Թուրքիայի եվրոպական արժեքների ու չափանիշների դավանումը Հայաստանի միակ երաշխիքն է

Ներկայացնում ենք “Եվրոպական ինտեգրացիա” ՀԿ նախագահ Կարեն Բեքարյանի հարցազրույցը, որն անցկացվել է “REPAIR – Հայ–թուրքական ինտերնետային հարթակ” ծրագրի կազմակերպիչների կողմից և հրատարակվել ծրագրի կայքէջում:

-Ինչպե՞ս է Հայաստանում ընկալվում Թուրքիայի վարած արտաքին քաղաքականությունը:

-Բավական բարդ: Եթե փորձենք դա հիմնել մի քանի բանաձևերի վրա, ապա հետևյալ տեսքը կունենա: Խնդիր համար մեկ՝ Թուրքիայի արտաքին քաղաքականությունն իր հավակնությունների տեսակետից շատ ավելի առաջ է գնացել, քան նրա հնարավորություններն են: Այսինքն՝ մեծագույն ցանկությունը` նոր դերակատարում ավելի լայն ծավալով թե՛ տարածաշրջանում և թե՛ գլոբալ կտրվածքով, ժամանակ առ ժամանակ բերում է տարաբնույթ “աբսուրդների”: Որովհետև, վերջիվերջո, այդ քաղաքականությունը պետք է համահունչ լինի հնարավորությունների և քաղաքական մշակույթի հետ: Օրինակ՝ Դավութօղլուի հայտնի` «զրո խնդիր հարևանների հետ» թեզը ոչ միայն կյանքի չկոչվեց, այլև եղած խնդիրներին ավելացրեց նորերը: Սա խոսում է այն մասին, որ նույն հավակնությունները տարածվում են ավելի լայն մասշտաբով: Մեկ հավակնություններ դեպի արաբական և մահմեդական աշխարհ, մեկ Ռուսաստանի հետ միասին տարածաշրջանային Եվրասիական ենթատեքստի ներքո դերակատարում, մեկ ԵՄ անդամակցություն, մեկ էլ ԱՄՆ-ի հետ դաշնակից, բայց տարածաշրջանում մենակ խաղացող լինել: Այս անընդհատ խաղացող վիճակը ցույց է տալիս շատ մեծ հավակնություններ և դրանց համար համապատասխան հնարավորությունների բացակայություն: Երկրորդ բանաձևը, պայմանականորեն ասված, խնդիրների ճոճանակն է: Խնդիրները քիչ չեն, և դրանցից յուրաքանչյուրի միջոցով փորձում են ուշադրություն շեղել: Օրինակ՝ Կիպրոսի հետ կապված հարցը սրվում է, քրդական խնդրի հետ կապված ինչ-որ դրական քայլի “իմիտացիա” է արվում: Մինչ ուշադրությունը շեղվում է դեպի այդ կողմ, մյուս կողմում հարցը խորանում է և հայտնվում ճգնաժամի մեջ: Երրորդը ժամանակ առ ժամանակ վերջնագրերի կամ սպառնալիքի վերածվող քաղաքականությունն է: Օրինակ` ԵՄ-ի առջև վերջնաժամկետ են դրել. «Եթե մինչև 2023-ը չդառնանք ԵՄ անդամ…», և ինչ-որ սպառնալիքների շարք: Այսինքն՝ ասել, որ Թուրքիան տարածաշրջանում դերակատարում չունի, կոռեկտ չէ: Իհարկե ունի. մեծ երկիր է, ունի մեծ ազգաբնակչություն, ՆԱՏՕ-ի ամենամեծ երկիրն է ԱՄՆ-ից հետո: Ասել, որ այդ դերակատարումն այնքան է, որքան նրանք ուզում են կամ պատկերացնում, նույնպես կոռեկտ չէ:

- Միջին Արևելքն էլ է շատ կարևոր: Երբեմն Թուրքիան տարակուսում է՝ լինել ԵՄ անդա՞մ, թե՞ իշխել Միջին Արևելքում…

-Այո՛, մահմեդական աշխարհն է, որ Միջին Արևելքով չի սահմանափակվում: Թուրքիայի հավակնությունները նեղ մասշտաբով չեն սահմանափակվում:

-Թուրքիայի խաղացող արտաքին այս քաղաքականությունը երբեմն ուղղակի կամ անուղղակի կերպով անդրադառնում է նաև Հայաստանի վրա: Այս երկրի անդամակցությունը ԵՄ-ին դրական և բացասական ի՞նչ կողմեր կարող է ունենալ ՀՀ-ի համար:

-Հնարավոր երկու սցենար կա: Երբ ասում ենք ԵՄ-ի անդամակցություն դա կարող է լինել եվրոպական չափանիշներին համապատասխանելով կամ էլ քաղաքական որոշման արդյունքում: ԵՄ-ն երկու դեպքերն էլ ունեցել է: Ավելի վաղ հենց այսպես է լուծվել Հունաստանի, Պորտուգալիայի հարցը: Երբ չափանիշների որևէ լիարժեք համապատասխանություն չկա, բայց քաղաքական շահը դառնում է ավելի գերակատար: Հետևաբար, երկուսի պարագայում էլ Հայաստանի համար պատասխանը տարբեր է: Եթե դա լինի չափանիշներին չհամապատասխանելով, քաղաքական որևէ նպատակահարմարությունից ելնելով, ապա շատ բացասական կլինի ՀՀ-ի համար և վնաս կբերի: Եվ դա ոչ թե առաջին հերթին վնաս է բերելու Հայաստանին, այլ եվրոպական արժեքային համակարգին, քաղաքականությանը և տարածաշրջանին: Որովհետև, եթե նա ստացավ այդ հնարավորությունը, դա բերելու է գերագնահատման սինդրոմի: Իսկ եթե 50 կամ 100 տարի անց անդամակցի, և դա լինի չափանիշներին համապատասխան, կլինեն դրական արդյունքներ: Որովհետև անկանխատեսելի հարևան ունենալու և ինչ-որ մեծ կառույցի “գլխարկի տակ գտնվող” հարևան ունենալու մեջ էական տարբերություն կա՝ սկսած անվտանգությունից մինչև շատ այլ հարցեր: Օրինակ` հնարավոր չէ պատկերացնել այդ չափորոշիչների պարագայում փակ սահմաններ: Պատկերացնել, որ իր պատմության հետ չի առերեսվելու, նույնպես հնարավոր չէ, քանզի մարդու իրավունքների հարց կա: Այսինքն՝ դրական շատ տարրեր կան, բայց այստեղ առկա է մի ենթակետ. չափորոշիչներին բավարարելով առաջ գնալու դեպքում հայ-թուրքական խնդիրներն էլ զուգահեռաբար լուծում կգտնեն: Հակառակ պարագայում Թուրքիայի՝ ԵՄ-ում հայտնվելու պարագայում կառաջանա վտանգ, որ հայ-թուրքական հարաբերությունները կվերածվեն հայ-եվրոպական խնդրի: Այդ պատճառով Հայաստանի եվրաինտեգրման տեմպը պետք է ավելի առաջ լինի:

-Իսկ եթե դա լինի քաղաքական միտումներո՞վ:

-Սարսափելի հետևանքներ կլինեն: Ի դեպ՝ ոչ միայն Հայաստանի համար: ԵՄ-ից հիմա տեղափոխվենք Եվրոպայի խորհուրդ, և պատկերն ավելի հստակ կլինի: Օրինակ, եթե քո որևէ անդամ անընդհատ բոլոր պարտավորությունները խախտում է, և դու ընտրում ես ինչ-որ աննորմալ, բայց օբյեկտիվ միջոցներ. նրան պատժում ես, անդամակցությունից հեռացնում, բայց նաև գիտակցում, որ այդ պարագայում կորցնում ես նրա հանդեպ գերակայությունդ… Երկրորդ տարբերակը՝ չես գնում նման քայլի, և նա դառնում է վարակ կազմակերպության ներսում ու դառնում շատ մեծ գայթակղություն, որ մյուսներն էլ այդպես վարվեն: Այսպիսով՝ մեծագույն վնաս է հասցվում կառույցին: Նույնը լինելու է, եթե Թուրքիան քաղաքական միտումներով դառնա ԵՄ անդամ: Մարդու իրավունքներից ենք խոսում, բայց պետք է հաշվի առնենք, թե ինչ են անում քրդերի հետ: Չի կարելի թույլ տալ, որ որևէ մեկն ագրեսիայի ենթարկի ուրիշի տարածքը, բայց այսօր մենք պետք է հաշտվենք այն մտքի հետ, որ Հյուսիսային Կիպրոսը գրավված է նրա կողմից: ԵՄ անդամ երկիրը չի կարող խնդիր ունենալ հարևանների հետ, նա ոչ միայն հարևանների հետ խնդիր ունի, այլև ինքն իր երկրի ներսում: Այս ամենով հանդերձ, եթե Թուրքիան մտնի ԵՄ, դա կլինի իրական վարակ:

-Ի՞նչ սպասումներ ունի Հայաստանը ԵՄ-Թուրքիա հարաբերություններից:

-Հայաստանը սպասում է, որ ԵՄ-ի հետ Թուրքիայի հարաբերությունները լինեն իրատեսական, օբյեկտիվ դաշտում և նորմալ ընթացքով բանակցություններ: Եվ քանի որ Թուրքիան այսօր ունի թեկնածության կարգավիճակ, դա ենթադրում է բանակցային մեծ թվով փաթեթներ: Այդ փաթեթների և պարտավորությունների արդյունքում Թուրքիան կեվրոպականացվի: Քանի դեռ այդ գործընթացը կա, որը թեկուզ և շատ դանդաղ, երբեմն էլ տեղում դոփելով է առաջ գնում, Հայաստանի կողմից չի կարող դրական չդիտարկվել:

-Երբ խոսքը գնում է ԵՄ-ի անդամակցության մասին, շատերն ասում են՝ Հայաստանի համար լավ կլինի, քանի որ հարևան կլինենք ԵՄ-ին: Դուք սրան չանդրադարձաք: Ինչո՞ւ:

-Մտածված կերպով չանդրադարձա: Հայ-թուրքական փակ սահմանը միաժամանակ Հայաստան-ՆԱՏՕ փակ սահմանն է, դրանից ինչ-որ բան փոխվո՞ւմ է: Իհարկե՝ ո՛չ: Հետևաբար, եթե Թուրքիան ԵՄ է մտնում քաղաքական միտումներով, նույն հաջողությամբ փակ կլինի ԵՄ-Հայաստան սահմանը: Սա պատճառ չէ, այլ հետևանք: Եթե նա գնա բնական ճանապարհով, այդ սահմանը պաշտոնապես անդամ դառնալուց էլ շուտ կբացվի: Հայաստանն անհատական գործողությունների գործընկերության շրջանակում ՆԱՏՕ-ի հետ համագործակցության բավական լայն դաշտ կունենա, բայց դա ոչինչ չի փոխում, և ՆԱՏՕ-ի հետ հարևան սահմանը փակ է:

Աղբյուրը՝ “REPAIR – Հայ–թուրքական ինտերնետային հարթակ” ծրագիր