների տարբեր կողմերում: Մեզ համար դա շատ ծանր փորձություն էր:

Ամեն դեպքում, ես համոզված եմ, որ նման խնդիրները չի կարելի փորձել լուծել ուժի միջոցով: Դա միշտ բերում է մեծ ցնցումների և ողբերգությունների:

Հարց – Դուք ծնվել և մեծացել եք Լեռնային Ղարաբաղում: Արդյո՞ք Ղարաբաղը հանդիսանում է անկախ պետություն:

Սերժ Սարգսյան – Առաջին հերթին առաջարկում եմ Ձեզ այցելել Լեռնային Ղարաբաղ և բացահայտել աշխարհի հնագույն անկյուններից մեկը, ծանոթանալ հոգևոր-մշակութային բազմադարյա ժառանգությանը, զգալ Արցախի ժողովրդի ջերմ հյուրընկալությունը և հասկանալ նրա արժեքային համակարգը, սեփական փորձով ծանոթանալ արցախյան իրականությանը:

Ես վստահ եմ, որ Արցախ այցելությունից հետո, Դուք կհամալրեք աշխարհի տարբեր անկյուններից հարյուրավոր լրագրողների, հասարակական և քաղաքական գործիչների շարքը, ովքեր հիացմունքով են հիշատակում այնտեղ ապրող ժողովրդի քաղաքացիական ինքնագիտակցության բարձր մակարդակի, նրա ժողովրդավարական արժեքների, պետական իշխանության և տեղական ինքնակառավարման մարմիններում ընտրությունների անցկացման բարձր մակարդակի, պետական ինստիտուտների արդյունավետության մասին: Արցախն արդեն ավելի քան 20 տարիների ընթացքում հաջողությամբ արարում է, կառուցում ժողովրդավարական հասարակություն և պետականություն՝ հիմնվելով եվրոպական արժեքների վրա:

Նման այցերի արդյունքում լրագրողներն իրենց տեսածը փոխանցում են ընթերցողներին՝ ներկայացնելով Արցախի մասին ողջ ճշմարտությունը: Չէ՞ որ, ինչպես ասել է ականավոր չեխ գրող, դրամատուրգ, իրավապաշտպան և պետական գործիչ Վացլավ Հավելը. «Երբ ճշմարտությանը լիակատար ազատություն տրված չէ, ապա ազատությունը լիակատար չէ»: Կարծում եմ՝ հենց այդ պատճառով էլ Ադրբեջանը չի ցանկանում, որպեսզի Արցախ շատ մարդիկ այցելեն: Ղարաբաղ այցելողներին ադրբեջանցիներն ինչ-որ սև ցուցակներում են ներառում, իսկ հետո արգելում են Ադրբեջան այցելել: Բայց, վստահեցնում եմ Ձեզ, նույնիսկ այդ պարագայում Դուք կհայտնվեք աշխարհի նշանավոր մարդկանց շատ պատվավոր ցուցակում, ովքեր իրենց քաղաքացիական դիրքորոշումը բարձր են դասել սպառնալիքներից ու ահաբեկումներից:

Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ բանակցությունների առարկա է: Համանախագահների ներկայացրած առաջարկությունների տրամաբանության համաձայն, վերջնական կարգավիճակը պետք է որոշվի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ պարտադիր իրավական ուժ ունեցող կամարտահայտության միջոցով:

Հարց – Ադրբեջանի տարածքների մի մասը գտնվում է Ղարաբաղի հսկողության տակ: Ինչո՞ւ:

