Եվրաինտեգրման գինը Մոլդովայի համար

Մոլդովական Գագաուզիայում փետրվարի 2-ին տեղի ունեցավ հանրաքվե ինքնավարության հետաձգված կարգավիճակի հարցով, ինչպես նաև դրան զուգահեռ խորհրդատվական հանրաքվե, որը նպատակ ուներ պարզելու Գագաուզիայի բնակիչների մոտեցումները ինտեգրացիոն գործընթացներին: Տեղական մարմիններն անցկացված հանրաքվեն դրական են գնահատել՝ առաջին հերթին նշելով մեծ թվով բնակիչների մասնակցությունը (ավելի քան 70 տոկոս): Գագաուզիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արդեն հաջորդ օրը հանդես եկավ համապատասխան հայտարարությամբ՝ նշելով, որ հանրաքվեն անցել է “խաղաղ ու հանգիստ, առանց միջադեպերի”, ինչը հավաստել են դիտորդները, այդ թվում միջազգային: “Regnum” գործակալությունը փետրվարի 3-ին հրապարակեց նաև հանրաքվեի նախնական արդյունքները, որոնք ստացվել էին Գագաուզիայի Ազգային ժողովի մամլո ծառայությունից: Այսպիսով՝ ընտրողների մեծ մասը քվեարկել էր Գագաուզիայի հետաձգված կարգավիճակի (98.9%) և Մաքսային Միությանը ինտեգրվելու օգտին (98.47%): Մոլդովայի եվրաինտեգրման քաղաքականությանը կողմ էր արտահայտվել ընտրողների 2.77 %-ը, դեմ՝ 97.22 %:

Մոլդովական իշխանությունները Գագաուզիայում հանրաքվե անցկացնելու վերաբերյալ բոլոր հայտարարություններին պատասխանել են միանշանակորեն՝ “հանրաքվեն չի կարող ունենալ ո՛չ իրավական ուժ, ո՛չ իրավական հետևանքներ, քանի որ հակասում է Մոլդովայի օրենսդրությանը”: Երկրի կենտրոնական իշխանությունները հենց սկզբից Գագաուզիայի քայլերը որակեցին որպես բոյկոտ Մոլդովայի եվրոպական կողմնորոշմանը և ինտեգրացիոն գործընթացներին: Ավելին՝ ԶԼՄ-ներով մեծ շրջանառություն ստացան լուրերը, թե Գագաուզիայի ակտիվանալը Մոսկվայի կողմից պլանավորված և որոշակի ակնհայտ նպատակ հետապնդող քայլ էր: Այս հարցին անդրադարձավ նաև ինքնավարության ղեկավար Միխայիլ Ֆորմուզալը: “Ազատություն” ռադիոկայանին տված իր հարցազրույցում նա ներկայացրեց այն պատճառները, որոնք հիմք հանդիսացան հանրաքվեն հենց հիմա անցկացնելու համար: Ֆորմուզալը երեք հիմնական պատճառ նշեց. “Առաջին գործոնը վերջին օրերին Ռումինիայից հնչող ագրեսիվ հայտարարություններն են: Երկրորդ գործոնն այն է, որ եվրոպական ինտեգրացիայի ճանապարհին Մոլդովայի կողմից մի շարք օրենսդրական ակտեր են ընդունվել, որոնք ընդհանրապես անտեսում են Գագաուզիայի շահերը: Երրորդ կարևորագույն գործոնն այն է, որ անկախ Մոլդովայի գոյության ողջ ընթացքում Գագաուզիայի բնակչության կյանքը չի բարելավվել, այլ հակառակը՝ անընդհատ վատթարացել է նրանց կենսամակարդակը, ինչի արդյունքում աճել են արտագաղթը, աղքատությունը”:

Չնայած Գագաուզիայի կողմից անընդհատ ներկայացվող փաստարկներին և հիմնավորումներին՝ Մոլդովայի իշխանությունները հատկապես վերջին օրերին փորձ արեցին ձեռնարկել հնարավորը՝ կանխելու համար հանրաքվեի անցկացումը: Նրանք արգելափակեցին Գագաուզիայի ինքնավարություն մտնող բոլոր ֆինանսական միջոցները, Մոլդովայի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրաժարվեց քվեարկության անցկացման համար կնիք տրամադրել, իսկ Գլխավոր դատախազությունը քրեական գործ հարուցեց հանրաքվեի կազմակերպիչների դեմ: Այս բոլոր միջոցառումները, սակայն, չկարողացան արգելք լինել գագաուզների համար՝ իրենց կամքը արտահայտելու: Սակայն որքանո՞վ էր դա իրավաչափ:

