“Եվրոպական ինտեգրացիա” ՀԿ-ն ընդունում է դիմում-հայտեր

“Եվրոպական ինտեգրացիա” հասարակական կազմակերպությունը վերսկսում է “Երիտասարդության ձայնը” ծրագիրը, որի նպատակն է բարձրացնել երիտասարդ մասնագետների ներգրավվածությունը քաղաքականության մեջ և նպաստել նրանց մասնագիտական կայացմանը ոչ ֆորմալ կրթության միջոցով: Ծրագրի հիմնական թեմաներն են ՀՀ և ԼՂՀ արտաքին քաղաքականության գերակա ուղղությունները և արդի մարտահրավերները, ղարաբաղյան կարգավորման գործընթացը, կոնֆլիկտի կարգավորման կարծրատիպերը և հաղթահարման հնարավորությունները, Հայաստան-ուժային կենտրոններ հարաբերություններ, եվրաինտեգրում, ինտեգրացիոն այլ գործընթացներ, միջազգային ասպարեզում տիրող իրավիճակ:

Ծրագիրը շարունակվում է փոփոխված և ընդլայնված ձևաչափով: Այն ենթադրում է ամսական մեկական հանդիպում (ոչ-աշխատանքային օրվա ընթացքում՝ մոտ 4 ժամ տևողությամբ), որը բաղկացած է ծրագրի թեմատիկ ծածկույթից որևէ ոլորտի փորձագետի դասախոսությունից և գործնական աշխատանքից (բանավեճեր, դերային խաղեր, խմբային աշխատանքներ, քննարկումներ և այլն):

“Երիտասարդության ձայնը” ծրագրի այս՝ ընդլայնված ձևաչափին հրավիրվում են մասնակցելու ինչպես նախորդ փուլերի մասնակիցները, այնպես էլ հայտարարվում է նոր մասնակիցների ընդունելություն 10 տեղի համար:

Ծրագրին մասնակցելու համար կարող են դիմել մինչև 35 տարեկան քաղաքագետներ, միջազգայնագետներ, լրագրողներ, պատմաբաններ, տնտեսագետներ, հոգեբաններ և այլ ակտիվ երիտասարդներ, ովքեր մշտապես բնակվում են ՀՀ-ում:

Եթե ցանկանում եք մասնակցել ծրագրին, կարող եք info@europeanintegration.am էլեկտրոնային հասցեին ուղարկել Ձեր ինքնակենսագրականը (CV) և հակիրճ շարադրանք, թե ինչու եք ցանկանում մասնակցել “Երիտասարդության ձայնը” ծրագրին: Խնդրում ենք հայտերն ուղարկել “Ծրագրին մասնակցության հայտ” նշումով: Քանի որ տեղերի քանակը խիստ սահմանափակ է, ստացված դիմում հայտերը կենթարկվեն նախնական ուսումնասիրության, ինչից հետո համապատասխան թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:

Հայտերի ընդունման վերջնաժամկետը ս.թ. փետրվարի 25-ն է:

Կանխավ շնորհակալություն,

“Եվրոպական ինտեգրացիա” ՀԿ