ՀՀ-ԵՄ հարաբերությունների նոր հիմքեր են մշակվում

ՀՀ-ն և ԵՄ-ն համաձայնեցնում են գործողությունների նոր ծրագիրն ու համագործակցության հիմքերն ապահովող պայմանագիրը: ՀՀ-ում կշարունակի գործել ԵՄ Խորհրդատվական խումբը:

Երեկ ՀՀ ազգային անվտանգության խորհրդի նիստի ժամանակ քննարկվել և հավանության է արժանացել «Եվրոպական հարևանության քաղաքականության Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական միություն գործողությունների ծրագրի կատարումն ապահովող 2014-2015թթ. միջոցառումների ցանկի» նախագիծը: Ինչպես նշել է ՀՀ ազգային անվտանգության խորհրդի նախագահ Արթուր Բաղդասարյանը, ծրագիրն իրենից ներկայացնում է շուրջ 160 ուղղություններով բարեփոխումների շարունակականությունն ապահովող միջոցառումներ, «որոնք ընդգրկում են մեր երկրի պետական և հանրային կյանքի բոլոր ոլորտները»: Այն պետք է հիմք ապահովի ՀՀ-ԵՄ համագործակցության նոր փաստաթղթի ստորագրման համար, որը նախատեսվում է պատրաստել մինչև դեկտեմբերին նախանշված ԵՄ Խորհրդի նիստը:

Ինչպես մինչ այդ արդեն իսկ հայտարարվել էր, ԵՄ-ն նախատեսում է թարմացնել ՀՀ-ԵՄ համագործակցության հիմք հանդիսացող Գործընկերության և համագործակցության համաձայնագիրը, որը կնքվել է 1999թ.-ին: Հիշեցնենք, որ դրա հիման վրա հետագայում մշակվել և իրականացվել է ՀՀ-ԵՄ գործողությունների երկու ծրագիր՝ ԵՀՔ գործողությունների ծրագիրը Հայաստանի համար (2006-2011) և Հայաստանի Ազգային ինդիկատիվ ծրագիրը (2011-2013): Վերջինիս ավարտից հետո նախատեսվում էր ստորագրել Ասոցացման համաձայնագիրն ու մշակել Ասոցացման Գործողությունների ծրագիր: Այժմ, սակայն, տեղի ունեցած փոփոխություններից հետո, ենթադրվում է երկու փաստաթղթերի թարմացում՝ ԳՀՀ-ն պետք է նորացվի` հաշվի առնելով Ասոցացման համաձայնագրի համաձայնեցված դրույթներն ու այդ ուղղությամբ արդեն իրականացված աշխատանքը, և համապատասխանաբար պետք է կազմվի գործողությունների նոր ծրագիր:

Փետրվարի 25-ին տեղի ունեցած Հայաստանում-ԵՄ խորհրդատվական խմբի խորհրդի 15-րդ նիստի ժամանակ պարզ դարձավ, որ թեև Հայաստանում ԵՄ խորհրդատվական խմբի գործունեության ժամկետի ավարտվել է, հայաստանյան կողմը դիմել է խմբի առաքելությունը շարունակելու խնդրանքով և ստացել դրական արձագանք: Արթուր Բաղդասարյանն առանձնացրել է այն երեք հիմնական ոլորտները, որոնցում Հայաստանը կզգա եվրոպացի փորձագետների խորհրդատվության անհրաժեշտությունը՝ Գոգավանի, Բավրայի, Բագրատաշենի անցակետերի արդիականացում, հանցագործությունների այլընտրանքային պատժի մեխանիզմների փորձնական ներդրում և ԵՄ-ի հետ տնտեսական համագործակցություն՝ հաշվի առնելով Մաքսային Միությանը ՀՀ անդամակցություն գործընթացը:

«ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայատանին: Ինչ վերաբերում է բարձրաձայնած հարցերին, ասեմ, որ նման աջակցություն նույնպես կցուցաբերվի, սակայն ԵՄ մասշտաբային ծրագրերի շրջանակներում: Չնայած, մեթոդները հարկ է քննարկել»,- ասել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան:

Աղբյուրը՝ «Արմեդիա» ՏՎԳ