Մոլդովան և Հայաստանը կարող են հրաժարվել մուտքի արտոնագրերից

Առաջիկայում հնարավոր է նոր համաձայնագիր ստորագրվի Հայաստանի և Մոլդովայի կառավարությունների միջև՝ մուտքի արտոնագրերի ռեժիմի պարզեցման մասին: Այս մասին Regnum գործակալության թղթակցին մարտի 4-ին հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամլո քարտուղար Տիգրան Բալայանը՝ հավելելով, որ նոր համաձայնագրի առաջարկը ներկայացրել է մոլդովական կողմը:

Հիշեցնենք, որ նախկինում ևս Մոլդովայի Հանրապետություն մեկնելու համար ՀՀ քաղաքացիներից չէր պահանջվում մուտքի արտոնագրի ձեռքբերում և, համապատասխանաբար, Մոլդովայից ևս առանց վիզայի գալիս էին Հայաստան: Երկու երկրների միջև վիզային ռեժիմը կարգավորող նոր համաձայնագրի անհրաժեշտությունը, ամենայն հավանականությամբ, պայմանավորված է Մոլդովայի և ԵՄ-ի միջև Ասոցացման և Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու վերաբերյալ կնքվելիք համաձայնագրերի հետ: ԵՄ-ի հետ ձեռք բերված համաձայնությունների ուժով Մոլդովայի քաղաքացիները արդեն այս տարվա հուլիսի 1-ից կարող են առանց մուտքի արտոնագիր ձեռք բերելու մեկնել ԵՄ երկրներ:

Regnum գործակալության փոխանցմամբ՝ Մոլդովայի եվրաինտեգրման քաղաքականությամբ է պայմանավորված նաև այն, որ վերջինս պատրաստվում է հրաժարվել դեռ 1992 թվականին կնքված “ԱՊՀ տարածքում անդամ երկրների քաղաքացիների ազատ տեղաշարժի մասին” Բիշկեքյան համաձայնագրից, և հետևաբար այս երկրների հետ վիզային ռեժիմը կարգավորող նոր երկկողմ պայմանագրեր կնքելու կարիք ունի:

Ինչպես արդեն նշել ենք, Հայաստանի հետ նոր համաձայնագրի նախագիծը կքննարկվի մարտի 6-ի ՀՀ կառավարության նիստի ընթացքում: Քննարկվող համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության և Մոլդովայի քաղաքացիների համար նախատեսում է առանց մուտքի արտոնագրի տվյալ երկիր մուտքի հնարավորություն, սակայն երկրում մնալու ժամկետը սահմանափակ է՝ առավելագույնը 90 օր:

Աղբյուրը` “Արմեդիա” ՏՎԳ