Սերժ Սարգսյան – Ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի արդյունքում Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի հսկողության տակ անցավ հարակից շրջանների մի մասը: Այդ հողերը բուֆերային գոտու դեր են կատարում՝ ապահովելով Լեռնային Ղարաբաղի բնակավայրերի անվտանգությունը հնարավոր հրետակոծություններից և ամրապնդելով Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի պաշտպանական դիրքերը նոր ագրեսիայի դեպքում: Ադրբեջանը մշտապես սադրում է իրավիճակը շփման գծում: Հատկապես բանակցությունների հերթական փուլի նախօրեին կամ անմիջապես դրանց ավարտից հետո, ինչպես նաև այլ պետություններից բարձրաստիճան պետական պաշտոնյաների այցերի օրերին: Բառացիորեն օրերս Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանության բանակի մարտիկները հետ մղեցին ադրբեջանական հատուկ նշանակության ջոկատի ևս մեկ դիվերսիոն հարձակում: Ադրբեջանական հետախույզների խումբը չկարողացավ իրականացնել ամիսներով ծրագրած դիվերսիան և ստիպված եղավ փախուստի դիմել՝ իր հետ տանելով մի քանի դիակ և պայթելով ականադաշտում:

Գոյություն ունեցող շփման գիծը ամրացված ինժեներական շինություններ են և ամենակարճ սահմանը, որ թույլ է տալիս ղարաբաղցիներին պաշտպանվել ադրբեջանական ղեկավարության ռազմատենչ, ծայրահեղ ազգայնամոլ, երբեմն՝ ֆաշիստական հռետորաբանության ֆոնին: Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ Ղարաբաղը և նույնիսկ Հայաստանի մայրաքաղաքը՝ Երևանը, Հռոմի հասակակիցը, ադրբեջանական պատմական հողեր են, և այդ ամենը երբևէ կբռնակցվի Ադրբեջանին: Նա այդ մասին խոսում է հրապարակայնորեն, և Ղարաբաղի իշխանություններին այլ բան չի մնում, քան «վառոդը չոր պահել»:

Հարց – Հայաստանում Ռուսաստանի ռազմաբազա կա: Ձեզ ինչի՞ց է պաշտպանում: Թուրքիայից և Ադրբեջանի՞ց:

Սերժ Սարգսյան – Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսական ռազմաբազայի գտնվելը ծառայում է մեր տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և կայունության պահպանմանը: Այդ բազան խոր պատմական արմատներ ունի, անցել է լուրջ մարտական ուղի: Բազայի մասին համաձայնագրով այն Հայաստանի Հանրապետության անվտանգության համակարգում կարևոր բաղադրիչ է՝ բոլոր ուղղություններով հնարավոր սպառնալիքների դեպքում: Վերջերս մենք Նախագահ Պուտինի հետ Գյումրի քաղաքում այցելեցինք այդ բազան:

Հայաստանը հանդիսանում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հիմնադիրներից մեկը: Ռուսաստանի հետ մեզ կապում է նաև ռազմավարական դաշնակցային գործընկերությունը, որն արտացոլված է մի ամբողջ շարք պայմանագրերում ու համաձայնագրերում: Հայաստանը հավատարիմ է անվտանգության համակարգերի համատեղման սկզբունքին և հանդես է գալիս բաժանարար գծերի դեմ՝ և´ հին, և´ նոր:

Հարց – Ադրբեջանը ուժգնորեն ամրապդնում է իր ռազմական ուժերը: Պատրաստվելով պատերազմի՞ն:

Սերժ Սարգսյան – Ցավոք, պատմության դասերը ոչ միշտ են պատշաճ կերպով հաշվի առնվում: Այսօր էլ Ադրբեջանը չի դադարում բարձր մակարդակով սպառնալիքներ հնչեցնել Հայաստանի և Արցախի հասցեին՝ արհամարհելով միջազգային հանրության կոչերը՝ ժողովուրդներին նախապատրաստել խաղաղության, այլ ոչ՝ պատերազմի:

90-ականների սկզբներին Ադրբեջանը բանակի և ռազմական տեխնիկայի թվաքանակով շատ ավելի էր գերազանցում Հայաստանն ու Արցախը միասին վերցրած, քան այսօր: Սակայն, ռազմական գործողությունների ելքի վրա ազդեց ոչ թե այդ հանգամանքը, այլ արցախցիների բարձր բարոյական ոգին և իրենց Հայրենիքը պաշտպանելու վճռականությունը: Արդյունքում, ագրեսիա սանձազերծած Ադրբեջանն ստիպված եղավ Լեռնային Ղարաբաղի ղեկավարության հետ ուղիղ բանակցությունների ճանապարհով զինադադար խնդրել:

