ԵՄ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԽՈՒՄԲԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ԽԹԱՆԵԼ ՄԻՋԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

2014թ. փետրվարի 7-ին ՀՀ Ազգային ժողովի շենքում ՀՀ-ում ԵՄ խորհրդատվական խումբը (ԵՄԽԽ) կազմակերպել էր սեմինար Եվրոպական Միությունում միջխորհրդարանական համագործակցության մասին: Ինչպես նշված է ԵՄ խորհրդատվական խմբի մամլո հաղորդագրության մեջ, սեմինարին բացման խոսքով հանդես եկան Արտակ Զաքարյանը` ՀՀ Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը, և Դիրկ Լորենցը` Հայաստանում ԵՄ պատվիրակության քաղաքական, տնտեսական, մամուլի և տեղեկատվության բաժնի ղեկավարը:

Սեմինարի նպատակն էր բարձրացնել իրազեկությունն ազգային խորհրդարանների դերի ու միջխորհրդարանական համագործակցությունից բխող օգուտների վերաբերյալ, ինչպես նաև ներկայացնել առաջարկություններ այն մասին, թե ինչպես կարելի է ամրապնդել առկա կապերը ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) և ԵՄ անդամ երկրների ազգային խորհրդարանների ու Եվրոպական խորհրդարանի միջև: Սեմինարի ընթացքում ներկայացվեցին ԵՄ անդամ երկների խորհրդարանների միջև խորհրդարանական համագործակցության իրավական հիմքերը և միջխորհրդարանական բազմակողմ համագործակցության զանազան մարմինների դերերը:

Սեմինարը նախատեսված էր միջխորհրդարանական համագործակցությամբ զբաղվող ԱԺ մշտական հանձնաժողովների անդամների, ՀՀ-ԵՄ Խորհրդարանական համագործակցության հանձնաժողովում ու Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ պատվիրակությունների անդամների և ԱԺ աշխատակազմի համապատասխան անդամների համար:

ԵՄ խորհրդատվական խումբը ստեղծվել է 2009թ. ապրիլին` աջակցելու Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ձեռնարկված քաղաքական և տնտեսական բարեփոխումների իրականացմանը: Համաձայն Եվրոպական հարևանության քաղաքականության գործողությունների ծրագրի, ԵՄ խորհրդատվական խումբը բարձր մակարդակի և հատուկ մշակված խորհրդատվություն է տրամադրում մարդու իրավունքների, հանրային կառավարման ոլորտի բարեփոխումների և ազատ առևտրի համաձայնագրի շուրջ:

07.02.2014