1994 թվականի դեկտեմբերի 23-ին Մոլդովայի խորհրդարանի կողմից ընդունվեց օրենք՝ “Գագաուզիայի հատուկ իրավական կարգավիճակի մասին”: Սրանով Մոլդովայում ձևավորվեց ինքնավար տարածքային միավոր, որն օժտվեց նաև մի շարք լիազորություններով: Վերոնշյալ օրենքի հենց առաջին հոդվածում տրվում է Գագաուզիայի իրավական կարգավիճակը՝ Մոլդովայի Հանրապետության բաղկացուցիչ մաս հանդիսացող, հատուկ կարգավիճակ ունեցող տարածքային ինքնավար միավորում: Հետաքրքիր ձևակերպում ունի նույն առաջին հոդվածի չորրորդ կետը՝ “Մոլդովայի Հանրապետության՝ որպես անկախ պետության կարգավիճակի փոփոխության դեպքում Գագաուզիայի բնակչությունն ունի ինքնորոշվելու իրավունք”: Օրենքի մեջ հստակ նշված են նաև այն հարցերը, որոնց շրջանակներում որոշումներ, օրենքներ ընդունելու իրավասությունը տրված է տեղական մարմիններին: Այսպես՝ 12-րդ հոդվածում շարադրված են Գագաուզիայի բարձրագույն օրենսդիր մարմնի՝ Ազգային ժողովի իրավասությունները, որոնց մեջ, ի թիվս այլնի, մտնում է նաև մասնակցությունը Մոլդովայի վարած արտաքին և ներքին քաղաքականությանը այն հարցերի շրջանակներում, որոնք առնչվում են Գագաուզիայի շահերին, ինչպես նաև տեղական մակարդակով հանրաքվեների կազմակերպումն ու անցկացումը Գագաուզիայի իրավասությունների շրջանակներում գտնվող հարցերի առնչությամբ:

Իրավական առումով Գագաուզիայի կողմից հանրաքվեի անցկացումը ընկալելի է և խնդիրներ չի առաջացնում, հատկապես եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ կենտրոնական իշխանությունների համար ամենացավոտ հարցը, որն ինտեգրացիոն կողմնորոշումներին է վերաբերում, քվեարկության է դրվել խորհրդատվական հանրաքվեի շրջանակներում: Նման հանրաքվեն չի ենթադրում պարտադիր իրավական հետևանքների առաջացում, այլ իր բնույթով նպատակ ունի բացահայտել բնակչության դիրքորոշումը, մոտեցումները այս կամ այն հարցի առնչությամբ: Պետական բոլոր մարմինների, պաշտոնատար անձանց, հաստատությունների, քաղաքացիների և նրանց միավորումների համար պարտադիր ուժ ունեն միայն որոշիչ հանրաքվեի ակտերը:

Գագաուզիայի ինքնավարության շրջանակներում հանրաքվեի անցկացումը իրավաչափ են համարում նաև հանրաքվեի ընթացքին հետևած միջազգային դիտորդները: Գագաուզիայի 10 բնակավայրերում տեղակայված 18 ընտրատեղամասերում մոնիթորինգ անցկացնող Բելգիայից, Լեհաստանից, Բուլղարիայից, Հունգարիայից ժամանած միջազգային դիտորդական խումբը մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ հանրապետության անկախության կորստի դեպքում ինքնավարության ինքնորոշվելու իրավունքը երաշխավորված է օրենքով և չի կարող կասկածի տակ դրվել: Փետրվարի 2-ին բազմաթիվ ցույցեր և հավաքներ կազմակերպվեցին նաև Մոլդովայի տարբեր քաղաքներում, ինչպես նաև Մոսկվայում՝ ի աջակցություն Գագաուզիայի բնակչության կամարտահայտման:

Ամեն դեպքում ակնհայտ է, որ այսօր Մոլդովայում ստեղծված իրավիճակը որոշակիորեն ազդեցություն է կրում նաև դրսից՝ նպատակ ունենալով հստակ ազդակներ հաղորդել Մոլդովայի իշխանություններին: Պատահական չէ, որ վերոհիշյալ իրադարձությունները սկսեցին զարգանալ Արևելյան գործընկերության Վիլնյուսյան գագաթաժողովից հետո, որտեղ Մոլդովան նախաստորագրեց Ասոցացման ու Խորը և Համապարփակ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրերը ԵՄ-ի հետ: “Ազատություն” ռադիոկայանի փոխանցմամբ ավելի վաղ այս առնչությամբ հայտարարությամբ էր հանդես եկել նաև ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը. “”Մոլդովա” անունով գնացքը, որը շարժվում է դեպի Եվրոպա, կարող է մի երկու վագոն կորցնել”՝ նկատի ունենալով Մերձդնեստրը և Գագաուզիան:

Հերմինե Մխիթարյան

Աղբյուրը` “Արմեդիա” ՏՎԳ