Ուկրաինա. իրականում ովքե՞ր են “հատել սահմանը”

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը իրավիճակի սրման մեջ մեղադրել է ընդդիմադիր ղեկավարներին, որոնք “հատել են սահմանը”՝ կոչ անելով մարդկանց զենքի դիմել: Դա “օրենքի բացահայտ խախտում է” և մեղավորները պետք է դատարանի առջև կանգնեն, որն էլ կվճռի նրանց պատիժը: Դրանից ելնելով՝ պետության ղեկավարը կոչ է արել հակամարտության խաղաղ կարգավորման ձգտող ընդդիմության առաջնորդներին հեռու մնալ արյունահեղություն սադրող ծայրահեղականներից: Հակառակ դեպքում, նրանց հետ այլ խոսակցություն կլինի, ընդգծել է Յանուկովիչն իր հայրենակիցներին ուղղված ուղերձում, որը հրապարակվել է նրա կայքում:

Ուկրաինա նախագահը խոստովանել է, որ որոշ խորհրդականներ իրեն ուժ գործադրելու տարբերակն են առաջարկում: “Սակայն ես միշտ ուժի գործադրումը համարել եմ սխալ մոտեցում: Կա առավել արդյունավետ և լավ միջոց: Այն է՝ գտնել ընդհանուր լեզու: Փոխզիջման գնալ: Պայմանավորվել”, – առաջարկել է Յանուկովիչը: Նա կոչ է արել բոլորին զերծ մնալ ծայրահեղ գործողություններից:

Նրա խոսքերով, ընդդիմության հետ արդեն ձևավորվել էր որոշակի երկխոսություն, որն սկսել էր արդյունքներ տալ, ինչի ապացույցը երկու համաներումներն էին: Սակայն, ըստ Յանուկովիչի, ընդդիմադիր ղեկավարներն այնպես արեցին, որ երկրորդ համաներման հենց հաջորդ օրը՝ փետրվարի 18-ին, իրենց կոչով զինված անկարգություններ սկսվեցին: “Ընդդիմադիրները չսպասեցին Գերագույն Ռադայի նիստի մեկնարկին, որի շրջանակներում պետք է քննարկվեին օրենքներ, որոնք կփոխեին Ուկրաինան”:

Նշենք, որ Ուկրաինայի առողջապահության նախարարության տվյալներով, Կիևում տեղի ունեցած բախումների հետևանքով փետրվարի 19-ի առավոտյան զոհերի թիվը հասել է 25-ի, տուժածներինը՝ 350-ի, որոնցից 240-ը տեղափոխվել են հիվանդանոց:

Ի դեպ, իրավիճակը լարված է ոչ միայն Կիևում, այլև Ուկրաինայի այլ քաղաքներում և շրջաններում, հայտնում է NEWSru.com-ը:

Նշենք նաև, որ աշխարհի առաջատար երկրները, ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, ԵԽ-ի, ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի բարձրասիտճան պաշտոնյաներն արդեն կոչ են արել Ուկրաինայի իրավապահներին և ցուցարարներին անմիջապես դադարեցնել բռնության նոր ալիքը: Բացի այդ, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը խոստացել է, որ Գերմանիան և Եվրամիությունը ջանք չեն խնայի Ուկրաինայի ճգնաժամի խաղաղ կարգավորման ելքի որոնման հարցում: Ի տարբերություն ԵՄ բազմաթիվ երկրների, որոնք անհրաժեշտ են համարում Ուկրաինայում ընդդիմության և իշխանությունների երկխոսության միջնորդությունը, Բելառուսը հայտարարել է, որ ինքը հնարավոր է համարում երկրում գոյություն ունեցող ներքաղական տարաձայնությունների կարգավորումը “երկխոսության միջոցով և առանց արտաքին միջամտության”:

Ընդդիմության կողմնակիցների և ոստիկանության միջև կատաղի բախումները Կիևի կենտրոնում վերսկսվել են երեքշաբթի առավոտյան: Գերագույն Ռադայի ուղղությամբ խաղաղ քայլերթը, որտեղ պետք է քննարկվեր 2004 թվականին սահմանադրության վերադառնալու հարցը, որը սահմանափակում է նախագահի լիազորությունները, վերաճել է զանգվածային անկարգությունների անմիջապես այն բանից հետո, երբ ցուցարարները հասել են կառավարական շենքերի թաղամասը պաշտպանող ոստիկաններին՝ տեղեկանալով, որ Գերագույն Ռադայում հրաժարվում են քննարկել սահմանադրության փոփոխությունը: Հիշեցնենք, որ Կիևի կենտրոնում ցույցերն սկսվել են այն բանից հետո, երբ 2013 թվականի նոյեմբերին երկրի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հայտարարեց ԵՄ հետ ասոցացման մասին համաձայնագրի նախապատրաստումը դադարեցնելու մասին:

Աղբյուրը՝ “Արմեդիա” ՏՎԳ