ԷՇԹՈՆԸ ԿԻԵՎՈՒՄ ԿՔՆՆԱՐԿԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒՆ ԵՎ ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆՆ ԱՋԱԿՑԵԼՈՒՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՀԱՐՑԵՐ

Ուկրաինայում տիրող քաղաքական ճգնաժամի երկարաժամկետ լուծումն իր մեջ ներառում է սահմանադրական բարեփոխումներ, նոր կառավարության ձևավորում՝ հաշվի առնելով բոլոր կողմերի շահերը, և ժողովրդավարական ընտրությունների անցկացման համար պայմանների ստեղծում,- հայտարարել է Գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը, հավելելով, որ ԵՄ-ն իր ուշադրության կենտրոնում է պահում երկրում տեղի ունեցող քաղաքական գործընթացները։ Այս մասին հայտնում է ԵՀԳԳ

Շաբաթ օրը հրապարակված հայտարարության մեջ Էշթոնը բոլոր կողմերին կոչ է արել հետևել օրենքի գերակայության սկզբունքին և շարունակել «կառուցողական երկխոսությունը՝ բավարարելու համար ուկրաինայի ժողովրդի օրինական ժողովրդավարական ձգտումները»։ Եվրամիությունը հույս ունի, որ Ուկրաինան«պատասխանատվություն հանդես կբերի՝ պահպանելու համար երկրի միասնականությունը, ինքնիշխանությունը, անկախությունը և տարածքային ամբողջականությունը»,- հավելել է նա։

Էշթոնը ողջունել է նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի ազատ արձակումը ավելի քան երկուսուկես տարվա բանտարկությունից՝ այդ իրադարձությունը համարելով երկրում արդարադատությանն առնչվող պրոբլեմների լուծման կարևոր քայլ։

Գերագույն հանձնակատարը երկուշաբթի օրը պետք է հանդիպեր հիմնական պատասխանատուների հետ՝ քննարկելու համար քաղաքական ճգնաժամը հնարավորինս արագ հաղթահարելուն և տնտեսական իրավիճակը կայունացնելուն վերաբերող հարցեր,-ասված է մամուլի հաղորդագրության մեջ։

25.02.2014

Աղբյուրը՝ ԱլԳ Տեղեկագիր