ԵԽ-Ն ԵՎ ԵՄ-Ն ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏԵԼ ԵՆ ՀԱՅ ԴԱՍԱՎԱՆԴՈՂՆԵՐԻ

Եվրոպայի խորհուրդը ավարտել է հայ փաստաբաններից և իրավապաշտպաններից ընտրված 30 դասավանդողների վերապատրաստումը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի (ՄԻԵԿ) և Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի (ՎԵՍԽ) կիրառման հարցերի շուրջ` գլխավորապես ուշադրություն դարձնելով խտրականության չափանիշներին: Վերապատրաստման չորս փուլերից վերջին եռօրյա վերապատրաստումը տեղի է ունեցել Երևանում՝ Էրեբունի պլազա բիզնես կենտրոնում՝ ս.թ. փետրվարի 6-ից 8-ը:

Վերապատրաստման համար մրցույթի միջոցով ընտրված շուրջ երեսուն փաստաբաններ և իրավապաշտպաններ հետագայում իրենց փորձը կփոխանցեն իրենց գործընկերներին՝ 2014թ. մարտ ամսից մեկնարկող հաջորդական դասընթացների ընթացքում: Նոր հավաստագրված դասավանդողները կշարունակեն դասավանդել նաև Եվրոպայի խորհրդի և Եվրոպական միության համատեղ ծրագրի ավարտից հետո:

«Լիահույս եմ, որ դասավանդողները կշարունակեն կատարելագործել ստացված գիտելիքները և հմտությունները, որպեսզի հաջողությամբ իրականացնեն հաջորդական դասընթացները, ինչը հնարավորություն կտա նշանակալիերոն ամրապնդել հայ փաստաբանների և իրավապաշտպանների կարողությունները խտրականության չենթարկվելու իրավունքը կիրառելու հարցում», նշեց պրն. Օլեքսանդր Պավլյուկը՝ Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարը: Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության դեկավար պրն. Տրայան Հրիսթեան ընդգծեց Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի և Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի կիրառման կարևորությունը և դասավանդողներին մաղթեց հաջողություններ իրենց գիտելիքները փոխանցելու հարցում: Հավելելով, ՀՀ փաստաբանների պալատի նախագահ պրն. Արա Զոհրաբյանը ողջունեց շրջանավարտներին և կարևորեց նրանց հետագա ակտիվ մասնակցությունը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի դրույթների իրազեկման գործում` մասնավորապես խտրականության թեմաների շուրջ: ՀՀ փաստաբանների պալատը հանդիսանում է տեղական մակարդակով այս ծրագրի հիմնական գործընկերը:

Այս միջոցառումը կազմակերպվել է ԵՄ և ԵԽ համատեղ «Փաստաբանների և իրավապաշտպանների կարողությունների ամրապնդումը՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի (ՄԻԵԿ) և Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի (ՎԵՍԽ) ներպետական կիրառման նպատակով» ծրագրի շրջանակներում: Հիշատակված տարածաշրջանային ծրագրի իրականացումն ընդգրկում է Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Մոլդովան, Ռուսաստանի դաշնությունը և Ուկրաինան:

10.02.2014