ՄԻԵԴ-ում կայացավ “Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի” գործի լսումը


Երեկ՝ փետրվարի 5-ին, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատում կայացավ “Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի” գործի լսումը: Գործով հայցվորը մինչև 1992 թվականը բնակվում էր Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղում և 1992-ին ստիպված էր լքել իր տունը՝ հայ-ադրբեջանական հակամարտության ու ռազմական գործողությունների պատճառով:

Գործով հայցվորը 1929 թվականին ծնված Մինաս Սարգսյանն է, սակայն, քանի որ վերջինս 2009 թվականին մահացել է, նրա որդին և դուստրն են ճանաչվել գործով իրավահաջորդներ: Սարգսյանների իրավունքները ՄԻԵԴ-ում ներկայացնում էին Ֆիլիպ Լիչը, Նարինե Գասպարյանը, Արման Ալոյանը և Վահե Գրիգորյանը: Որպես երրորդ կողմ ներգրավված էր նաև Հայաստանի Հանրապետությունը, որը ներկայացնում էր ՀՀ գլխավոր դատախազ, ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանը:

Դատական նիստի բացումից հետո առաջինը ելույթ ունեցավ Հայցվոր կողմը ներկայացնող Ֆիլիպ Լիչը՝ փաստական հանգամանքները և դիմումատուների պահանջները ներկայացնելով: Նա նշեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդյունքում սկսված պատերազմի ժամանակ Գյուլիստանը ռմբակոծվել է ադրբեջանական զինված ուժերի կողմից և գյուղի ողջ բնակչությունը՝ ներառյալ դիմումատուն և իր ընտանիքը, ստիպված են եղել լքել Գյուլիստանը, սակայն այնուհետև հնարավորություն չեն ունեցել հետ վերադառնալ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանն ընդունում է փաստը, որ Գյուլիստանը գտնվում է իր հսկողության տակ, հետևաբար պարտավոր է այդտեղ ևս ապահովել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով նախատեսված իրավունքները: Սակայն Ադրբեջանը մինչև օրս ոչինչ չի արել հայցվորների պահանջները բավարարելու և Կոնվենցիայով նախատեսված նրանց իրավունքները, առաջին հերթին՝ սեփականության իրավունքը, պաշտպանելու համար: Հայցվոր կողմը որպես հիմնավորում առաջ բերեց ՄԻԵԴ նախադեպային «Իլասկուն ընդդեմ Մոլդովայի» գործը:

Դիմումատուն պնդում է, որ ադրբեջանական իշխանությունների կողմից իր նկատմամբ խախտվել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 1-ին արձանագրության 1-ին (սեփականության իրավունք), ինչպես նաև 8-րդ (անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունքը), 13-րդ (իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքը), 14-րդ (խտրականության արգելման) հոդվածները: Հայցվոր կողմը, հիմք ընդունելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի (անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքի արգելում), 8-րդ (անձնական և ընտանեկան կյանքը հարգելու) և 9-րդ (մտքի, խղճի և դավանանքի ազատության իրավունք) հոդվածների դրույթները, բողոքում է նաև Ադրբեջանում հայկական գերեզմանատների նկատմամբ իրականացվող վանդալիզմի և ոչնչացման դեմ։ Այս առնչությամբ Սագսյանների ներկայացուցիչ Նարինե Գասպարյանը նշեց նաև, որ Ադրբեջանի կառավարությունը պետք է հոգ տաներ հայցվորների ազգականների` Գյուլիստանում գտնվող գերեզմանների մասին, այնինչ արվել է ճիշտ հակառակը՝ գերեզմաններն ավիրվել և վանդալիզմի են ենթարկվել։

Հայցվորների պահանջների պաշտպանությամբ հանդես եկավ նաև գործով որպես երրորդ կողմ ներգրավված Հայաստանի Հանրապետությունը: Գևորգ Կոստանյանը անդրադարձավ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի առաջին արձանագրության 1-ին հոդվածին (սեփականության իրավունք)՝ նշելով, որ Հայաստանի կառավարությունը ևս պնդում է, որ տեղի է ունեցել սեփականության իրավունքի խախտում. Գյուլիստանը, որտեղ ապրում են Սարգսյանները, գտնվում է Ադրբեջանի ամբողջական վերահսկողության ներքո: Այս առնչությամբ Գևորգ Կոստանյանը առաջարկեց հետազոտական առաքելություն իրականացնել, ինչը կօգնի նաև գործով վճիռ կայացնել: Հայաստանյան կողմը պաշտպանեց նաև հայցվորների այն պնդումները, թե տեղի է ունեցել Կոնվենցիայի 14-րդ հոդվածի (խտրականության արգելման) խախտում՝ որպես ապացույց բերելով Ռամիլ Սաֆարովի կողմից հայ սպա Գուրգեն Մարգարյանի կացնահարումը, ինչից հետո ոճրագործը հերոսացվեց սեփական երկրում:

“Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի” գործով պատասխանողը Ադրբեջանի կառավարությունն էր, որի ներկայացուցիչների հիմնական պնդումները հիմնված էին նրա վրա, թե Ադրբեջանը չունի ամբողջական վերահսկողություն Գյուլիստանում, քանի որ այն գտնվում է հայ-ադրբեջանական շփման գծում, իսկ տարածքը ականապատված է: Պատասխանող կողմի պնդմամբ տարածքը խիստ վտանգավոր է և կառավարությունը չի կարող ապահովել այնտեղ բնակվող քաղաքացիների անվտանգությունը:

Դատարանի որոշումը հիշյալ գործով կհրապարակվի ավելի ուշ, ինչի մասին կողմերին լրացուցիչ կերպով կտեղեկացվի:

Աղբյուրը՝ “Արմեդիա” ՏՎԳ