“ԱՆԱՀԻՏ” ԼԻԱՄԵՏՐԱԺ ԱՆԻՄԱՑԻՈՆ ՄՈՒԼՏՖԻԼՄԻ ՊՐԵՄԻԵՐԱՆ ՍԱՐԵՐԻ ՀԵՏԵՎՈՒՄ ՉԷ

Հայկական մուլտարտադրության մեջ նոր որակ ապահովող «Ռոբերտ Սահակյանց պրոդաքշն» ստուդիայի «Անահիտ» լիամետրաժ անիմացիոն մուլտֆիլմը գրեթե պատրաստ է:

Ղազարոս Աղայանի համանուն հեքիաթի` մոտ 90 րոպե տևողությամբ էկրանավորված տարբերակը վերջնական տեխնիկական շտկումներից հետո 2014 թվականի նոյեմբերին կհայտնվի մեծ էկրանին: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Անահիտ»-ի համահեղինակ Դավիթ Սահակյանցը նշեց, որ մնացել են ընդամենը 10-12 րոպե տևողությամբ նկահարանումներ, արդեն ձայնագրվել են հինգ երգերից երեքը:

«Անահիտի» հեղինակները հույս ունեն, որ դեռ 2010 թվականից մեկնարկած աշխատանքով իրենց կհաջողվի նոր խոսք ասել հայկական մուլտարտադրության պատմության մեջ, քանի որ մուլտՖիլմն իր ձեւաչափով կլինի նոր լիամետրաժ հեքիաթ, որը պահպանել է արտասահմանյան և հայակական անիմացիային բնորոշ բոլոր առանձնահատկությունները, նորագույն մոտեցումները: «Հույս ունենք, որ ֆիլմը կսիրվի ավելի շատ, քան կքննադատվի, և դրական կարծիքները կգերակշռեն»,-նշեց մուլտիպլիկատորը:

Նրա հավաստմամբ՝ իրենք ջանքեր չեն խնայել, որպեսզի «Անահիտ»-ը համապատասխանի երեխաների ժամանակակից հետաքրքրություններին` պահպանելով ու էկրանից փոխանցելով հեքիաթին բնորոշ «կախարդանքը»: Ստեղծման ընթացքում մուլտֆիլմը փոփոխվում է, համալրվում ոչ միայն տեխնիկապես, այլև բովանդակային առումով: «Փոփոխություններն անխուսափելի են, մենք աշխատում ենք շտկել յուրաքանչյուր՝ անգամ աննշան թերություն»,- ընդգծեց Սահակյանցը:

Նախատեսվում է, որ «Դիսնեյ»-ի չափանիշներին համապատասխանող «Անահիտ»-ն առաջիկայում` 2014 թվականի ավարտին կամ 2015 թվականի սկզբին, կներկայացվի միջազգային փառատոների: Մուլտֆիլմը առանձնանալու է նաև երաժշտական առումով:

«Անահիտ»-ում հնչելու են հատուկ գրված նոր երգեր: Ֆիլմի չորս երգերի երաժշտությունը հեղինակել է կոմպոզիտոր Արմեն Մարտիրոսյանը, մեկը` Վարդան Զադոյանը: Հեքիաթի սիրված հերոսները մուլտֆիլմում խոսելու են Ռաֆայել Քոթանջյանի, Հրանտ Թոխատյանի, Շուշան Պետրոսյանի, Նազենի Հովհաննիսյանի, Վարդան Զադոյանի, Խորեն Լեւոնյանի ձայներով: Մուլտֆիլմի երգերը հնչելու են Շուշան Պետրոսյանի, Գոռ Սուջյանի, Տիգրան Պետրոսյանի, Նիկ Էգիբյանի, Հասմիկ Կարապետյանի, «Ակունք» ազգագրական անսամբլի կատարմամբ:

Որպես անիմացիոն լիամետրաժ մուլտֆիլմ` «Անահիտ»-ը երրորդն է հայկական մուլտարտադրության մեջ` Ռոբերտ Սահակյանցի «Պանդոկ»-ը և Արման Մանարյանի «Սասունցի Դավիթ» մուլտֆիլմերից հետո: «Անահիտի» ստեղծմանը մեծապես աջակցում են «Շարմ հոլդինգ» ընկերությունը, «Լույս» հիմնադրամը, Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը: Ֆիլմի ստեղծման առաջին փուլում երկու երգ ձայնագրելու գործում աջակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամը:

Մուլտֆիլմը նկարահանվում է ՀՀ մշակույթի նախարարության պատվերով:

07.02.2014

Հեղինակ՝ Տաթևիկ Գրիգորյան

Աղբյուրը՝ “ԱՐՄԵՆՊՐԵՍ”