ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ԻՏԱԼԻԱՆ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ջովաննի Ռիչուլին, այս մասին տեղեկացնում է նախարարության մամլո ծառայությունը:

Ողջունելով նորանշանակ դեսպանին՝ Դավիթ Սարգսյանը բարձր է գնահատել հայ-իտալական գործընկերությունը՝ Իտալիան համարելով նաև Եվրամիության հետ հարաբերությունները խորացնելու կարևոր օղակ:

Հանդիպման ընթացքում քննարկվել է ֆինանսական ու տնտեսական ոլորտներում համագործակցությունն ամրապնդելու և ընդլայնելու, ինչպես նաև երկու երկրներում առկա ներուժն ամբողջությամբ օգտագործելու անհրաժեշտությունը:

Մասնավորապես խոսվեց “Հայ-իտալական առևտրաարդյունաբերական ասոցիացիայի” շրջանակներում փոխադարձ ծրագրեր իրականացնելու, գործարարների ներգրավելու և տարբեր ոլորտներում ներդրումներ կատարելու մասին:

Թե՛ նախարարը, թե՛ դեսպանը պատրաստակամություն են հայտնել անել հնարավոր ամեն բան երկկողմ հարաբերություններն էլ ավելի զարգացնելու և տնտեսական փոխշահավետ նախաձեռնություններն ավելացնելու համար:

18.02.2014