Կիպրոսի խնդիր. մոտ է արդյո՞ք հանգուցալուծումը

Երկու տարվա դադարից հետո հույն-կիպրացիների և թուրք-կիպրացիների միջև վերսկսված բանակցությունները շատերի մոտ հակամարտության վերջնական կարգավորման հույս են արթնացնում: Իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը դրանք օրինակ է բերել ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար: “Հույն և թուրք կիպրացիները հայտարարել են, որ կանցկացնեն կարգավորման լիարժեք բանակցություններ։ Ինչո՞ւ դա չի կարող տեղի ունենալ Լեռնային Ղարաբաղի դեպքում”,- իր միկրոբլոգում գրել է Ջեյմս Ուորլիքը։

Փետրվարի 11-ին տեղի է ունեցել Կիպրոսի հունական և թուրքական հատվածների ղեկավարների առաջին հանդիպումը բանակցային գործընթացում երկու տարվա դադարից հետո: Հանդիպման արդյունքում ԵՄ անդամ հանդիսացող Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադեսը և միայն Թուրքիայի կողմից ճանաչված Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության նախագահ Դերվիշ Էրողլուն հանդես են եկել համատեղ հայտարարությամբ:

Նրանք ամրագրել են դաշնային միասնական հանրապետության ձևավորման մտադրությունը: Միասնական հանրապետությունը կմիավորի կղզու հունական և թուրքական հատվածները, որոնք հանդես կգան որպես իրավահավասար մասեր: Միջազգային հարաբերություններում Կիպրոսը հանդես կգա որպես միասնական իրավական սուբյեկտ, սակայն երկու հատվածների կառավարումը կիրականացվի առանձին-առանձին: Կարգավորումը հիմնված է լինելու երկհամայնք, քաղաքական հավասարություն ենթադրող երկհատված դաշնային կարգի վրա:

Հաստատվելու է Կիպրոսի միասնական քաղաքացիություն, միաժամանակ միասնական Կիպրոսի քաղաքացիները հանդիսանալու են հույն-կիպրական կամ թուրք-կիպրական բաղկացուցիչ պետության քաղաքացիներ: Դաշնային կառավարությունը գործելու է բաղկացուցիչ պետությունների կառավարություններին զուգահեռ, լիազորությունները սահմանվելու են Սահմանադրությամբ: Արգելվում է միասնական պետության կամ դրա առանձին մասի միացումն այլ երկրի, ինչպես նաև այնպիսի միակողմանի որոշումների ընդունումը, որոնք նախատեսում են առանձնացում միասնական պետությունից:

Հայտարարությամբ ամրագրվում է, որ երկու համայնքների ղեկավարների կողմից պետք է քննարկվեն բոլոր հարցերը, արդյունքում մշակված փաստաթուղթը առանձին-առանձին հանրաքվեի կներկայացվի կղզու երկու հատվածներում: Բանակցությունների հիմքում դրված է «ոչինչ համաձայնեցված չէ, քանի դեռ համաձայնեցված չէ ամեն ինչ» սկզբունքը: Կողմերը նաև պատրաստակամություն են հայտնել իրականացնել վստահության միջոցառումներ, որոնք դինամիկ առաջընթաց կապահովեն միասնական պետության ձևավորման գործում:

Հիշեցնենք, որ Կիպրոսը բաժանվել է երկու հատվածի 1974թ.-ին, երբ հեղափոխությունից հետո իշխանության եկած ուժերը սկսեցին քայլեր ձեռնարկել կղզին Հունաստանին միացնելու ուղղությամբ: Արդյունքում Թուրքիան զորքեր մտցրեց կղզու հյուսիս: Երկու հատվածների միջև ձևավորվեց բուֆերային գոտի, որը պաշտպանվում է ՄԱԿ-ի կողմից: Կղզու հյուսիսում 1983 թ.-ին հռչակվեց Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության անկախությունը: Այժմ այն ճանաչված է միայն Թուրքիայի կողմից: Բանակցությունները պարբերաբար ընդհատումներով շարունակվում են արդեն երկար տարիներ՝ չտալով զգալի արդյունքներ:

Կղզու միավորման ամենահայտնի փորձն իրականացվել է 2004թ.-ին, երբ երկու հատվածներում քվեարկության է դրվել ՄԱԿ նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանի պլանը, որը նույնպես ենթադրում էր Կիպրոսի երկու հատվածների միավորում երկհամայնք պետության ներքո, Թուրքիան թույլտվություն էր ստանում զորքերը պահել Հյուսիսային Կիպրոսում: Թուրք-կիպրացիների մեծամասնությունը կողմ է քվեարկել առաջարկին, իսկ հույն-կիպրացիները՝ դեմ: Արդյունքում Կիպրոսի Հանրապետությունը մտել է ԵՄ կազմի մեջ որպես անկախ պետություն, իսկ հյուսիսային հատվածը շարունակել է մնալ չճանաչված պետություն, որի նկատմամբ Կիպրոսի Հանրապետությունը վերահսկողություն չի իրականացնում:

Այսօր կղզու հյուսիսային հատվածը մեծամասամբ բնակեցված է թուրք-կիպրացիներով, ինչպես նաև Թուրքիայից ներգաղթած թուրքերով: 1975 թ.-ին Վիեննայում կնքված համաձայնությամբ 140-160 հազ. հույն-կիպրացիներ հեռացել են Կիպրոսի hյուսիսից, 60 հազ. թուրք-կիպրացիներ՝ hարավից: Արդյունքում 2011թ. մարդահամարի արդյունքներով Կիպրոսի Հանրապետության բնակչությունը կազմում է 840 407 մարդ, իսկ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության բնակչությունը 2006 թ. մարդահամարի տվյալներով կազմել է 265 100 մարդ (2011թ. անցկացված մարդահամարը Հյուսիսային Կիպրոսում համարվել է անվավեր, սակայն նախնական տվյալներով դրա բնակչությունը կազմել է 294 906 մարդ): Եթե նշված մարդահամարների արդյունքները հիմք ընդունենք, ստացվում է հետևյալ պատկերը. կղզու ընդհանուր բնակչությունը կազմում է մոտավորապես 1 106 000 մարդ, որի 76%-ը հույն-կիպրացիներ են, իսկ 24%-ը թուրք-կիպրացիներ (համադրվում են 2006թ. և 2011թ. մարդահամարի տվյալները, բացի այդ՝ կղզում բնակվում են փոքր թվով նաև այլ ազգերի ներկայացուցիչներ, ուստի տոկոսային այս հարաբերակցությունը մոտավոր է):

Նոր առաջարկը, ըստ էության, առնվազն այս պահի դրությամբ քիչ է տարբերվում նախորդ փաթեթներից, այդ թվում նաև Անանի պլանից: Սակայն պետք է հաշվի առնել, որ նոր փուլի համաձայնեցված կետերը դեռևս միայն հայտարարության տեսք ունեն և ենթադրում են հետագա բանակցություններ և արդյունքում միասնական փաստաթղթի ստորագրում: Տարբերությունները հնարավոր է լինեն առավել խորքային խնդիրներում, ինչպես, օրինակ, Թուրքիայի զորքերի առկայությունը կղզում, փախստականների վերադարձի և նրանց սեփականության հարցերը և այլն: Բացի այդ՝ որոշ փորձագետներ այս բանակցային փուլի և փաթեթի յուրահատկությունը տեսնում են նրանում, որ այն մշակում են անմիջականորեն կողմերի ներկայացուցիչները, այլ ոչ թե առաջարկում միջնորդները որպես միասնական փաստաթուղթ:

Բանակցային այս փուլի վրա իրենց ազդեցությունն են ունենում, ինչպես տնտեսական ճգնաժամի արդյունքներն ու չկարգավորված իրավիճակից բխող վնասները, բաց թողնվող հնարավորությունները, այնպես էլ կողմերին աջակցող այլ երկրների քաղաքական մոտիվներն ու տարածաշրջանային, գլոբալ զարգացումները:

Հույն-կիպրացիների նախաձեռնողականությունն ու պատրաստակամությունը որոշ զիջումների բացատրվում է թե՛ երկրի ղեկավարի անձնական գործոնով, թե՛ տնտեսական խնդիրներով: Նիկոս Անաստասիադեսը, ով Կիպրոսի Հանրապետության նախագահ է ընտրվել 2013 թ.-ին, դեռևս 2004 թ.-ից կղզու վերամիավորման ակտիվ ջատագով է եղել: Նախընտրական շրջանում նա չի թաքցրել կղզին միասնական տեսնելու իր ձգտումները: Բացի այդ՝ հաշվի առնելով ԵՄ-ի և մասնավորապես՝ Կիպրոսին մշտապես աջակցող Հունաստանի ծանր տնտեսական վիճակը, այսօր կղզին ունի տնտեսական լուրջ խնդիրներ: Ծովային շելֆում վերջերս հայտնաբերված գազի բավական մեծ պաշարը կարող է որոշակիորեն բարելավել վիճակը, եթե հաղթահարվեն հումքահանության և Եվրոպա արտահանման խնդիրները, ինչը զգալիորեն բարդանում է կղզու բաժանված լինելու պարագայում: Կղզու հյուսիսային հատվածը նույնպես տուժում է չճանաչվածությունից և դրանից բխող տնտեսական շրջափակումից:

Պակաս կարևոր չեն նաև Հունաստանի և Թուրքիայի դիրքորոշումները, որոնք մշտապես մեծ ազդեցություն են ունեցել կողմերի վրա: Ի դեպ, առաջին անգամ բանակցությունների ընթացքում բանակցողներին պաշտոնապես թույլատրվում է առանձին-առանձին խորհրդակցություններ անցկացնել Աթենքի և Անկարայի հետ:

Թե՛ Թուրքիան, թե՛ Հունաստանը ողջունել են բանակցությունների վերսկսումն ու համաձայնության ձեռքբերումը:

Հունաստանը հայտարարել է, որ հնարավորության սահմաններում աջակցություն կցուցաբերի, երբ այս ծրագիրը քննարկվի ՄԱԿ ԱԽ-ում: Երկրի ԱԳ նախարար Էվանդելոս Վենիզելոսը փետրվարի 11-ին հայտարարել է. «Այս օրը Կիպրոսի համար հատուկ նշանակություն ունի, քանի որ ոչ միայն երկու համայնքների ղեկավարները, այլև ամբողջ միջազգային հանրությունը ընդունում է, որ կիպրացի ժողովրդի ձեռքերում է իր ապագային առնչվող կարևոր հարցերի լուծումը, և որ որոշումները կկայացվեն անմիջականորեն հանրաքվեի ժամանակ առանց որևէ միջնորդների»:

Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն հանդիպման նախօրեին հայտարարել է, որ Կիպրոսի խնդիրը չի կարող հավերժ շարունակվել, և փակուղին այլընտրանք լինել չի կարող: «Կիպրոսի վերաբերյալ պետք է վերջնական որոշում կայացվի»,- ասել է Դավութօղլուն: Իսկ հանդիպումից հետո արված հայտարարությունում Թուրքիայի ԱԳՆ-ն նշել է, որ Թուրքիան կանի իրենից կախված ամեն բան, որ բանակցային գործընթացը բարեհաջող ավարտվի:

Կիպրոսի տնտեսական վիճակի բարելավումն ու կղզու նկատմամբ վերահսկողության վերականգնումը, որպես Կիպրոսի Հանրապետության դաշնակից, համահունչ է Հունաստանի շահերին: Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա Կիպրոսի խնդիրը նրա՝ ԵՄ-ին անդամակցության գործընթացի հիմնական խոչընդոտներից մեկն է: Բացի այդ, թուրք-կիպրական համայնքը կանի հնարավորը Թուրքիայի ազդեցության լծակները կղզում պահպանելու համար, այդ պարագայում խնդրի կարգավորումը Թուրքիայի համար ազդեցության գոտի կստեղծի անմիջականորեն ԵՄ տարածքում: Պետք է նկատի ունենալ նաև «թուրքական ճոճանակի» էֆեկտը՝ քաղաքական մի շարք խնդիրներից մեկում կառուցողական կեցվածքի ներքո քայլերի կոշտացումն այլ հարցերում: Ուստի կիպրական խնդրում Թուրքիայի կառուցողականությունը կարող է հիմք ստեղծել այլ հարցերում, օրինակ՝ նույն քրդական խնդրում առավել կոշտ լուծումների համար:

ԱՄՆ-ն ևս այժմ էապես շահագրգռված է Կիպրոսի հարցի արագ լուծմամբ: ԱՄՆ-ն հետաքրքրված է Միջերկրականի այս հատվածում կայունություն ապահովել, որտեղ նրա երկու հիմնական դաշնակիցները՝ Իսրայելն ու Թուրքիան, կկարողանան ամրապնդել իրենց դիրքերը, և բացի այդ, լրացուցիչ հնարավորություններ կստեղծվեն էներգետիկ զարգացման համար: Պատահական չէ , որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին ակտիվ ներգրավվածություն ունեցավ բանակցային այս փուլի վերսկսման հարցում:

Այսպիսով՝ թե՛ խնդրի անմիջական կողմերի, թե՛ գործընթացում ներգրավված այլ երկրների ձգտումը վերջնական լուծում տալ այս հարցին բավական մեծ է: Բացի այդ, համատեղ հայտարարությունն ու դրանով բանակցային հետագա գործընթացի հիմքերի ամրապնդումն ի սկզբանե որոշակիություն են մտցնում բանակցային գործընթացում: Սակայն պետք է հաշվի առնել, որ կողմերի անհամաձայնություններն ու սկզբունքային մոտեցումներն առանձին հարցերի վերաբերյալ քիչ չեն, բացի այդ՝ 2004թ.-ի փորձը ևս վկայում է գործընթացի ոչ լրիվ կանխատեսելի լինելու մասին:

Հաշվի առնելով ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահի հայտարարությունը կիպրական օրինակի վերաբերյալ՝ անդրադառնանք նաև ղարաբաղյան հակամարտության պարագայում զուգահեռների անցկացման և դրանց համար անհրաժեշտ պայմանների հարցին:

