Ի՞նչ ուղով է շարունակվելու Արևելյան գործընկերության ծրագիրը

ԵՄ-ն խորացնում է դիֆերենցված մոտեցումն Արևելյան գործընկերության երկրների նկատմամբ: Միաժամանակ խթանվում են ինստիտուցիոնալ կապերի ամրապնդումն ու համագործակցությունը տարբեր ոլորտներում: Այդ մասին ասված է ԵՄ Արտաքին հարաբերությունների խորհրդի նիստում քննարկված փաստաթղթում:

Փետրվարի 10-ին Բրյուսելում տեղի է ունեցել ԵՄ անդամ-երկրների Արտաքին գործերի նախարարների հանդիպումը կամ ԵՄ Արտաքին հարաբերությունների խորհրդի նիստը, որի օրակարգում ընդգրկված են եղել նաև Արևելյան գործընկերությունն ու այդ ուղղությամբ քաղաքականության հետագա զարգացումը:

Նիստի ամփոփիչ փաստաթղթում Արևելյան գործընկերությանն անդրադարձը սահմանափակվում է Ուկրաինայում առկա վիճակի գնահատմամբ և այդ ուղղությամբ ԵՄ հետագա քայլերի սահմանմամբ, ինչպես նաև ուկրաինական տարբեր ուժերին ուղղված կոչերով: Ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ:

Բացի այդ՝ քննարկման համար շրջանառության է դրվել ևս երկու փաստաթուղթ՝ Շվեդիայի կողմից նախագծված «20 թեզեր Արևելյան գործընկերության վերաբերյալ Վիլնյուսից հետո» և Լեհաստանի կողմից նախագծված փաթեթը:

Առաջին փաստաթուղթն անդրադառնում է ԱլԳ-ի վերաբերյալ PR բաղադրիչի ընդլայնմանը, տարբեր ոլորտներում գործընկեր երկրների հետ հարաբերությունների խորացմանը, ինչպես նաև ամրագրում է Մոլդովայի և Վրաստանի հետ օգոստոսին Ասոցացման համաձայնագրերի ստորագրման կարևորությունն ու դրանից հետո նախատեսում մշակել «Եվրոպական փաթեթ»՝ որպես հաջորդ քայլ: Անդրադարձ է կատարվում նաև Հայաստանին. նշվում է գործընկերության և համագործակցության համաձայնագրի նորացված տարբերակի մշակման անհրաժեշտությունը: Ուկրաինայի հետ նշվում է լայն սպեկտրով աշխատանքների շարունակման կարևորությունը: Ադրբեջանի և Բելառուսի հետ աշխատանքի շարունակականությունը նույնպես կարևորվում է. առանձնացվում է քաղբանտարկյալների հարցը:

Շվեդական նախագծի տակ իրենց ստորագրությունն են դրել ևս 12 երկրներ՝ Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Բուլղարիան, Ռումինիան, Հունգարիան, Լեհաստանը, Չեխիան, Սլովակիան, Ֆինլանդիան, Լիտվան, Լատվիան և էստոնիան:

Ամբողջական փաստաթուղթը հայերեն թարգմանությամբ հասանելի է հետևյալ հղմամբ:

Քննարկման է դրվել նաև Լեհաստանի կողմից մշակված մեկ այլ փաստաթուղթ, որը, Լեհաստանի ԱԳՆ կայքի փոխանցմամբ, առաջարկում է ԵՄ-ին ավելի լավ օգտագործել Արևելյան գործընկերության ֆոնդերը բարեփոխումների խթանման համար: Խորհուրդ է տրվում ֆինանսավորումը կիրառել «ավելին ավելիի դիմաց» սկզբունքին համահունչ՝ առավելություն տալով ավելի մեծ ջանքեր գործադրող գործընկեր երկրներին: Ըստ այդմ, առաջարկվում է 2014-2020 թթ. ԵՄ բյուջեում Վրաստանին և Մոլդովային համեմատաբար ավելի մեծ հատկացում տրամադրել: Նշվում է, որ ԵՄ աջակցությունը պետք է ուղղված լինի գյուղատնտեսության և գյուղերի զարգացմանը: Ըստ EUObserver կայքի՝ Լեհաստանն այդ փաստաթղթով կոչ է անում «հարաբերման արդյունավետ ռազմավարություն մշակել՝ լայնորեն բացատրելու՝ ինչ է անում ԵՄ-ն և ինչու», և «կոնկրետ ծրագրեր իրականացնել ԵՄ-ի հովանու ներքո»: Ուկրաինայի առնչությամբ նշվում է եվրոպամետ պոտենցիալի առկայությունն ու այդ հատվածին եվրոպական աջակցություն տրամադրելու անհրաժեշտությունը:

Փաստաթղթերից ոչ մեկում անդրադարձ չի կատարվում ԵՄ ընդլայնման տեսլականին:

Նշենք, որ այս երկու փաստաթղթերը տարածվել են NON-PAPER կարգավիճակով, ինչը նշանակում է, որ դրանք մշակվում են խթանելու համար որոշ հարցերի շուրջ քննարկումները և չեն ներկայացնում այն մշակող ինստիտուտի կամ երկրի պաշտոնական դիրքորոշումը: Այս փաստաթուղթը չունի պաշտոնական կարգավիճակ, բայց կարևոր է քննարկումների համար և թույլ է տալիս դրանք վարել հստակ ուղղությամբ: Դրանք նաև օգտագործվում են այս կամ այն հարցի վերաբերյալ ԵՄ անդամ երկրների դիրքորոշումները պարզելու համար:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Շվեդիայի կողմից առաջարկված փաթեթի տակ իրենց ստորագրությունն են դրել ԵՄ անդամ ևս 12 երկրներ, և որ վերջինս հիմք է հանդիսացել ԱլԳ հետագա զարգացման վերաբերյալ քննարկումների համար՝ դրանում ներառված դրույթներն ու մոտեցումներն առնվազն այս պահի դրությամբ արտացոլում են ԱլԳ վեց երկրների հետ ԵՄ հարաբերությունների շարունակման միտումներն ու ուղղությունները: Չբացառելով քննարկումների ընթացքում դրանց փոփոխության հավանականությունը՝ պետք է նշել, որ հաշվի առնելով անցած ուղին՝ ԵՄ-ի հետագա քաղաքականությունն առավել դիֆերենցված մոտեցում է ցուցաբերելու վեց երկրներին՝ միաժամանակ չանտեսելով և ուշադրության կենտրոնից բաց չթողնելով դրանցից ոչ մեկը: Վեց երկրներից յուրաքանչյուրի հանդեպ մոտեցումն ու առաջարկվող ուղին, ըստ էության, տարբերվում են՝ բխելով տվյալ երկրի նկրտումներից և հռչակած քաղաքական կուրսից:

Այս փաստաթղթում հետաքրքրական է նաև ինտեգրացիոն գործընթացների վերաբերյալ Ռուսաստանի հետ երկխոսություն ծավալելու պատրաստակամության դրսևորումը: Իսկ Ընդհանուր տնտեսական տարածքի ընդլայնման մտադրությունը, այդ թվում՝ Եվրոպայից այն կողմ, հաշվի առնելով նաև ՌԴ նախագահ Պուտինի կողմից վերջերս հնչած համատեղ տնտեսական տարածք ստեղծելու առաջարկը, կարող է տարածվել նաև ՌԴ-ի վրա: Դրա հետ մեկտեղ կարևորվում է ԱլԳ երկրների նկատմամբ նոր ճնշումների դեպքում պատրաստված լինելու հարցը: Ուստի Ռուսաստանի հետ երկխոսության հաստատմանը զուգահեռ՝ ԵՄ-ն նախապատրաստում է նաև պաշտպանական քաղաքականությունը:

Աննա Կարապետյան

Աղբյուրը՝ “Արմեդիա” ՏՎԳ