“ԵՄ-Ն ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ԱՐԵՎԵԼՅԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ԼԻՆԵԼՈՎ ԱՎԵԼԻ ԻՐԱՏԵՍԱԿԱՆ”. Ա.ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

“Եվրոպական ինտեգրացիա” ՀԿ վերլուծաբան, քաղաքագետ Աննա Կարապետյանը ԵՄ արևելյան գործընկերության նախաձեռնության հետագա ընթացքի մասին մեկնաբանություն է տվել “Արմեդիա” տեղեկատվական, վերլուծական գործակալությանը: Մեկնաբանության տեքստը ներկայացնում ենք ստորև:

-Ի՞նչ ուղով է այժմ զարգանում Արևելյան գործընկերության ծրագիրը, կարելի՞ է համարել, որ այն գործում է:

-Այո՛, անկասկած, Արևելյան գործընկերությունը շարունակում է գործող ծրագիր լինել, որի վրա բավական մեծ աշխատանք է կատարվում: Տարիների ընթացքում զարգանալով՝ ԱլԳ-ն միավորեց երկու մոտեցում՝ բազմակողմ և երկկողմ ձևաչափեր՝ հնարավորություն տալով դիֆերենցված մոտեցում ցուցաբերել գործընկեր երկրներից յուրաքանչյուրին և միաժամանակ դրանք դիտարկել որպես ամբողջություն, “խաղալ նույն կանոններով”:

Հիմնականում այս մոտեցման շնորհիվ է ծրագիրը շարունակում գործել: Բավական շատ էին նաև թերացումներն ու փոխադարձ չհասկացվածությունը, ինչն էլ խոչընդոտներ առաջացրեց ծրագրի իրականացմանը՝ առաջին հերթին խնդիրներ հարուցելով գործընկեր երկրների համար: ԵՄ ակնկալիքներն ու իրականությունը կարծես հեռու էին միմյանցից, չկար պատրաստակամություն՝ դրա համար վճարելու անհրաժեշտ գինը:

Այժմ ԵՄ-ի առաջ խնդիր է ծառացել վերանայել արդյունքները Վիլնյուսյան գագաթաժողովից հետո և նախագծել զարգացման ուղին: Փետրվարի 10-ին ԵՄ անդամ երկրների ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ շրջանառության մեջ դրվեց մի փաստաթուղթ, որում փորձ էր արվել նախագծել հետագա քայլերը: Նոր մոտեցումների մշակումն արդեն իսկ վկայում է ծրագիրը շարունակելու ԵՄ-ի ցանկության մասին: Իսկ հնարավոր մարտահրավերներին ավելի պատրաստված լինելու խնդրի շեշտումը փաստաթղթում վկայում է, որ այժմ ԵՄ-ն իր քաղաքականությունը կառուցելու է առավել իրատեսական հիմքերի վրա՝ առաջին հերթին հաշվի առնելով գործընկերների համար ստեղծվող իրավիճակը:

ԵՄ-ն խորացնում է դիֆերենցված մոտեցումն ԱլԳ գործընկերների նկատմամբ, մտադիր է շարունակել կառուցողական բազմակողմ համագործակցությունը: Ուշագրավ էր նաև Ասոցացման համաձայնագրերից ստացվող տնտեսական և այլ շահերի տարանջատման կոչը, ինչը, ըստ էության, նշանակում է անհրաժեշտության դեպքում Ասոցացման համաձայնագրի և ԽՀԱԱՀ-ի տարանջատում:

Ինչպես գիտեք, ապրիլի 23-24-ին Պրահայում ակնկալվում է Արևելյան գործընկերության երկրների ղեկավարների հանդիպումը ԵՄ ղեկավարների հետ, որն առաջինն է Վիլնյուսից հետո: Այնտեղ, ամենայն հավանականությամբ, քայլեր կարվեն հետագա համագործակցության ուղին հստակեցնելու և վեց երկրներից յուրաքանչյուրի հետ գործողությունները համաձայնեցնելու ուղղությամբ:

-Դեռ մեկ տարի առաջ Հայաստանն ԱլԳ “առաջամարտիկների” շարքում էր, այսօր իրավիճակը մի փոքր այլ է: Ի՞նչ հարթության վրա են այսօր մեր հարաբերությունները ԵՄ-ի հետ, և ի՞նչ ուղով են դրանք զարգանալու:

-Չնախաստորագրելով Ասոցացման համաձայնագիրը Վիլնյուսում՝ մենք իհարկե զիջեցինք մեր դիրքերը՝ պայմանականորեն ասած՝ Վրաստանից և Մոլդովայից ավելի ցածր հորիզանականում հայտնվելով: Սակայն դա չի նշանակում, որ մինչ այդ անցած ուղին “զրոյացվեց”, կամ մեր հետագա համագործակցությունը խաթարվեց: Թե՛ Հայաստանը, թե՛ ԵՄ-ն բազմիցս պատրաստակամություն են հայտնել շարունակելու խոր համագործակցությունը մի շարք ոլորտներում. այդ ուղղությամբ տարվում են բանակցություններ:

Մոտ ապագայում խնդիր է դրված նոր փաստաթուղթ ստորագրել, որը կամրագրի ՀՀ-ԵՄ համագործակցության հիմնական ուղղություններն ու գործիքները: Ինչպես նշված էր նաև փետրվարի 10-ին տարածված փաստաթղթում, նախատեսվում է Գործընկերության և համագործակցության համաձայնագրի թարմացում, այսպես կոչված՝ “ԳՀՀ+”-ի ստորագրում: Հաշվի առնելով, որ Հայաստանի հետ Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունները ավարտվել են, և փաստաթղթի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել՝ տրամաբանական է, որ դրա շատ դրույթներ կներառվեն նոր փաստաթղթի մեջ՝ որոշակի վերապահումներ կատարելով տնտեսական համագործակցությանն առնչվող դրույթների նկատմամբ: Սակայն դա չի բացառում համագործակցություն տնտեսական ոլորտում:

Եթե դիտարկենք ամբողջ գործընթացն ու պարբերաբար հնչող հայտարարությունները, ԱլԳ առաջատարներն այսօր Վրաստանն ու Մոլդովան են, որոնք պատրաստվում են մոտ ապագայում ստորագրել Ասոցացման համաձայնագրերը, նրանց հաջորդում է Հայաստանը, և բավական մեծ տարբերությամբ միայն Բելառուսն ու Ադրբեջանը: Ուկրաինայի հարցը դեռևս հստակ չէ, և հիմնական ուժերը կենտրոնացած են հենց այդ խնդրի կարգավորման վրա:

18.02.2014

Աղբյուրը՝ “Արմեդիա” ՏՎԳ