Ուորլիքի հայտարարությունը ԼՂՀ-ում և Ադրբեջանում տարբեր կերպ մեկնաբանվեց: Ադրբեջանն օգտագործեց առիթը ևս մեկ անգամ ակնարկելու համար, որ ղարաբաղյան հարցում, ինչպես և Կիպրոսում, հարկ է ցուցաբերել միջհամայնքային մոտեցում (բանակցություններ Ղարաբաղի այսպես կոչված հայկական և ադրբեջանական համայնքների միջև), իսկ ԼՂՀ-ն նկատեց իր՝ բանակցային սեղան վերադառնալու անհրաժեշտության ամրագրում: Ուստի երկու գործընթացների միջև զուգահեռներ տեսնելու փորձերի իմաստով դիտարկվում են համեմատման երկու տարբեր մոդելներ՝ բանակցություններ Ղարաբաղի այսպես կոչված հայկական և ադրբեջանական համայնքների միջև կամ բանակցություններ Ադրբեջանի և ԼՂՀ-ի միջև:

Առաջին դեպքում Կիպրոսի Հանրապետությունը նույնացվում է ԼՂՀ-ի հետ, իսկ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը ԼՂՀ այսօրվա տարածքից հեռացած ադրբեջանցիների հետ (զարմանալի է իհարկե- բայց և այնպես՝ տարածքը մարդկանց հետ): Տվյալ դեպքում պետք է հաշվի առնել, որ Կիպրոսի Հանրապետությունն արդեն իսկ երկար տարիներ շարունակ միջազգային իրավունքի լիիրավ սուբյեկտ է, միջազգային կազմակերպությունների՝ այդ թվում ՄԱԿ-ի, ԵՄ-ի լիիրավ անդամ, ունի երկկողմ և բազմակողմ իրավապայմանագրային զարգացած դաշտ, որոնք երաշխավորում են իր գոյությունը որպես անկախ և սուվերեն պետության: Ուստի որոշակի զիջումները Հյուսիսային Կիպրոսին և լիազորությունների մասնակի բաշխումը՝ ընդհուպ մինչև հավասարություն, չեն սպառնում նրա գոյությանը որպես անկախ պետություն ոչ ներկայումս, ոչ առնվազն մոտ ապագայում: ԼՂՀ-ի դեպքում իրավիճակը լիովին այլ է, վերջինիս անկախությունը մինչ օրս ճանաչված չէ որևէ երկրի կողմից և չկան այն հիմքերը, որոնք կապահովեն ԼՂՀ գոյությունն ու անվտանգությունը նման զիջման պարագայում: Ղարաբաղյան հակամարտության համար կիպրական օրինակի կիրառումն այս ասպեկտով ընդունելի և տրամաբանական կլինի առնվազն ԼՂՀ-ին Կիպրոսի Հանրապետության հետ կարգավիճակով հավասարեցնելու պարագայում միայն (այսինքն՝ ԼՂՀ ուղղակի և անվերապահ լիարժեք միջազգային ճանաչման):

Երկրորդ դեպքում Ադրբեջանը նույնականացվում է Կիպրոսի Հանրապետության, իսկ ԼՂՀ-ն Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության հետ: Այս դեպքում կարգավորման այս սցենարը բավականին մոտ է 1998թ. առաջարկված «Ընդհանուր պետություն» կարգավորման փաթեթին, որը մերժվեց Ադրբեջանի կողմից, քանի որ վերջինս պատրաստ չէր բավական լայն լիազորություններ տալ Ղարաբաղին, ուր մնաց թե կառուցել ֆեդերատիվ պետություն հավասարության սկզբունքի ներքո: Ուստի այս մոտեցման պարագայում կիպրական օրինակը շատ հեռու է կիրառական լինելուց Ղարաբաղյան հակամարտության դեպքում:

Այսպիսով՝ ամերիկացի համանախագահի հայտարարությունը կիպրական օրինակի վերաբերյալ ամենից տրամաբանական է դիտարկել որպես բանակցային գործընթացում շոշափելի առաջընթացի կոչ, միգուցե՝ հանրությունների տրամադրությունները ստուգելու փորձ, բայց ոչ ավելին:

Հակառակ դեպքում կարելի է եզրակացնել, որ կամ գործընթացը գնում է դեպի ԼՂՀ միջազգային ճանաչում, կամ Ադրբեջանը ցանկություն ունի վերադառնալու «Ընդհանուր պետություն» փաթեթի կամ նրա որևէ վերափոխված տարբերակի դիտարկմանը:

Աննա Կարապետյան

Աղբյուրը՝ “Արմեդիա” ՏՎԳ