Ե՛վ Հայաստանը, և՛ Արցախը լիովին կիսում են Մինսկի խմբի համանախագահների այն մոտեցումը, որ խնդրի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի: Մենք վստահ ենք, որ ուժի նոր կիրառումը կարող է նոր զոհերի և ավերածությունների պատճառ դառնալ, բայց երբեք չի լուծի Ղարաբաղի խնդիրը: Հուսով եմ, որ վաղ թե ուշ ողջախոհությունը կհաղթի, այդ ընկալումը կդառնա գերիշխող, և մեզ վերջապես կհաջողվի հաստատել երկարաժամկետ կայունություն և խաղաղություն մեր տարածաշրջանում:

Հարց – Ո՞րն է ամենամեծ խոչընդոտը Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման ճանապարհին:

Սերժ Սարգսյան – Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ճանապարհին հիմնական խոչընդոտն այն է, որ թուրքական կողմը չի ցանկանում պահպանել ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունները և առանց որևէ նախապայմանի Թուրքիայի խորհրդարանում վավերացնել 2009թ. Ցյուրիխում ստորագրված դիվանագիտական հարաբերություններ հաստատելու և սահմանները բացելու վերաբերյալ արձանագրությունները:

Միջազգային հանրությունը համերաշխ է Հայաստանի մոտեցման հետ՝ առանց նախապայմանների կարգավորելու Թուրքիայի հետ հարաբերությունները և համարում է, որ գնդակը գտնվում է Թուրքիայի դաշտում:

Մենք պատրաստ ենք հարաբերությունների կարգավորման գործընթացը վերականգնել, եթե թուրքական կողմը քաղաքական կամք դրսևորի և հրաժարվի նախապայմաններ առաջ քաշելու անարդյունավետ ճանապարհից: Ստորագրված արձանագրությունների իրագործումը նաև կդառնա ամբողջ տարածաշրջանում կայունության ամրապնդման կարևոր բաղադրիչ:

Հարց – Հայերը մեծ սփյուռք ունեն: Ի՞նչ է այն տալիս Հայաստանին:

Սերժ Սարգսյան – Երբ մենք խոսում ենք մեծաքանակ հայկական Սփյուռքի առկայության մասին, չպետք է մոռանանք, որ այն Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի նկատմամբ իրականացված Ցեղասպանության արդյունք է: Հաջորդ տարի կլրանա աշխարհի շատ երկրների և միջազգային կազմակերպությունների կողմից դատապարտված այդ հանցագործության 100-րդ տարելիցը: Աշխարհի բոլոր հայերը միասնական են այդ հանցագործության ճանաչմանն ու դատապարտմանը հասնելու ջանքերում: Մենք շնորհակալ ենք այն երկրների կառավարություններին, որոնք առաջին համաշխարհային պատերազմից հետո աջակցություն և օգնություն են ցուցաբերել հայերին: Այդ կառավարությունների թվում էր նաև Մասարիկի չեխոսլովակյան կառավարությունը, որը հնարավորություն տվեց հարկադիր վտարանդիներին ոչ միայն կրթություն ստանալ, այլ նաև հատուկ կրթաթոշակ տրամադրեց այդ նպատակի համար, որի շնորհիվ, օրինակ, 50 երիտասարդ հայ վտարանդիներ կարողացան կրթություն ստանալ Պրահայի և Բռնոյի համալսարաններում:

Անկախության առաջին տարիներից սկսած և մինչ այժմ մեծաթիվ մեր հայրենակիցներ անգնահատելի ներդրում են ունեցել և շարունակում են ունենալ թե´ Հայաստանի զարգացման, թե՛ Հայաստանի ու իրենց բնակության երկրների հարաբերությունների ամրապնդման գործում: Սփյուռքահայերը նաև նշանակալի ներդրում ունեն իրենց բնակության երկրների զարգացման գործում, և մենք չենք կարող դրանով չհպարտանալ:

05.02.2014

Աղբյուրը՝ President.am